
«Ես Գագիկ Ավետիսյանին չեմ վիրավորել, նրան «հորթ», «դամբուլ», կամ «տխմար» չեմ անվանել»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ցուցմունք տալիս, ասաց Գագիկ Շամշյանը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ դատական հայցի քննությունը: Գագիկ Շամշյանը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ Շամշյանը, չենթարկվելով լուսանկարահանումները դադարեցնելու վերաբերյալ դատավորի կարգադրությանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Սակայն Գագիկ Շամշյանն իր ցուցմունքում նշեց, որ դատավորը ներս մտնելուն պես նրան ասել է` «մի նկարիր», ինչին Գագիկ Շամշյանը պատասխանել է, որ ինքը ոչ թե նկարում է, այլ ձայնագրում:
Նույն բառերով երկխոսությունը շարունակվել է մի քանի րոպե, որից հետո դատավորը սանկցիա է կիրառել Շամշյանի նկատմամբ և դատարանի դահլիճից դուրս գալու հրահանգ տվել: «Ես էլ ասի` որոշումը տուր` դուրս գամ,-շարունակում է Գագիկ Շամշյանը,-ես այն ժամանակ չգիտեի, որ որոշումը չէր տրվելու ինձ, միայն հետո, մեկ այլ դատավարության ժամանակ դատավոր Ժորա Վարդանյանը բացատրեց, որ որոշումը լրագրողին չի տրվում, այլ կցվում է գործին, դրանից հետո իմացա, որ որոշումը ինձ չպետք է տար»,- բացատրեց Գ. Շամշյանը:
Դատախազի, այնուհետև և դատավորի հարցերին, թե ոչ մի վիրավորական խոսք չի՞ ասել դատավորի հասցեին, Գ. Շամշյանը միանշանակ ասաց՝ ոչ: Ավելին` նիստի ձայնագրության և արձանագրության մեջ նույնպես նման վիրավորական բառեր չկան: Իսկ թե ինչու են նախորդ նիստին դատական կարգադրիչները և նիստի քարտուղարը հակառակ ցուցմունք տվել, ըստ Գ. Շամշյանի, միգուցե նրանց այդպիսի հրահանգ էր տրվել:
Դատական նիստը կշարունակվի վաղը, ժամը 12:30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել