HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստաընկերություններում «ինֆորմացիոն էկոլոգիական խնդիր» կա

Այսօր «Հայելի» ակումբում դեռահասների վրա ԶԼՄ ազդեցության շուրջ բանավիճեցին  ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, գրող Մարինե Պետրոսյանը եւ հոգեբան Սվետլանա Հարությունյանը: Հեռուստատեսության ազդեցությունը բաժանելով երեք մասի` հեռուստածրագրեր, ֆիլմեր և գովազդ,  հոգեբան  Սվետլանա Հարությունյանը նշեց, որ այսօր ոչ մի զտում հեռուստատեսությունը չի կատարում. չեն իրականացվում ոչ մոնիտորինգ, ոչ ուսումնասիրություններ, որպեսզի պարզեն հեռուստատեսության ազդեցությունը հատկապես դեռահասների վրա: «Այսօր մենք ունենք ինֆորմացիոն էկոլոգիայի խնդիր, ճիշտ այնպես, ինչպես  շրջակա միջավայրի էկոլոգիական խնդիրներն են, որը անգամ 10 տոկոսով չի լուծվում»,-ասաց հոգեբանը: Հոգեբանի խոսքերով, ի տարբերություն նախադպրոցական տարիքի, դեռահասները կարող են որոշել` ինչ նայեն և ինչ` ոչ: Սակայն ցուցադրվող ֆիլմերում չափից շատ ագրեսիվություն կա: Իսկ դա բերել է նրան, որ այսօր դեռահասների մոտ ագրեսիան չափազանց բարձր է, որում ոչ վերջին դերը հեռուստատեսությանն է: Ըստ համապատասխան ուսումնասիրությունների` աշխարհում դեռահասները մեկ տարվա ընթացքում դիտում են մինչև 4 000 ագրեսիայի տեսարաններ, որը նրանց դեռ չձևավորված հոգեկանի վրա մեծ ազդեցություն է թողնում: Մարինե Պետրոսյանն էլ կարծում է, որ ագրեսիան միշտ չէ, որ բացասական է, քանի որ այն մարդուն դրդում է  գործողություն կատարել, չհաշտվել իրականության հետ: «Մեր կյանքում և երիտասարդության մեջ շատ ավելի վտանգավոր է կոմֆորմիզմը, իսկ ինքը եթե բողոքի, դրանից վնասն ավելի քիչ է, քանի օգուտը»,-ասաց Մ.Պետրոսյանը: Թե ֆիլմերը, թե ծրագրերը, ըստ հոգեբան Սվետլանա Հարությունյանի, արտացոլում են ոչ միայն իրականությունը, որն առկա է այսօր Հայաստանում, այլև նրանք ձևավորում են այդ իրականությունը, և նրա կարծիքով` այնքան էլ ճիշտ չէ ամեն ինչ մանրակրկիտ ցուցադրել, որովհետև դա հուսահատության և անելանելիության զգացմունք է ծնում: Անահիտ Բախշյանը, որպես երկար տարիների փորձ ունեցող մանկավարժ, կարևորեց կրթության ոլորտից այս ամենի բարեփոխումը սկսելը: Որպեսզի հեռուստատեսությունում լինի ընտրություն, ըստ Մ.Պետրոսյանի՝ պետք է դրական կերպար լինի, որն այսօր չկա: «Որոգայթի» Հովոն է դարձել ամենադրական կերպարը: Ի դեպ, Անահիտ Բաղշյանը խոստովանեց, որ նույնպես նայում է «Որոգայթը», ինչպես ինքն է ասում` ժամն է հարմար: Սվետլանա Հարությունյանը կարծում է, որ անհրաժեշտ է դաշտում լուրջ ուսումնասիրություններ կատարել, թե ինչպիսի իրավիճակ է տիրում այսօր հեռուստաոլորտում` հոբեբանության տեսանկյունից: «Գրիգոր Ամալյանի հանձնաժողովը պիտի անի, որն անգործության է մատնված: Հանրային հեռուստատեսությունը բյուջեից 10 մլն դրամ է ստացել հասարակական կարծիքի ուսումնասիրման համար:  Գումար նախատեսվում է, բայց իրականում ի՞նչ է արվում, և այդ ուսումնասիրության արդյունքում մենք ռեալ պատկեր հաստատ չունենք: Այդտեղից էլ եզրակացնում ես, որ այսօր Հանրային հեռուստատեսությանը չի հետաքրքրում, թե իր հաղորդումների արդյունավետությունն ինչպիսին է, ում վրա ինչպե՞ս է ազդում և այլն»,-ամփոփեց Ա. Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter