HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործը» մասնատվեց

7-i-gorc11Ընդմիջումից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց որոշումը, համաձայն որի` «Յոթի գործով» ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քր. օր.-ի 300 հոդվածի առաջին մասով քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությանմբ: Բոլոր ամբաստանյալների խափանման միջոց` կալանավորումը դատարանը թողեց անփոփոխ: Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի` 225 հոդվածի առաջին մասով քրեական գործերը, ինչպես նաև Մյասնիկ Մալխասյանի` 225-րդ հոդվածի առաջին մասով և 38-316 հոդվածի երկրորդ մասով քրեական գործը առանձնացված և ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Միայն Սասուն Միքայելյանին` 225-րդ հոդվածի առաջին մասով և 235 հոդվածի առաջին և երկրորդ մասերով քրեական գործն անջատվեց և ըստ ընդդատության ուղարկվեց Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի վերաբերյալ 225 հոդվածի առաջին մասով քրեական գործը մնաց անփոփոխ, դատական նիստը նշանակվեց ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին` նույն դահլիճում: Նոր ներկայացրած մեղադրանքներին ծանոթանալու համար ամբաստանյալներին և նրանց պաշտպաններին տրամադրվեց մեկշաբաթյա ժամկետ: Փաստաբան Հովիկ Արսենյանը կարծում է, որ բոլոր ամբաստանյալների գործերը մեկ վարույթով պետք է քննվեին: «Բաժանիր, որ տիրես` այս սկզբունքն է այստեղ: Բայց մեղադրանքի մեջ հստակ գրել են, որ նախնական համաձայնության գալով են կազմակերպել այդ անկարգությունները, ուրեմն ինչի հիման վրա դատարանը այդպիսի ապօրինի որոշում կայացրեց»,-հարցնում է պաշտպանը: Իսկ Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի կարծիքով` սկզբից ևեթ պետք էր գործն առանձնացնել: «Իմ միջնորդությունների մեջ ես միշտ նշել եմ, որ այս մարդիկ իրար հետ չեն խոսել, իրար հետ կանգնած չեն եղել, իրար հետ ոչ մի տեղ չեն պայմանավորվել: Այս առումով դատարանը կազմակերպված խումբը` որպես այդպիսին, բացառեց»,-ասաց Մելանյա Առուստամյանը: Թերևս, ըստ պաշտպանի, այս ձևով պաշտպանություն իրականացնելն ավելի հեշտ կլինի, քանի որ մեկի առողջական վիճակից, կամ մյուսի բացակայությունից ողջ դատական նիստը չի տուժի: Բայց համատեղ քաղաքականություն իրականացնել այլևս չի ստացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter