Վճռաբեկի որոշումները դրական արդյունքներ են տալիս
«Երկրի բարձրագույն դատարանի կողմից ընդունված որոշումներն էական նշանակություն են ունենում արդարադատության որակի վրա, որոնք ուղղված են քաղաքացիների ազատությունների և իրավունքների ապահովմանը»,-այսօր Վճռաբեկ դատարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ, խոսելով դատաիրավական բարեփոխումների մասին, ասաց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Իր ասածին որպես ապացույց` Դավիթ Ավետիսյանը որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Օրինակ` 2006թ-ի հոկտեմբերի 24-ի Վճռաբեկ դատարանը որոշմամբ, հստակեցվել է խուլիգանություն սահմանումը, և որոշվել է, որ խուլիգանության հանցակազմը կարող է գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե առկա է հանցագործի ուղղակի դիտավորությունը:
Եվ համաձայն վիճակագրական տվյալների` վերոնշյալ որոշումից հետո խուլիգանության գործերով 17 տոկոսի նվազում է արձանագրվել:
«Սա նշանակում է, որ կատարված արարքը որպես խուլիգանություն որակելու դեպքերը սահմանափակվեցին»,-պարզաբանեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը և նշեց, որ դրա փոխարեն սկսել են գործել այլ հանցակազմեր, օրինակ, մարմնական վնաս պատճառելը, ծեծը, խոշտանգումը և այլ, որոնք շատ դեպքերում որակվում էին որպես խուլիգանություն:
Կալանքը որպես խափանման միջոց փոխարինել գրավով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում կիրառելու նախադեպային որոշում կայացվել է 2007թ.ին:
«Մեր օրենսդրությունը թույլատրում էր գրավը որպես խափանման միջոց կիրառել միայն միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործությունների գործերով, սակայն այդ որոշման արդյունքում, եթե համեմատենք 2007-2008 թվականները, կստացվի, որ շուրջ 138 տոկոսի աճ է արձանագրվել գրավի կիրառման դեպքերում, այսինքն` գրավի կիառման շրջանակներն ընդլայնվել են»,-ասաց Դավիթ Ավետիսյանը:
Այդ նախադեպային որոշումից հետո ավելացել են նաև գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Եթե 2006թ-ին ընդամենը 28 գրավի վերաբերյալ միջնորդություն էր բավարարեվել, ապա 2007թ-ին դրանց թիվը կազմել է` 62, իսկ 2008թ-ին` 148: Ավելացել են նաև նման միջնորդությունները մերժելու դեպքերը. 2007թ-ին մերժվել է կալանքի 49 միջնորդություն, իսկ 2008թ.-ին` 185, այսինքն` ներկայացված կալանքի միջնորդությունների մերժման աճը կազմել է 168 տոկոս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել