Հայկական մամու՞լն է սրում իրավիճակը
Այսօր «Նովոստի» միջազգային կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջով Կովկասի տեղեկատվական դաշտի այսօրվա իրավիճակի ու հնարավոր հեռանկարների շուրջ խոսեցին ոլորտի հայ և վրացի մասնագետները: Georgian Times մեդիահոլդինգի նախագահ Մալխաս Գուլաշվիլին ասաց, որ այժմյան ժամանակաշրջանում, երբ կովկասյան տարածաշրջանում առկա է էթնիկական հակամարտությունը, հայկական մամուլը բացասական տրամադրվածություն է ստեղծում Վրաստանի նկատմամբ:
Մալխաս Գուլաշվիլին, վերլուծելով Հայաստանի այժմյան վիճակը և շեշտելով Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները, նշեց, որ Հայաստանին ձեռնտու չէ նաև Վրաստանի հետ ունենալ խնդիրներ և կապերը խզել: «Հայաստանի համար դա սարսափելի կլինի, որովհետև և Արդբեջանի, և Թուրքիայի հետ սահմանները փակ են, իսկ Վրաստանի հետ էլ հարաբերությունների վատացնելը կարող են շատ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար»,-ասաց Մ.Գուլաշվիլին: Վերջինս համոզված է, որ հայկական մամուլում երբեմն այնպիսի հրապարակումներ են հայտնվում, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը: Տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Ալեն Ղևոնդյանն էլ նշեց, որ բարեկամական հարաբերությունները ոչ միայն Հայաստանին է անհրաժեշտ, այլ նաև Վրաստանին. «Նրանք ունեն ոչ միայն մշակութային կամ պատմական կապեր, այլ նաև տնտեսական»: «Որպեսզի չհակամարտենք, պետք է միասնական մեխանիզմներ մշակել, իրար չմեղադրել և կեղտաջուր չլցնել իրար վրա: Մեդիայի, մշակույթի կամ գիտնականները պետք է համագործակցեն: Մենք ունենք խնդիրներ, որոնք կուտակվել են, իսկ երրորդ կամ չորորդ ուժերը դրանք օգտագործում են մեր դեմ»,-ասաց Georgian Times մեդիահոլդինգի նախագահ Մալխաս Գուլաշվիլին: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանն էլ նշեց, տեղեկատվական պատերազմների դաշտում Վրաստանը Ադրբեջանի հետ կոալիցիա է կազմել, որի օրինակն էլ վերջերս Ռուսաստանի կողմից 800 մլն դոլարի զինամթերքի հանձնման տեղեկատվությունն էր: «Մենք դրա մասին այնքան կարդացինք վրացական մամուլում, որ նույնիսկ ադրբեջանական մեր գործընկերները այդքան չէին գրել»,-ասաց Գ.Մանուկյանը: Ի դեպ, ռուսական զինամթերքի վերաբերյալ տեղեկատվության շուրջ բանախոսները «վիճեցին» մինչև հեռուստակամուրջի ավարտը: Մալխաս Գուլաշվիլին, վկայակոչելով ՌԴ ՆԳ-ի աշխատակցի խոսքերը, ասաց, որ դա ոչ թե իրենք են տարածել, այլ հենց ռուս չինովնիկի հավաստումներն են եղել: Իսկ թե հայկական կողմի զենք ստանալը ինչու է այդքան հետաքրքրում Վրաստանին, Մալխաս Գուլաշվիլին բացատրեց, որ ոչ մեկի շահերից չի բխում տարածաշրջանում ունենալ մեծաքանակ զենք, դա բխում է խաղաղության շահերից: Սակայն Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ Հայաստանը չի հարցնում Վրաստանին, թե ինչու է ԱՄՆ-ը իրենց այդքան մեծաթիվ զենք տրամադրում, այդպես էլ Վրաստանին չպետք է հետաքրքրի, թե Հայաստանը ինչու է զինամթերք ստանում, առավել ևս Հայաստանը Վրաստանի դեմ դա օգտագործելու մտադրություն չունի: «Ենթադրենք, որ զենք փոխանցվել է, միևնույն է, դա Հայաստանի ներքին գործերն են»,-նշեց Գեղամ Մանուկյանը: Ի վերջո, Մալխաս Գուլաշվիլին հստակ հարց տվեց. «Հայաստանը զենքը ստացել է, թե ոչ», Գեղամ Մնուկյանը պատասխանեց. «Ոչ, Հայաստանը զինամթերք չի ստացել»: Իսկ ինչ վերաբերում է երրորդ ուժին, ապա, ըստ Գեղամ Մանուկյանի, դա հաճախ ոչ թե երրորդ ուժերն են, այլ ներքին քաղաքականությունը, որն ազդում է տեղեկատվության վրա: Գեղամ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց նաև Ջավախքի ակտիվիստների վերջին ձերբակալության դեպքերին և ասաց, որ հայկական մամուլն անդրադարձավ դրան, իսկ վրացական զանգվածային լրատվամիջոցները նույնիսկ չէին արձագանքել: Իսկ երրորդ կոնֆլիկտային հարցը` հայկական մշակութային հուշարձանների, մասնավորապես Նորաշենի դեպքերն էին, որից հետո կարգին չլուսաբանվեցին նաև ՀՀ վարչապետի այցը Թբիլիսի: «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Թուգուշին համաձայնեց, որ Ջավախքում կան խնդիրներ, կան խնդիրներ նաև հայկական մշակութային կոթողների հարցում: Սակայն «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիրը չմոռացավ ավելացնել, որ ինչպես հայկական հուշարձաններ կան Վրաստանում, այնպես էլ վրացական հուշարձաններ կան Հայաստանի տարածքներում, և բոլոր հարցերում պետք է գտնել կառուցողական լուծումներ: Լաշա Թուգուշին հավելեց, որ հայ-վրացական հարաբերություններում չի հերքում բաց խոսելու կարողությունը, որոնք էլ կլուծեին բոլոր հարցերը: «Վրաստանը այսօր տեղեկատվական պատերազմներ չի մղում ոչ Հայաստանի հետ, ոչ էլ Ադրբեջանի հետ: Վրաստանը պատերազմում է Ռուսաստանի հետ»,-ասաց Լ.Թագուշին: Իսկ «Սվոբոդնայա Գռուզիա» թերթի գլխավոր խմբագիր Տաթո Լասվիշվիլին էլ կարծում է, որ մեդիա դաշտը պառակտված է, որի պատճառը, սակայն, ոչ թե ժուռնալիստիկան է, այլ քաղաքականությունը: «Հարկավոր է նոր տեղեկատվական քաղաքականություն ձևավորել Կովկասում»-,համոզված է վրացի խմբագիրը: Մալխաս Գուլաշվիլին առաջարկեց ստեղծել «Կովկասյան մեդիա ֆորում» և տարին մեկ հավաքվել և քննարկել նմանատիպ հարցերը: Իսկ հայկական կողմի փորձագետները առաջարկեցին ոչ թե տարին մեկ, այլ մի քանի անգամ հավաքվել նմանատիպ կոնֆլիկտային հարցերը քննարկելու համար:
Մեկնաբանել