«Գարունը հուզական դաշտ է ստեղծում»
Այսօր հոգեբաններ Սամվել Խուդոյանը և Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում կին լրագրողների հետ զրուցեցին գարնանը կանանց շրջանում սթրեսային վիճակներ առաջանալու մասին: Պարզվում է` կանայք ավելի հուզական են դիմավորում գարունը, իսկ տղամարդիկ` ավելի ագրեսիվ: Սակայն կանանց մի հատվածը լավատեսորեն, մեծ սպասելիքներով ու լավ տրամադրությամբ է նայում դեպի ապագային հենց գարնանը, իսկ մյուս մասը` սթրեսներով:
Սամվել Խուդոյանն ասում է, որ գարնանը գերակշռում են դրական էմոցիաները, իսկ սթրեսը` ավելի շատ ֆիզիկական վիճակի փոփոխոթյան հետ է կապվում` օդի ճնշում, կենսաբանական փոփոխություններ և այլն, որոնք կարող են ինչպես դեպրեսիվ, այնպես էլ էյֆորիկ վիճակներ առաջ բերել:
«Օրինակ` մանյակալ դեպրեսիվ վիճակը բնորոշ է հենց անցումային ժամանակաշրջաններում` աշնանը և գարնանը: Բայց ամեն ինչ անհատական ու պայմանավորված է անձի առանձնահատկությունների հետ»,-ասաց Ս. Խուդոյանը:
Հոգեբանները շեշտեցին, որ այս շրջանում լարված սթրեսային վիճակ նկատվում է, բայց ոչ բոլորի մոտ: «Սեզոնային ռաեկտիվ խանգարումները ավելի շատ անհանգստացնում են հյուսիսային շրջանի բնակիչներին, նկատվում են կենսաբանական, բիոռիթմերի, հորմոնալ փոփոխություններ, բայց անցումը դեպի գարունը երկակի է` ճնաժամային, որոնք կանանց մոտ կրկնակի հաճախ են այցելում, և կարող է լինել նաև հակառակը` զարթոնք, երբ կենսական էներգիա է լցվում մարդկանց մեջ»,-ասում է Կարինե Նալչաջյանը և հավելում, որ գարնանը սպասելիքներն ավելանում են, իսկ իրականության և ներքին սպասումի բախումից կարող են առաջանալ սթրեսներ: Բայց այդ դեպրեսիաները թույլ ու հեշտ հաղթահարելի են:
Հոգեբաններն առաջարկեցին գարնանային սթրեսներին դիմադրեու մի քանի դեղատոմս, այն է` դրական ներշնչանք, դրական երևակայություն, ֆիզիկական աշխատանք, շփում և վերևից`նայել եղած խնդիրներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել