
«Վերջին ամիսների ընթացքում ՀՀ նախագահի հրամանով սկսված դատաիրավական բարեփոխումների արդյունքում վերականգնվել է այն ամենը, ինչը նպաստում է թափանցիկ, հասկանալի, մատչելի, կանխատեսելի ու արդյունավետ արդարադատությանը, և վերացվել է այն ամենը, ինչը դրան խանգարում էր»,-այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում մամլո ասուլիսի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Նա ներկայացրեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հայեցակարգը, ինչպես նաև նշված հայեցակարգն իրագործելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
Մշակված հայեցակարգը քննարկվել է իրավագետների ու տեսաբանների լայն շրջանակներում Հայաստանում, ինչպես նաև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում, Գերմանիայի Դաշնության Գերագույն դատարանում և հավանության արժանացել:
Բարեփոխումներն ընթացել են երկու փուլով. առաջինը` մինչև 2009 թ.-ի հունվարի 1-ը, իսկ երկրորդը` մինչև 2009 թ.-ի մարտի մեկը: Բարեփոխումներում առաջին հերթին վեր են բարձրացրել բոլոր հարցերը, որոնք անհետաձգելի լուծումներ են պահանջել:
Առաջին փուլն ուղղված է եղել յուրաքանչյուր անձի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացմանը ՀՀ Սահմանադրության նախատեսված եռաստիճան դատական համակարգով:
Երկրորդ խնդիրը եղել է արդարադատության մատչելիության իրավունքի ապահովումը, այսինքն` Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի վերացումը:
Երրորդ խնդիրը վերաբերել է Վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատների` որպես համապատասխան բնագավառներում արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյանի վերականգնումը, և չորրորդ խնդիրը` նոր երևան եկած դատաիրավական ինստիտուտի հստակեցումը վերանայման վերադասության սկզբունքի հիման վրա:
Երկրորդ փուլով իրականացվել է մասնագիտացված դատարանների լուծարումը և առաջին ատյանի դատարաններում դատավորների մասնագիտացման ապահովումը:
Առաջին փուլի կարևորագույն ձեռքբերումներից Վճռաբեկ դատարանի նախագահը համարեց դատավորների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը: Երկրորդ փուլի ձեռքբերումներից` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության օրենսդրական ամրագրումը:
«Ներկայումս վերացել է այն իրավիճակը, երբ վարչական կամ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մի կողմը կարող էր ներկայացնել կատարման, իսկ մյուս կողմը` բողոքարկել արդեն իսկ կատարված կամ կատարման փուլում գտնվող դատական ակտը»,-պարզաբանեց Արման Մկրտումյանը և արձանագրեց, որ հայեցակարգային կարևոր կետերն արդեն իսկ կյանքի են կոչվել:
«Այսօր մեր դատական համակարգն ունեցավ եռաստիճան տեսք: Ներկա դրությամբ մենք ունենք դատական համակարգ, որտեղ յուրաքանչյուր գործ կքննվի տվյալ բնագավառում մասնագիտական գիտելիքներ ունեցող դատավորի կողմից միանձնյա, այնուհետև, վերաքննիչ բողոքի առկայության դեպքում, նրա կայացրած դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կստուգվի Վերաքննիչ դատարանի ավելի բարձր որակավորում ունեցող երեք դատավորների կողմից, իսկ վճռաբեկ բողոքի առկայության դեպքում գործին վերջակետ կդրվի արդեն Վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատի կողմից»,- ամփոփեց Արման Մկրտումյանը:
Դատաիրավական բարեփոխումների համար ֆինանսական միջոցներ չեն ծախսվել: Ոչ մի դատավորի հաստիք չի պահանջվել պետությունից, նույն հաստիքները որոնք եղել են, արդյունավետ տեղաբաշխվել են: Ոչ մի դատավոր աշխատանքից դուրս չի մնացել: Արման Մկրտումյանի խոսքերով` բարեփոխումների նպատակը եղել է ոչ թե ունենալ մասնագիտացված դատարաններ, այլ մասնագիտացված դատավորներ:
Դատաիրավական բարեփոխումները իրականացվել են վիճակագրական տվյալների համեմատությաբ: Եվ երբ ուսումնասիրվել են այդ տվյալները, պարզվել է, որ քրեական մասնագիտացված դատարանները 6 անգամ ավելի են ծանրաբեռնված, քան առաջին ատյանի դատարանները: Իսկ քաղաքացիական մասնագիտացվածները` 3 անգամ ավելի:
Ավելին, եղել են շենքայի պայմանների հետ կապված խնդիրներ ու ծախսեր, կողմերի դժգոհություններ` կապված փաստաբանների, տուժողների վկաների հետ: Օրինակ` դեպքեր են եղել, երբ Բաղրամյանի տարածքի հայցը քննվել է Եղեգնաձորի դատարանում:
Նոր համակարգով լուծվել է նաև դատավորների գործուղման խնդիրները, քանի որ մասնագիտացված դատարաններում եղել են ընդամենը երեք դատավորներ: Լուծարված դատարանների դատավորները նշանակվել են ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ: «Մենք այսօր ունենք հզոր առաջին ատյանի դատարաններ, ամենափոքր թվաքանակով դատարանը երևի թե Տավուշի մարզի դատարանն է, որն ունի 6 դատավոր, իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում աշխատում են 14 դատավորներ»,-ասաց Արման Մկրտումյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել