HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքում պետք է հյուպատոսություն ստեղծել»

«Վրաստանում ջավախահայությունը պաշտպանված լինել չի կարող, որովհետև այնտեղ պաշտպանված չէ ոչ խոսի ազատության իրավունքը, ոչ էլ ժողովրդավարական որևէ ցենզ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Խոսելով Վրաստանի վարած «ցինիկ» քաղաքականության մասին` Դավիթ Սարգսյանը նշեց, որ հոծ բնակեցված տարածքում Հայաստանը պետք է հիմնադրի հյուպատոսական ներկայացուցչություն. «Ես կարծում եմ, որ մեր պետությունը պետք է մասնակից լինի ջավախահայության պաշտպանության խնդիրներում»: Բանախոսը մտահոգված է, որ Վրաստանի իշխանությունների վարած նմանատիպ քաղաքականության շարունակության դեպքում մի օր ջավախքցիների համբերության բաժակը կարող է լցվել, և նրանք որոշեն համազոր պատասխան տալ վրացիներին: «Վրացական իշխանությունները Ջավախքում սատանա են ստեղծում և սկսում է պայքարել դրա դեմ: Խնդիրն այն է, որ Ջավախքում իրապես սեպարատիզմ չկա, բայց վրացական իշխանությունները, մասնավորապես ուժային կառույցների ղեկավարները հայտարարում են, որ Ջավախքում իրադրությունը վերահսկելի է: Նշանակում է, որ վրացական պետությունը այլ աչքով է նայում Ջավախքին, այլ ոչ թե այնպես, որպես իր վարչական տարածքի սովորական շրջանին»,-շարունակեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Վերջինիս խոսքերով, վրացական իշխանությունները ինքնահաստատվելու և ինքնադրսևորվելու մի դաշտ են գծել, որով հերոսանում և զորեղանում են իրենց հանրության առջև: «Եվ այս դոնկիխոտյան վարքագիծը վտանգավոր է, քանի որ Ջավախքն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են վրացական իշխանությունները ողջ աշխարհին` հայտարարելով, որ իրենք խեղդում են սեպարատիզմը»,-ասաց ԱԺ պատգամավորը: Շիրակ Թորոսյանը կրկին շեշտեց, որ Ջավախքի հիմնախնդիրների լուծումը բխում է երկու պետությունների շահերից: Սակայն նրանք դեռ չեն գիտակցում, այլ շարունակում են «ինքնահաստատվել»: «Հետքի» հարցին, թե ինչու այդ դեպքում ծնունդով ջավախքցի մեկ այլ պատգամավոր` Հայկ Սանոսյանը հայտարարել է, որ Ջավախքում ազգային խնդիրներ չկան, կան միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ, Շիրակ Թորոսյանը մեկնաբանեց. «Հայ Սանոսյանն ինձ մեղադրել է, թե ինձ այդպես է ձեռնտու, ես այդպես եմ խոսում, այսինքն` այն ինչ ձեռնտու է ինձ, ձեռնտու է ողջ ջավախքահայությանը, և ես խոսում եմ ջավախքահայության անունից: Դուրս եկեք փողոց, հարցրեք ցանկացած հայի, ցանկացած ջավախքցու, իրենք չե՞ն կիսում իմ տեսակետը»: Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Վրաստանի իշխանությունների ռեակտիվ շրջանակների մեջ խմորված ցանկացած տեսակետ, որը վերաբերում է Հայաստանին ու Ջավախքին, «առաջին հերթին շարջադրվում է Հայկ Սանոսյանների և նմանների միջոցով` «Վիրահայերի միասնություն» կազմակերպության միջոցով»: Շիրակ Փորոսյանը խնդրեց հետևություններ անել իր ասածներից և շարունակեց հարցադրումները. «Չե՞ք տեսնում, որ նրանք Վրաստանում ձևավորված կարծիքն են ներկայացնում այստեղ: Եթե ես հանդես եմ գալիս ջավախքահայության շահերից, ապա իրենք ո՞ւմ շահերից են հանդես գալիս, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում»: «Մոլորված ժողովուրդ»,-այսպես բնութագրեց մի քանի օր առաջ Ջավախքից վերադարձած բանաստեղծ Հակոբ Սրապյանը և հիշեց ղարաբաղյան պատերազմի տարիները, երբ ջավախքցիները իրնեց վերջին անասունն էին մորթել, որպեսզի հասցնեին Արցախ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter