HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետօգոստոսյան Հայաստան եւ Ադրբեջան

Օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի համար ծագեցին անվտանգության նոր մարտահրավերներ: Որո՞նք են դրանք, ո՞ւմ հնարավորություններն են ավելի մեծ, կարո՞ղ են այդ մարտահրավերները մոտեցնել հայկական եւ ադրբեջանական դիրքորոշումները Ղարաբաղյան հարցում:

Ստորեւ բերվող հարցազրույցներն ավարտում են «Հետօգոստոսյան Հայաստան եւ Ադրբեջան» շարքի այս թեման: «Առավոտ» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը:

«Տարածաշրջանի կշիռը չափազանց բարձր է»

Հարցազրույց ԵՊՀ Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ

-Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության Կովկասյան պլատֆորմի» իրագործումը:

-Կարծում եմ, որ այս ֆորմատով դա իրականացվող ծրագիր չէ, որովհետեւ տարածաշրջանային կարեւորագույն երկրներից մեկը` Իրանն ընդգրկված չէ: Բացի այդ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ դիվանագիտական, ոչ որեւէ այլ տիպի հարաբերություններ գոյություն չունեն, եւ ինչն ավելի կարեւոր է` չկա վստահության մթնոլորտ ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Սա է պատճառը, որն ինձ ստիպում է հոռետեսական լինել այս ծրագրի իրականացման վերաբերյալ: Բացի այդ, չափից մեծ դեր են խաղում արտատարածաշրջանային ուժերը. դա ոչ միայն պետություններն են, այլ նաեւ համակարգերը, ցանցերը, որոնք շատ դեպքերում ուղղակի դեմ են այստեղ մեկ այլ անվտանգության հաստատմանը: Իմ հոռետեսության մեկ այլ ընդհանրական պատճառն էլ այն է, որ Բալկանյան տարածաշրջանում խնդիրները գոնե միջին ժամկետով լուծելուց հետո, պայքարը հսկողության, ազդեցության համար ամբողջ եվրասիական մայրցամաքում տեղափոխվել է կասպյան ու սեւծովյան տարածաշրջան: Իսկ մենք գտնվում ենք հենց այդ տարածաշրջանի սրտում, իրար հակասող բազմաթիվ շահեր կան, որոնք խարխլող դեր են կատարում տարածաշրջանում անվտանգության համակարգերի ստեղծման համար:

-Որքա՞ն արդյունավետ կարող են լինել ՀԱՊԿ երկրների Օպերատիվ արձագանքման կոլետիվ ուժերը, եւ ի՞նչը խթանեց այդպիսի ուժեր ստեղծելու մասին որոշման կայացմանը:

-Նման համակարգի համար անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ: Գոնե այսօր` այս տնտեսական ճգնաժամի պայմաններում, այդ համակարգի ստեղծումն ինձ առանձնապես իրատեսական չի թվում, հատկապես արդյունավետության առումով: Ի՞նչ է ՀԱՊԿ-ը: Դա մի հսկայական Ռուսաստան է` իր հնարավորություններով եւ բավականին սկզբունքային դիրքորոշումներով: ՀԱՊԿ մյուս պետությունների շահերն այդքան հստակ ուղղվածություն չունեն եւ այդպես հստակ չեն արտահայտվում: Եթե ՀԱՊԿ ուժերը չեն օգտագործվում ներքին կոնֆլիկտների դեպքում, ապա արտաքին թշնամուց պաշտպանվելու համար գուցե իմաստ էլ չունի նման կառույց ստեղծելը: Դժվար թե Չինաստանը հարձակվի Թուրքմենստանի վրա: Անշուշտ, կան որոշ խնդիրներ Աֆղանստանի սահմանի վրա, բայց դրանք կարելի է լուծել ավելի փոքր միջոցներով ու ավելի կոմպակտ ուժերով, լուրջ ու հստակ մշակված երկկողմանի պայմանագրերի հիման վրա: Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը կարող է իրական դեր կատարել, այն ավելի շատ ուրիշ խնդիրների (օրինակ` ՆԱՏՕ-ի ընդլայնման) հետ է կապված: ՀԱՊԿ պետությունների քաղաքականությունը խարսխվում է այդ հարցին առնչվող լայն սպեկտրի խնդիրների վրա: Ասենք` Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, եթե կարիք լինի եւ եթե պայմաններ ստեղծվեն, որ այդ երկրի ղեկավարությունը որոշի ՆԱՏՕ-ին անդամագրվել: Ներկա պայմաններում, երբ ռեսուրսների խնդիրներ ունեն բոլոր երկրները, նման ուժեր ստեղծելն ուղղակի խնդրահարույց է:

-Ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ռուս-ամերիկյան հարաբերություններում ընդհանրապես, եւ արդյո՞ք այդ տեղի ընկալումը Հայաստանում ադեկվատ է իրական վիճակին:

-Անշուշտ, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կորուստը շատ ցավոտ է ընկալվում հենց Ռուսաստանի կողմից, եւ այդ կորուստը տեղի է ունենում ոչ այնքան միակ գերտերության` Միացյալ Նահանգների գործողությունների հետեւանքով, որքան օբյեկտիվ պատճառներով. Ռուսաստանն այլեւս չունի այն մեծ հնարավորությունները եւ ներուժը, որն ուներ Խորհրդային Միությունը: Եկեք հաշվի առնենք մի բացարձակ նոր աշխարհառազմաքաղաքական իրողություն, որի առջեւ կանգնել ենք. օգոստոսյան պատերազմի հետեւանքով ամերիկյան նավատորմը հայտնվեց Սեւ ծովում: Սա բացարձակ փոխում է ամբողջ իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիան փորձեց դիմադրել եւ թույլ չտալ, որպեսզի ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների նավատորմը հայտնվի Սեւծովյան ավազանում, սակայն, ի վերջո, տեղի տվեց: Սա, բնականաբար, նախ փոխում է ուժերի ամբողջ բալանսը Սեւ ծովում: Ռուսաստանն ու Թուրքիան որոշակի պայմանավորվածությունների հիման վրա բալանս էին հաստատել, նորմալ երթեւեկում էին այնտեղ, երբեմն սրվում էին խնդիրները նեղուցների օգտագործման հետ կապված, բայց ընդհանուր բալանսը պահպանվում էր: Այսօր իրավիճակը փոխվել է: ՆԱՏՕ-ի երկրները, փաստորեն, ամբողջ ծովեզրը վերցրել են իրենց հսկողության տակ: Ռուսաստանին մնացել է մի փոքր ռուսական ծովեզր եւ Ղրիմումգ Սեւաստոպոլը, նաեւ Աբխազիան է ձեռքն ընկել, ինչը շատ քիչ է բալանսը պահպանելու համար: Նոր ու լուրջ ուժ է նաեւ Ուկրաինան: Այս ամենը ստիպում է մեզ ենթադրել, որ չնայած շատ հաճախ հարավկովկասյան տարածաշրջանն ընկալվում է որպես երկրորդական, երրորդական, բայց իրականում այս տարածաշրջանի կշիռն այսօր աշխարհաքաղաքականության մեջ չափազանց բարձր է, քանի որ այն ընկած է կարեւորագույն շրջանում, որը միավորում է կամ բաժանում Սեւ ծովը Կասպիցիցգ Հայաստանում դա չի գիտակցվում: Կարծում եմ, որ իշխանություն ունեցող քաղաքական վերնախավն այսօր այդքան գիտելիք եւ ընդգրկուն աշխարհընկալում չունի, այդ պատճառով չի գիտակցում այդ դերը, այդքան էժան ինքն իրեն վաճառում է: Իրականում գինը շատ ավելի բարձր է, քան այն, ինչով նրան առնում են: Իսկ առնում են` իշխանությունը պահելով:

-Հավատո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, եւ ինչպե՞ս դա կարող է ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

-Այո, հավատում եմ: Ես Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ եմ, եւ նաեւ մեր գործունեության շնորհիվ թուրք եւ հայ հասարակություններում ծավալվեց խորքային քննարկում այն բոլոր խնդիրների շուրջ, որոնք գոյություն ունեն այս երկու երկրների միջեւ: Ես ուշադրությամբ հետեւում եմ այն ամենին, ինչը տեղի է ունենում Թուրքիայում, եւ կարծում եմ, որ այն լայն քննարկումը, որն այսօր ընթանում է Ցեղասպանության հարցի վերաբերյալ եւ որն անհնար էր 5 կամ 10 տարի առաջ, տալիս է իր արդյունքները: Այսօր երկու պետությունների միջեւ փակ սահմանը նոնսենս է, շատ մեծ կորուստների հետ է կապված, գլոբալ ենթակառուցվածքների համար ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաեւ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային առումով: Հարաբերությունների կարգավորումը (սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը) կարող է լինել այս տարի, 5 տարի հետո, բայց կարեւորագույնը երկու հասարակությունների, երկու ժողովուրդների հաշտեցումն է, որի հիմքում, իհարկե, Ցեղասպանության ճանաչումն է: Իրական հաշտության դեպքում այս հարաբերություններն այլեւս ոչինչ չի մթագնի, ինչը տարածաշրջանային անվտանգության համար շատ կարեւոր է: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում վաղուց արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ սահմանը մի օր բացվելու է: Նրանք նաեւ որոշակի հույսեր ունեն, որ այդ սահմանի բացվելուց հետո Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա մեծանալու է, եւ դա հնարավորություն է տալու, որպեսզի Թուրքիան ԼՂ-ի հետ կապված հարցում ադրբեջանամետ քաղաքականություն իրականացնի ավելի մեծ հաջողությամբ: Սրանք, ըստ իս, սին հույսեր են: Այդ հույսերն ակնհայտորեն ադրբեջանական մամուլում արտահայտվում են: Ադրբեջանցի գործընկերների տեսակետից` կարեւոր է նաեւ այն, որ հայ-թուրքական սահմանի բացումը որոշակիորեն կփոխի մթնոլորտն ամբողջ տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալու, որպեսզի տարածաշրջանային համագործակցության խնդիրներն ավելի հաջող լուծվեն: Սա իր հերթին հնարավորություն է տալու նաեւ կոնֆլիկտների լուծման համար: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար սահմանի բացումը միանշանակ ցանկալի պետք է լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter