Մարտի 1-ի գործով արդարացվել է 5 անձ
Մարտի 1-ի վերաբերյալ դատարան մուտք է գործել 90 քրեական գործ` 11 անձի վերաբերյալ: Այս պահի դրությամբ դատավճիռներ կայացվել է 87 քրեական գործով` 101 անձի վերաբերյալ, որից 5-ը ամբողջապես արդարացվել են, 11-ը` մասնակիորեն: Մեկ անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է: 5-ի նկատմամբ նշանակվել է տուգանք, 31-ի նկատմամբ նշանակված պատիժը դարձվել է պայմանական, իսկ մնացածները դատապարտվել են ազատազրկման:
«Մոտավորապես պատկերը նույնն է, ինչ մնացած գործերով, որոնք մարտի 1-ին չեն վերաբերում: Դեռ ավելին, լրիվ կամ մասնակի արդարացումները երևի թե այս գործեորվ ավելի շատ են, քան մնացածնեով»,-այսօր Վճռաբեկ դատարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործերի վերավերյալ այս տվյալները ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Առաջին ատյանի կայացրած արդարացման և մասնակի արդարացման ակտերը վերաքննիչում չեն փոփոխվել: Մարտի 1-ով Վճռաբեկ դատարանն վարույթ է ընդունել մեկ գործ, և ազատազրկման պատիժը դարձրել է պայմանական:
«Ես հատուկ վերլուծություններ եմ կատարել և եկել եմ այն եզրակացության, որ պատժական պրակտիկայի իրականացման համար որևէ տարբերակում մարտի 1-ի գործերով, չեմ նկատել»,-ասաց Դ. Ավետիսյանը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը կոնկրետ գործերի վերաբերյալ հարցադրումներին հրաժարվեց պատասխանել, հատկապես «Յոթի գործի»-ի մասին որևէ մեկնաբանություն չտվեց` պատճառաբանելով, որ այն դեռ առաջին ատյանի դատարանում է`քննության փուլում և իրենք գործի վարույթը չավարտված կարծիք հայտնելու իրավունք չունեն:
Իսկ Սասուն Միքայելյանի գործը Կոտայքի մարզ ըստ ընդդատության ուղարկելը, Դ. Ավետիսյանը բացատրեց այսպես. «Գործը ընդդատության հարցը որոշելիս հաշվի է առնվում վերջին հանցագործության կատարվելու վայրը: Սասուն Միքայելյանի պարագայում վերջին հանցագործությունը` ապօրինի ռազմամթերք պահելը մարտի մեկից հետո Կոտայքի մարզում: Եթե դատարանը հակառակ որոշում ընդուներ, օրինակ` Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատարանը քններ, ապա եթե այդ գործը Եվրոպական դատարան գնար, անպայման մեր պետությունը խնդիր կունենա, որովհետև ընդդատությունը խախտված կլիներ»:
«Յոթի գործը» մասնատելը, ըստ Դ. Ավետիսյանի, կախված է գործի բազմածավալ ու բարդ լինելուց, և դատարանին իրավունք է վերապահվում ՀՀ քր. դատ. օր-ի 28-րդ հոդվածով և այլ Եվրոպական դատարանի նախադեպերով գործի քննության ողջամիտ ժամկետը, մարդկանց կալանքի տակ պահելու ողջամիտ ժամկետը և գործի ապացույցների բազմակողմանի հետազոտությունն ապահովելու համար մասնատել այն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել