HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Խառատյանը դեմ է օրենքի փոփոխություններին

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և Մատենադարանի գիտաշխատող, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դևրիկյանը անդրադարձան նաև ԱԺ  քննարկած «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին: ԱԺ-ում քննարվում է «հոգեորսության» սահմանման և «կրոնական կազմակերպություններ», «քրիստոնեական կազմակերպություններ» կոչվելու եզրույթները: Օրենքում հոգեորսություն տերմինը մինչ այժմ չէր սահմանված: Օրենքի փոփոխություններում այն սահմանված է հետևյալ կերպ. «Հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք, ձևավորվում է անվստահություն կամ ատելություն այն կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի կամ գործունեության նկատմամ, կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում»: Սակայն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը այս սահմանման հետ համաձայն չէ: Նա գտնում է, որ նյութական խրախուսանք ասվածը, շահարկման մեծ հնարավորություն է առաջացնում: Օրինակ` բարեգործությամբ զբաղվող կրոնական կազմակերպությունը, ինչը նրանց արտոնված է, կարող է միշտ հարուցել «նյութական խրախուսանք քարոզչական նպատակներով» կասկածը: Իսկ Ֆիզիկական ճնշում գործադրելը ցանկացած պարագայում էլ դատապարտելի է, հոգեկան ճնշում գործադրելու երևույթը նույնպես բարդ է ապացուցելը: «Ինչը՞ պետք է դիտարկվի որպես հոգեբանական ճնշում, ինչը՞ պետք է դիտարկվի որպես վիրավորանք»,-հարցնում է բանախոսը: Վ. Դևրիկյանն էլ գտնում է, որ պետք է այդ եզրերը ի վերջո սահմանել և պետք է ունենալ «քրիստոնեական կազմակերպություն» հասկացությունը: Ըստ նրա` փորձը ցույց է տալիս, որ հիմնական ծրագրերը Հայաստանում կամ որևէ այլ երկրում իրագործում են ավանդական եկեղեցիները, օրինակ` կաթոլիկ եկեղեցին, այդ պատճառով էլ կասկածելի չէ նաև «նյութական խրախուսանք» տերմինը: Լրագրողների այն հարցին, թե յուրաքանչյուր թաղամասում հայ առաքելական եկեղեցին է աջակցություն ավելի շատ ցուցաբերում, թե տարբեր կրոնական կամ աղանդավորական կազմակերպությունները, Վ. Դևրիկյանը պատասխանեց, որ համապետական գործունեություն աղանդավորականները չեն ծավալում, կրոնական կազմակերպություններից յուրաքանչյուրը մի տեղում կամ համայնքում կարող է իրականացնել նմանատիպ օժանդակություններ, բայց ոչ ամբողջ երկրում: Հ. Խառատյանը զարմացած է, որ ԱԺ-ն ընդհանրապես փորձում է ձևակերպել քրիստոնեություն ասվածը և թե ում կարելի է անվանել քրիստոնեական: Ըստ նրա` սա ԱԺ-ի քննարկելիք հարցը չէ, ոչ էլ սահմանադրորեն իր գործառույթի մեջ է մտնում. «Սա կրոնական խնդիր է, եւ եթե ԱԺ-ն` 131 պատգամավորով, որոնցից չգիտեմ էլ քանիսը գիտի, թե ինչ է քրիստոնեությունը, որոշելու են, թե քրիստոնեություն բառը ում վրա կարելի է տարածել, սա արդեն հակասահմանադրական է»: Հրանուշ Խառատյանի տվյալներով, Հայաստանում գրանցված են 66 կրոնական կազմակերպություններ, որից 40-ից ավելին բողոքական եկեղեցու տարբեր ուղղությունների կրոնական կազմակերպություններն են, 4-ը` ռուսաական ուղղափառ եկեղեցու կառույցներից: Որպես ոչ քրիստոնեական կրոնական կազմակերպություն գրանցված է հրեական, 2 եզդիական,  բահայիների համայնքի, եհովայական կազմակերպությունները և այլն: Ի դեպ, եթե վերոնշյալ ձևակերպումները մտցվեն օրենքի մեջ, ապա բոլոր կրոնական կազմակերպությունները պետք է վերագրանցվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter