
2008 թ.-ին Հայաստանում 3264 դատապարտվածներից 16 մարդ ամբողջությամբ արդարացվել է, 11-ը` մասնակի: 2007 թ.-ին դատապարտվել է 3520 մարդ, 17-ն արդարացվել են ամբողջությամբ, 6-ը` մասնակի: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ արդարացման դատավճիռների կայացման ուղղությամբ դրական տեղաշարժեր կան` համեմատած 2006 թ.-ի հետ, երբ արդարացվել է 7 անձ, որից 5-ը` ամբողջությամբ, 2-ը` մասնակի: Այսինքն` վերջին տարում մոտ 60 տոկոս աճ է արձանագրվել:
«Այս թվերը վկայում են այն մասին, որ եթե դատական համակարգում կար մեղադրական թեքում, ապա այժմ դատարաններն ավելի անկաշկանդ գնում են դեպի արդարացման դատավճիռների կայացմանը»,- այսօր Վճռաբեկ դատարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
2008 թ. ընդհանուր դատապարտվածներից 639-ը դժգոհ են եղել իրենց նկատմամբ կայացված որոշումներից և ակտերը բողոքարկել են վերադաս դատական ատյան` Վերաքննիչ դատարան: Այսինքն` տոկոսային հարաբերությամբ մոտ 19 տոկոսը դժգոհ է եղել իր նկատմամբ կայացրած դատական ակտերից: «Այստեղից հետևում է, որ դատապարտյալների 81 տոկոսը գտել է, որ իրենց նկատմամբ դատական ակտերն օրինական են և հիմնավորված և բողոքարկման հարց չեն բարձրացրել»,- ասաց Դավիթ Ավետիսյանը:
Համաձայն 2008 թ. վիճակագրական տվյալների` բողոքարկված դատական ակտերի 37 տոկոսը կամ բեկանվել է, կամ` փոփոխվել: Այստեղ 2007 թ.-ի համեմատ նահանջ է նկատվում, քանի որ 2007 թ.-ին այդ թիվը կազմել է 19 տոկոս:
«Այդքան դեպքերով առաջին ատյանի դատարաններում տեղի են ունեցել դատական սխալներ, որոնք ուղղվել են վերադաս դատական ատյաններում: Վերաքննիչ դատական ատյանը գուցե ավելի սկզբունքային է եղել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ անձանց բողոքները բավարարվել են»,-ամփոփեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել