ԴԱՀԿ-ը հաստատում է` «Բջնիի» գումարը փոխանցվել է պետբյուջե
ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ «Բջնիի» գումարն ամբողջությամբ վճարվել է աճուրդից անմիջապես հետո երեք օրվա ընթացքում: Մամուլի քարտուղարը նաև հավելեց, որ գումարը արդեն փոխանցվել է պետբյուջե: «Օրենքով նախատեսված մեխանիզմ կա, չեմ կարող ասել` մուծման օրն է փոխանցվել, թե չէ, բայց որ մենք ստացել ենք ու բաշխել ենք գումարն ըստ համապատասխան պահանջի` պետտուրքեր, հարկայինի պահանջներ և մեր կատարողական ծախսերը, դա հաստատում եմ»,-ասաց Ռուբեն Գրձելյանը:
«Հետք»-ի հարցին, թե ինչու կատարողական վարույթի նյութերը չեն տրամադրվում «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը, Ռուբեն Գրձելյանը պատասխանեց. «Կատարողական վարույթի նյութերից քաղվածքներ անելու հնարավորությունն իրենց տրված է, ինչքան գիտեմ, իրենք ուզում են ամբողջ կատարողական վարույթն իրենց տանք, դա օրենքով նախատեսված չէ, իսկ գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունեն, ինչի հնարավորությունն իրենց տրված է»:
Իսկ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը տնօրենի այսօրվա հայտարարությունը, որ իրենց նյութերը չեն տրամադրվում, ըստ մամլո քարտուղարի` «քաղաքական սպեկուլյացիաների հարց է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել