HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կդառնա՞, արդյոք, Ջավախքն առանձին սուբյեկտ

23_02-sh_torosyanՀայ-վրացական հարաբերությունները, Վրաստանում կատարվող իրադարձությունները և Ջավախքի հիմնախնդիրները այսօր կրկին «Փաստարկ» ակումբում արծարծեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ջավախքում նախատեսվող համաժողովին առաջարկվելու է քննարկվել Վրաստանի վարչատարածքային բաժանման խնդիրը և Վրաստանի ֆեդերալացումը, այդ թվում հայաբնակ տարածքների` որպես առանձին սուբյեկտ լինելու հարցը: «Հետքի» հարցին, թե արդյոք այդ համաժողովում Ջավախքի ինքնավարության հարցը չի բարձրացվելու, և բարձրացվելու դեպքում ինչ սահմաններ են պահանջելու հայերը, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Բնականաբար առաջ է գալիս հայկական և հայաբնակ տարածքների ամբողջության հարցը: Ես կարծում եմ, որ նրանք կպահանջեն այսօրվա Սամցխե-Ջավախքի տարածքը գումարած Քվեմո-Քարթլիի հայաբնակ տարածքները` Ծալկայի շրջանը»,-ասաց Շ.Թորոսյանը: Նկատի ունենալով վրաց-օսական պատերազմը` Շիրակ Թորոսյանը Վրաստանի իշխանությունների ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականությունը վտանգավոր է համարում Վրաստանի բոլոր էթնիկ փոքրամասնությունների համար: Ըստ պատգամավորի` ազգային փոքրամասնությունների ձայնը խեղդելը, բռնի ձևով նրան հետ հարցերը լուծելը հիմք է տալիս Վրաստանի ազգային փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին մտածել, որ միգուցե մի օր էլ «այդ ուղտը իրենց վրա կչոքեցնեն»: Մեկ անգամ ևս փաստելով, որ Ջավախքում անջատողականություն չկա` Շիրակ Թորոսյանը նշեց, որ եթե լիներ, ապա օգտվելով ռուսական զրահամեքենաների Ախալցխա հասնելու փաստից, ջավախքցիները կարող էին անջատողական գործողություններ սկսել: Հայաստանում Վրաստանի դեսպանատան ցույցից հետո, ըստ Շիրակ Թորոսյանի, որոշակի դրական փոփոխություններ նկատելի են, այն է` ազատ են արձակվել Ախալցխայի ակտիվիստները, հայ-վրացական սահմանում վրացական սահմանակետի մեկ համակարգչի փոխարեն այսօր արդեն երկուսն են. «7-8 ժամյա հերթերը դարձել են 4-5 ժամյա»,- ասաց Շիրակ Թորոսյանը: Խոսելով Վրաստանի իշխանափոխության մասին և ջավախահայերի ակնկալիքներից, պատգամավորն ասաց, որ ավելի վատ քանի հիմա այլևս չի լինի, իսկ եթե լինի, ապա` հայաթափում: Շիրակ Թորոսյանը նաև հավելեց, որ, «չգիտես ինչու ընդդիմությունը ազգային տարածաշրջաններում ակտիվություն չի ցուցաբերում», և դժվարացավ պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք ընդդիմությունը բանակցություններ սկսել է ջավախքյան հասարակական-քաղաքական կազմակերպթյունների հետ, թե` ոչ: Լրագրողների հարցին, թե ինչու է պատգամավորը Հանրապետականների համամասնական ցուցակում ընդգրկվել, այլ ոչ թե ասենք` գործող այլ կուսակցության, որոնք առավել մեծ ուշադրություն ու սուր են դնում Ջավախքի խնդիրները, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հարնապետական կուսակցությունը իշխող կոալիցիայի լիդերն է և քանի որ Հայաստանի իշխանությունները փոքր-ինչ զգուշավոր քաղաքականություն են վարում Վրաստանի հետ հարաբերություններում, Հանրապետական կուսակցությունն ինձ ընգրկել է իր համամասնական ցուցակում, հնարավորություն է տվել, որպեսզի ես բարձրաձայնեմ խնդիրներ, այն էլ շատ սուր, որը նույնիսկ շատ հաճախ իրենց տեսակետներին չի համապատասխանում»,-ասաց Շ. Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter