
Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) զեկույցի վերաբերյալ այսօր «Ուրբաթ» ակումբում մեկնաբանություններ տվեցին «Միացում» նախաձեռնության անդամներ Ալեք Ենիգոմշյանը և Զարուհի Փոստանջյանը:
Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ հայաստանյան մամուլը և հասարակական քաղաքական շրջանակները, ըստ էության, չեն անդրադարձել Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, որը լույս է տեսել ապրիլի 14-ին, չնայած այնտեղ հստակ երևում է Ճգնաժամային խմբի հանձնարարականները Հայաստանին: Դրանք հիմնականում ամփոփված են 4 կետերում, որոնք մեկնաբանեց բանախոսը. Առաջինը` քննարկվող փաթեթի ընդունումը, վավերացումը և իրագործումն է, որն իր մեջ պետք է ներառի սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաև երկկողմանի հանձնաժողովների հաստատում: Նաև Հայաստանին հանձնարարվում է հեռու մնալ ցեղասպանության ճանաչման հետ կապված այնպիսի հայտարարություններից և քայլերից, որոնք կարող են ընդվզում առաջացնել Թուրքիայի հասարակության և հանրային կարծիքի համար:
Ըստ Ալեք Ենիգոմշյանի` երկրորդ հանձնարարականը հորդորում է Հայաստանին ընդունել Մինսկի համանախագահների առաջարկած սկզբունքները և Ադրբեջանում հայկական ուժերի կողմից գրավված տարածքներից դուրս բերել մեր ուժերը: Երրորդը` պաշտոնապես Հայաստանին հանձնարարվում է հստակորեն ճանաչել Կարսի պայմանագրով կցված պայմանները և դրանով հստակեցնել, որը Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայի նկատմամբ: Ավելին, Հայաստանին խորհուրդ է տրվում շարունակել 1915 թ.-ի դեպքերի շուրջ ուսումնասիրությունները համալսարաններում և դրանցում ներառել թուրք պատմաբաններին:
Այն, որ զեկույցում ներառված է հայ բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքերը, ըստ որի` ակնկալվող հայ-թուրքական համաձայնությունում կլինի մի կետ, որտեղ երկու երկրները կճանաչեն միմյանց այսօր գոյություն ունեցող սահմանները, դժգոհության տեղիք է տալիս բանախոսի մոտ. «Հղում է արվում հայ բարձրաստիճան պաշտոնյայի, և 9 օրվա ընթացքում մենք ոչ մի հերքում չենք նկատել հայկական կողմից»,- ասաց Ա. Ենիգոմշյանը,- հայտարարելով, որ նախնական համաձայնությունը կնքվել է, Հայաստանը փաստացի գնացել է կապիտուլյացիայի: Մենք այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանը ընդունում է Թուրքիայի հետ այսօր գոյություն ունեցող և 1921 թ.-ի Կարսի պայմանագրով գծված սահմանները և դրանով առնվազն ընդունում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Ցեղասպանության տարեդարձի նախաշեմին, բացի Ճգնաժամային խմբի զեկույցից, Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հետ համատեղ տարածած հայտարարությունը դավաճանական քայլ էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, քանի որ «հայ ժողովուրդն իր բովանդակ ներկայացուցիչների շնորհիվ բազամթիվ տարիների ընթացքում քրտնաջան աշխատանք է տարել այլ պետությունների խորհրդարանական ներկայացուցիչների հետ, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը»:
«Միացյալ նահանգների ճանաչման գործընթացի ներհոսքի մեջ գտնվելու ժամանակահատվածում, երբ Բարաք Օբաման հստակ խոստում է տվել, թե ինքը ինչ պետք է ասի ցեղասպանության օրվա կապակցությամբ, մեկ օր առաջ մեր իշխանություններն այնպես են անում, որ Բարաք Օբաման նման արտահայտությունը իրավունք ունենա արտահայտել` հղում կատարելով նրան, որ հայերը և թուրքերը իրար հետ ջերմ հարաբերությունների մեջ են»,- վստահ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը գնահատելով թուրքամետ և թուրքանպաստ` Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է արձագանքեին այդ զեկույցին, որը հետագայում հիմք է ծառայելու որևէ կարևոր փաստաթղթի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել