HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնսերվատորիայի ուսանողուհին վճարի պատճառով կարող է ընդհատել ուսումը

Մարինե Խաչատրյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Մարինեն սովորում է վճարովի համակարգում: Մարինեի մայրը մահացել է վահանագեղձի չարորակ ուռուցքից: Մարինեն վարձը երկու տարի կարողացել է վճարել հոր և տատիկ-պապիկի օժանդակությամբ: Սակայն այժմ Մարինեի հոր մոտ հայտանբերվել է շաքար և ողնաշարի ցավեր:

Նա այլևս չի կարողանում աշխատել, իսկ պապիկ-տատիկի թոշակը չի հերիքում իրենց իսկ կենցաղային ծախսերին: Վարձը սահմանված է 400 հազար դրամ: Բայց քանի որ մայրը մահացավ 2006թ-ին, Մարինեի վարձը զեղչվեց սկզբում 30, այնուհետև և 50 տոկոսով: «Իրենք մեզ ասացին, որ այդ 30 տոկոսն անում են ծնողազրկության համար, հետո որ դարձրեցին 50 տոկոս, ասացին, որ զեղչել են գերազանցիկության համար,-պատմում է Մարինեն,-հետո պարզվեց, որ 50 տոկոս զեղչը միայն ծնողազուրկ լինելու համար է»: ԿԳ նախարարությունը վարձավճարների վերջնաժամկետ սահմանել է հոկտեմբերի 15-ը: Սակայն ժամկետը վաղուց լրացել է, իսկ Մարինեին չեն թույլատրել մասնակցել հունվարյան քննաշրջանին: «Դեկանն էր զանգել մասնագիտականի դասախոսիս, ասել էր, որ ուսանողիդ ասա գա մուծի, այլապես քննության չեն թողնի»,-շարունակեց Մարինեն: Վճարովի ուսանողների գծով պրոռեկտոր Ս. Սուքիասյանը հաստատեց, որ առաջին կիսամյակի վճարի վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է, բայց ուսանողները միշտ ուշացնում են վճարները. «Բայց մեր իրավիճակից ելնելով, և ուսանողների ոչ այդքան վճարունակ լինելու պատճառով, դա ձգվում է մինչև քննությունների օրը»: Ս. Սուքիասյանը նաև պարզաբանեց, որ սկսվել է լուծարքային շրջանը, եթե մինչև այդ շրջանն էլ ուսանողը չվճարի և քննությունները չհանձնի, ապա կհեռացվի: 2008թ.-ի տվյալներով Կոնսերվատորիայից վարձերը չվճարելու պատճառով հեռացվել են 5 ուսանողներ: «Եթե ուսանողը վճարովի համակարգում է, վարձը չի վճարում, ի՞նչ պիտի անենք,-մեզ հետ զրույցում մեզ էր հարցը ուղղում Ս. Սուքիասյանը,-մենք չենք դուրս թողնում, ինքն է դուրս մնում, չի կարող վճարել, ապա թող վճարովի չընդունվի»: Այս պահի դրությամբ Կոնսերվատորոիայում սովորում է 1040 ուսանող:Կոնսերվատորիային պետպատվերի շրջանակներում տարեկան հատկացվում է մոտ 70-80 տեղ: 2008-2009 ուսումնական տարում կոնսերվատորիային հատկացվել է 78 անվճար տեղ և 142 վճարովի: Այսօրվա տվյալներով` Կոնսերվատորիայի ուսանողների վարձավճարներից չի վճարված մոտ 18 մլն դրամ: «Մեր բուհը, չնայած շատ ցածր ուսման վարձ է վճարում, միևնույն է, սոցիալական վիճակն այնպիսին է, որ բոլորը չէ, որ կարողանում են կես տարվա վարձը միանգամից վճարել, և բուհն ունի իր կարգը, եթե առաջին կիսամյակում վճարումը  չեն կարողանում կատարել, դիմում են գրում պրոռեկտորի անունով, որ այսինչ պատճառներով խնդրում եմ հետաձգել մինչև այսինչ օրը»,-ասաց վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Դավիթ Ղազարյանը: Վերջինս նշեց, որ միայն իրենց բուհն է այդպիսի վերաբերմունք ցուցաբերում ուսանողների նկատմամբ, և օրինակ բերեց Պետական բժշկական համալսարանը, որը երկրորդ կիսամյակի վճարումը չկատարելու պատճառով 300 ուսանողի հեռացրել է համալսարանից: Դավիթ Ղազարյանն ասաց, որ իրենց բուհում ուսանողներին միշտ էլ հնարավորություններ են տալիս վարձը վճարելու համար, վերջնաժամկետներն էլ բազմիցս խախտվում են, միայն ուսանողը պետք է դիմում գրի, ասի` երբ կվճարի վարձը, և նրան թույլ կտրվի մինչև այդ ամսաթիվը հանձնել քննությունները և հաճախել դասերի: Երբ մենք դեկանատի ուսումնական գծով լաբորանտ Աիդա Գասպարյանից ճշտում էինք Մարինեի առաջադիմության աստիճանը, տիկին Աիդան շեշտեց, որ Մարինեն իրենց լավ ու առաջադեմ ուսանողուհին է, և նրան ոչ ոք էլ չի պատրաստում դուրս թողնել: Ի դեպ, այն փաստը, որ Մարինեին թույլ տրվել է հանձնել առաջին` մասնագիտական քննությունը, իսկ երկրորդին չի թույլատրվել, դեկանն ասաց, որ իրենք դրա իրավունքն ունեն, առավել ևս չեն ուզում, որ ուսանողը իր մասնագիտական քննությունը չհանձնի: «Մենք հոմ չենք վերցնելու` նրան վաղը դուրս շպրտելու, բայց կա կարգ»,-շեշտեղ դեկանը: Օրինակ` անցած տարի Վոկալ-տեսական ֆակուլտետից վարձավճարի չմուծման համար հեռացվել է մեկ հոգի: Վերջնաժամկետը վաղուց արդեն անցել է, մեր այն հարցին, թե ուրեմն խախտում են ԿԳՆ-ի սահմանված կարգը, որ դեռևս 11 հոգի 4-րդ կուրսում չեն վճարել ուսման վարձերը, պրոֆեսոր Վ. Ղազարյանը շեշտեց. «Այո, մենք խախտում ենք կարգը, բուհը խախտում է այդ կարգը: Մենք, լինելով երաժիշտ, այդ կարգից մի քիչ դուրս ենք մնում»: Մարինեն ասում է, որ հիմա հայտնվել է այնպիսի դրության մեջ, երբ չգիտի` ինչպես վարվել: Եթե մինչև փետրվարի 20-ը չվճարի վարձը, դուրս կմնա Կոնսերվատորիայից. «Ես ոչ մի օգնող, ոչ մի բարեկամ չունեմ, որ կարողանան այդ հարցում ինձ օգնել, նույնիսկ կուսակցություններին եմ դիմել` Բարգավաճին, Հանրապետականներին և այլ կուսակցությունների, որ օգնեն, բայց ոչ ոք չի  ընդառաջել»: Մարինեի դասացուցակը շատ տարբեր ու լողացող է, այդ պատճառով էլ նա չի կարողանում նույնիսկ հարմար աշխատանք գտնել. «Օրինակ մինչև 9:30-ից 12:30 դասի ենք, հետո մեկ ու կես ժամ ազատ ենք, հետո 15:00-17:30 նորից դասի ենք, չենք հասցնում գնալ տուն կամ գործի, հետ գալ»: Մարինեն խոստովանեց, որ վերջին շրջանում նյարդային լարվածությունից նույնիսկ ձայնալարերն են խզվել, ու ձայնը կտրվել է: Իսկ ֆիզիկական աշխատանք անել նրան չի կարելի` կտուժի ձայնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter