
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Յոթի գործով» դատաքննությունը: Այսօրվա նիստը սկսելուն պես դատավոր Մնացական Մարտիրոսյանը ձայնը տվել է մեղադրող Կորյուն Փիլոյանին` պաշտպանական կողմին զրկելով ձայնի իրավունքից:
Փիլոյանը սկսել է ընթարցել վերաձեւակերպված մեղադրանքը (պայմանավորված Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությամբ), սակայն ձայնի իրավունքից զրկված լինելու պատճառով մեղադրյալների բարձրացրած աղմուկը հնարավորություն չի տվել ոչ նիստերի դահլիճում ներկա գտնվողներին, ոչ էլ լրագրողներին լսել, թե ինչ է ասում Կորյուն Փիլոյանը: Վերջինիս ասածները լսելուց հետո դատարանը, հայտարարելով ընդմիջում, անմիջապես հեռացել է խորհրդակցական սենյակ, որպեսզի որոշում կայացնի մեղադրողի կողմից արված միջնորդության վերաբերյալ: Բայց թե ինչ միջնորդության մասին է խոսքը, անհայտ է նույնիսկ պաշտպանական կողմին:
Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի ենթադրությամբ` «դատարանը գուցե քննարկելու է մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները մասամբ դադարեցնելու և մեղադրականը վերաձևակերպելու միջնորդությունը, որը նախորդ նիստի ժամանակ ներկայացրել էր մեղադրող Փիլոյանը»:
«Իսկ մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունը, որն ամենաարդիական հարցն է, դատարանի կողմից նույնիսկ ուշադրության չարժանացավ: Ներկայումս մեր պաշտպանյալները ի՞նչ հանցագոծությունների համար եւ ո՞ր հոդվածով են գտնվում կալանքի տակ, մեզ համար այդպես էլ պարզ չէ»,- ասում է Ստեփան Ոսկանյանը: վերջինիս խոսքերով, եթե առաջադրվել է նոր մեղադրանք, ապա դրա մասին պարտավոր էին պաշտպանական կողմին նախապես տեղեկացնել:
Որքանով փաստաբանների համար լսելի է եղել Փիլոյանի ընթերցածը` «Յոթի գործով» մեղադրանք է առաջադրվել միայն 225 հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգությունների կազմակերպում, որը պատժվում է 4-10 տարվա ազատազրկմամբ:
Հայտարարված ընդմիջման ժամանակ փաստաբաններին հնարավորություն չտրվեց խորհրդակցելու իրենց պաշտպանյալների հետ, մինչդեռ նախորդ դեպքերում դատավորը նման հնարավորություն ընձեռել է: Այսօրվա մերժումը դատավորը պատճառաբանել է նրանով, որ պաշտպանները մեղադրյալներին կարող են տեսակցել մեկուսարանում:
Նոր առաջադրված մեղադրանքով «Յոթի գործով» անցնող զոհերի իրավահաջորդներն այլեւս կարող են նիստերին չմասնակցել: Քրեական գործից առանձնացվել է զոհերին վերաբերող մասը եւ դրանով իրականացվում է առանձին քննություն: Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Անահիտ Խաչատրյանը, «Հետքի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա պետք է արվեր ավելի շուտ, քանի որ ««Յոթի գործով» դատվող տղաները սպանությունների հետ կապ չունեն, դրա մեղավորը ոստիկանությունն է»:
Այսօրվա նիստում դատարանի դահլիճում են եղել նաեւ մեղադրյալների հարազատները: Նրանք տեւական ծափողջույնով են դիմավորել «Յոթի գործով» դատվողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել