HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ ընտանիքներին տրված հողակտորները գազատարի վրա են

abovyanԵրիտասարդ ընտանիքներին աջակցելու Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետի իրագործած ծրագիրն այժմ գլխացավանք է դարձել «8-րդ միկրոշրջան, 5-րդ թաղամաս»-ում հողակտոր ձեռք բերած անձանց համար: 2008թ-ին Աբովյան քաղաքի վերոնշյալ 6 հեկտար կազմող թաղամասը ձևավորվեց աճուրդով ձեռք բերած հողատարածքների միջոցով: Մոտ մեկ ամիս առաջ, գարնան բացվելուն պես, 5-րդ թաղամասում հողատարածք ստացողներից մեկն իր տարածքի վրա նախնական շինարարական աշխատանքներ սկսեց, սակայն պարզվեց` այդտեղից անցնում է 40 սմ տրամագծով միջին ճնշման գազատար խողովակ: Գազատարի գոյության փաստն անհանգստացրել է սեփականատերերին, այժմ նրանք չգիտեն, թե ինչպես է լուծվելու գազատարի հարցը և արդյոք իրենք կարողանալու են սկսել շինարարական աշխատանքները: «8-րդ միկրոշրջան, 5-րդ թաղամաս»-ում 705 հազար դրամով 400 մետր հողակտոր է ձեռք բերել նաև Գևորգ Ղուկասյանը,  ով հաստատեց, որ իրենցից և ոչ մեկը տեղյակ չի եղել այդ տարածքով անցնող գազատարի մասին: «Մեզ քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն է ասել, որ այդտեղից խողովակ է անցնում: Մենք գնալու ենք քաղաքապետի մոտ, որ տեսնենք ինչ են ասելու»,-ասաց Գևորգ Ղուկասյանը: Աբովյան քաղաքի գազի ծառայության շրջագայող փականագործներից մեկն է նկատել, որ գազատարի վրա սկսել են իրականացնել նախնական շինարարական աշխատանքներ: «Հայռուսգազարդի» Աբովյան քաղաքի մասնաճյուղը ահազանգել է Աբովյանի քաղաքապետարան: «Գազատարի վրա շինարարություն անել ընդհանրապես չի կարելի, շենքի հիմքն առնվազն 4 մետր պետք է հեռու լինի գազատարից: Միջին ճնշման գազատարն ունի անվտանգության գոտիներ, որոնք  պետք է պահպանվի: Օրինակ` գազատարի առանցքից նվազագույնը 4-ական մետր հեռավորություն պետք է պահպանվի, որպեսզի հնարավոր լինի սպասարկել այդ գիծը: Վթարի դեպքում ինչպե՞ս ենք  վերականգնելու: Այդ հողաբաժանումն անօրինական է, որովհետև մեր հետ համաձայնություն չի եղել»,- վստահ է «Հայռուսգազարդի» Աբովյան քաղաքի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Բալաբեկ Բարսեղյանը: Աբովյանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սոս Խեչոյանի կարգադրությամբ շինարարական աշխատանքները դադարեցվել են: 400 մմ տրամագծով միջին ճնշման գազատարը կառուցվել է 1987թ.-ին և սնուցում է 3-4-րդ  և 7-8-րդ միկրոշրջանները, ինչպես նաև այդ տարածքում տեղակայված 50-ից ավել օբյեկտներ ու արդյունաբերական ձեռնարկություններ: «8-րդ միկրոշրջան, 5-րդ թաղամաս»-ում մոտ 150 հողակտոր կա, և 12 հողամասերի միջով անցնում է գազատարը, որի երկարությունը կազմում է մոտ 800 մետր: Սոս Խեչոյանն ասում է, որ հողահատկացումը կատարելիս` նախորդ ղեկավարությունը չի նկատել գազատարը: «Նրանք պարզաբանում են այնպես, որ նախագծային փուլում գազի տեխնիկական գծերը չի երևում, տեխնիկական գծագրերի մեջ պետք է գազի գծերը երևար, ինչպես ասենք` հոսանքի գծերը և այլն: Մենք ունենք Աբովյանի գլխավոր հատակագիծ, որտեղ ամեն ինչ կա` որտեղով ինչ է անցնում, երևի դրանով են սահմանափակվել, որ չկա: Ուրիշ պատճառաբանություն չկա, պարզապես ուշադիր չեն եղել»,-ասում է Աբովյանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը: Միևնույն ժամանակ Սոս Խեչոյանը հաստատեց, որ հողահատկացումների ժամանակ պարտադիր որոշ գործողություններ են կատարվում, հանույթի, ռելիեֆի հետազոտություններ են արվում, տեղանքն են ուսումնասիրում: «Դա նախագծային պատվեր է, գլխավոր ճարտարապետն է պատվիրում, որպեսզի հատակագիծ արվի տեղանքի համար, բոլոր կոմունիկացիոն գծերը պետք է երևա հանույթային փուլում, բայց ինչքան ես գիտեմ, իրենք առաջնորդվել են Աբովյան քաղաքի քարտեզներով, որտեղ բոլոր հանույթային աշխատանքներն արված են, իրենք արդեն հավելյալ պատվեր չեն տվել այդ հանույթային աշխատանքների համար: Եվ վստահ լինելով, որ ոչ մի բան չկա`  հատկացումներ են արել,-կարծում է քաղաքաշինության բաժնի պետը,-որպեսզի նորից ծախսեր չանեն` հետազոտելու համար, թաղամասը նախագծել են: Անփութություն է եղել, մեղավորներ չկան, սրանք փաստաթղթեր են, որոնք պետք է վերջնական տեսք ունենային, բոլոր կոմունիկացիաները պետք է երևային»,-«Հետքին» ցույց տալով Հայնախագծի կազմած Աբովյանի հատակագիծը` ասաց  Սոս Խեչոյանը: Կրկնակի ուսումնասիորւթյուններ, այդուհանդերձ, չեն կատարվել, քանի որ դրա համար մոտ մեկ մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ են հարկավոր: Եթե պատվիրեին, ուրեմն պետք է արված լիներ, սակայն Սոս Խեչոյանը չգիտի` նման պատվեր եղել է, թե` ոչ: Աբովյանի քաղաքապետարանի քաղաքաշինության նախկին բաժնի պետ Կարեն Մխոյանը, ում օրոք և կատարվել են այս բոլոր գործողությունները, մեր բոլոր հարցերին մեկ պատասխան տվեց` «կա գլխավոր հատակագիծ» և հավելեց, որ վերոնշյալ թաղամասի համար կատարվել են այն աշխատանքները, ինչ հանձնարարություններ եղել են ղեկավարության և քաղաքապետի կողմից: «Ես լավ չեմ զգում, երբ ինձ մի բանի  մասին են հարցնում, որով ես էլ չեմ զբաղվում: Ես այլ աշխատանք ունեմ, այլ պազիցիայի մեջ եմ: Դուք ինձ հետ եք վերադարձնում մի վիճակի, որտեղ ես ոչ գնալու ցանկություն ունեմ, ոչ էլ անհրաժաեշտություն կա»,-ամփոփեց Կարեն Մխոյանը: «Ցանկացած հողաբաժանման ժամանակ նշվում է կոմունիկացիաները, համաձայնեցվում է, օրինակ` գազի, հեռախոսի, ջրի ձեռնարկության հետ: Դա չի արվել, մեզ հետ չի համաձայնեցվել ընդհանրապես: Մենք մի քանի օր առաջ դուրս էինք եկել, տեսնում ենք` չափ ու ձև են անում, մեր գազատարի վրա հող են բաժանել: Պետք է տարածքի նախագիծը բերվեր, մենք էլ մեր համաձայնությունը` կնիքը դնեինք»,-ասում է Բալաբեկ Բարսեղյանը: Սոս Խեչոյանի հավաստմամբ, իրենք այժմ մտածում են գազատարը կտրելու և դեպի ճանապարհի կողմը տեղափոխելու մասին: «Հիմա բանակցություններ է գնում, թե այդ տեղափոխումը ում հաշվին և ինչպես կատարվի: Ճանապարհի եզրից մինչև հողամաս 15-20 մետր տարածություն է թողած գազոնների կամ մայթերի համար, մենք հիմա այս գազատարը պետք է բերենք այդ ճանապարհի կողքը: Հարցը մինչև ապրիլի վերջ պետք է լուծվի»,-հավաստում է Ս. Խեչոյանը և հավելում, որ եթե տեղափոխությունը թանկ նստի, այդ դեպքում հողամասերը պետք է առաջ քաշել 20 մետր: Սակայն սա էլ արդեն խնդիրներ կառաջացնի կադաստրի հետ: Կադաստրում այս հողակտորներն արդեն ֆիքսած են, իսկ  եթե հողակտորները տեղաշարժվեն, ուրեմն կադաստրի թղթաբանությունը պետք է նույնպես փոխվի: «Գազատարը պետք է տեղափողի գազի հիմնարկը, ոչ թե մենք: Հիմա այդ փուլում ենք, նախահաշիվ է կազմվում: Հավանական է, որ մենք չենք վճարի, որովհետև իրենց խողովակն է»,-ասում է Ս. Խեչոյանը: «Մե՞նք: Ո՞վ է բանակցում, ոչ ոք էլ բան չի ասել, մեզ դեռ չեն դիմել -զարմացավ  Աբովյան քաղաքի «Հայռուսգազարտի» մասնաճյուղի գլխավոր ինժեներ Բալաբեկ Բարսեղյանը,-եթե հին խողովակները պետք է քանդեն օգտագործեն, դա մեծ ծախսեր են` փորեն, բացեն, կտրեն, հանեն, տեղափոխեն, նորից սվարկա անեն, իսկ եթե նոր գազատար պիտի անցկացնեն, մեծ գումարներ է կազմում` մոտավոր հաշվարկներով 240 մլն դրամ»: Ի դեպ, երբ Գևորգ Ղուկասյանի հետ երկրորդ անգամ փորձեցինք զրուցել, նա ասաց, որ դեռ ոչինչ գրել և «շուխուր հանել» պետք չէ, քանի որ քաղաքապետարանը խոստացել է իրենց խնդրին շուտափույթ լուծում տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter