
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ԴԱՀԿ ծառայության հիմնավորումը, թե իրենց հնարավորություն է տրված ծանոթանալ վարույթի նյութերին, իրականությանը չի համապատասխանում: «Մեզ այդ նյութերին ծանոթանալու հնարավորություն տրված չէ: Մենք ցանկանում ենք այդ վարույթի նյութերի բոլոր պատճենները ստանալ, որի իրավունքը մենք ունենք, և իրենք 2009 թ. փետրվարի 23-ից առ այսօր մեր կողմից ուղարկված դիմումներին որևէ կերպ չեն արձագանքել»:
Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք խնդրել են տրամադրել գնորդի հետ կնքած պայմանագրի պատճենը, որը մինչև այսօր չեն ստացել: «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունն ուզում է ստանալ վարույթի ողջ նյութերը: Փաստաբանը համոզված է և մտահոգություն ունի, որ երբ իրենք դատարանում վիճարկեն աճուրդը, ԴԱՀԿ-ը որոշ փաստաթղթեր հետին ամսաթվերով կարող են կցել գործին: «Այդ իսկ պատճառով ուզում ենք բոլոր նյութերն ուենանլ մեզ մոտ, և պատճենահանման ծախսերն էլ պատրաստ ենք վճարել»,- ասաց փաստաբանը:
Հղում կատարելով «ԴԱՀԿ մասին» օրենքի 8-րդ հոդվածին, համաձայն որի` կողմն իրավունք ունի ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ, Արա Զոհրաբյանը նշեց, որ պատճենները վերաբերում են վարույթի բոլոր նյութերին, այլ ոչ թե մի մասին. «Եթե վարույթը 1-60 էջ է, ապա ինձ իրավունք է տրված բոլոր 60 էջն էլ ունենալ»:
«Ո'չ գրավոր, ո'չ էլ բանավոր պատասխան են տվել: Այս պահին այդ նյութերը մեզնից թաքցնում են, մենք ունենք բազմաթիվ դիմումներ, հստակ ասել ենք` խնդրում ենք մեզ տրամադել այս պայմանագիրը, ո'չ տրամադրել են, ո'չ էլ մերժել են. բացարձակապես անտարբերության են մատնել մեր գրագրությունը»,- ասաց Արա Զոհրաբյանը:
ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ «Բջնիի» ներկայացուցիչները բազմիցս եղել են ԴԱՀԿ-ում և ծանոթացել են նյութերին, պատճեններ են ստացել: Գործին ծանոթանալու նրանց դիմումներին, խնդրագրերին պատասխանել է անձամբ Գլխավոր կատարողի տեղակալ Ա. Շերոյանը:
«Ցանկացած աշխատանքային օր և ցանկացած աշխատանքային ժամի կարող են հաճախել մեր մոտ և ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ կատարել, պատճեններ կատարել, ինչից մի քանի անգամ օգտվել են»,- հաստատեց մամլո քարտուղարը:
Վերջինս պնդում է, որ փաստաբանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, նույնիսկ կան համապատասխան արձանագրություններ, որ ստորագրել են ընկերության ներկայացուցիչները, մասնավորապես տնօրենը, այն մասին, որ ծանոթացել են գործի նյութերին, ստացել են պատճեններ: «Եվ այս ամեն ինչը փաստաթղթային ձևով մեր մոտ արխիվացված է: Եթե իրենց դժգոհությունները հիմնավորված են, ապա կարող են դիմել դատարան` իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար»,- ավելացրեց Ռուբեն Գրձելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել