Թամանյանական Երեւանին «Համեր»-ներ պետք չեն
«Մենք ֆինանսական միջոցներ կարող ենք հայթայթել մեր պետության ներսում: Արտաքին պարտքի մեծացումը չի կարելի թողնել մեր զավակների ուսերի վրա»,-այսօր տնտեսական ճգնաժամի թեմայի շուրջ «Հայացք» ակումբում հրավիրված աուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգությունը» դեմ է արտաքին պարտքի հաշվին խնդիրներ լուծելուն:
«Ժառանգության» խմբակցության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանն էլ ներկայացրեց որոշ տվյալներ հարկային դաշտից, համաձայն որի`Հայաստանում 30 մլրդ-ից ավել հարկ վճարում է միայն մի ձեռնարկություն: Մշտապես դա եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այժմ դարձել է Ղ-Տելեկոմը: 20 մլրդ-ից ավել վճարող ընդամենը երկու տնտեսվարող սուբյեկտ կա: Բանախոսը հարցնում է, թե այդ դեպքում ուր է այն տնտեսական աճը, որը պետք է ավելացներ նաև հարկերը:
«Ստվերային տնտեսությունը ինչպես կա 50%, այնպես էլ մնացել է: Արդեն 500 մլն դոլար վարկ ենք ստացել Ռուսաստանից, մի այդքան էլ կստանանք Համաշխարհային բանկից, և այսօրվա 1,5 մլրդ դոլար արտաքին պարտը կդառնա 2,5 մլրդ: Մենք հակված ենք դիմելու ոչ թե դրսի վարկային միջոցներին, այլ կոնսոլիդացնենք ներքին ներդրումները, ունենալ ազգային արդյունաբերության ծրագիր, որ կապահովի աշխատատեղերով, ստեղծել աշխատուժ, և կապիտալ ներդրումներ ունենալ»,-ասաց Ն. Արիստակեսյանը:
Վերջինիս կարծիքով, ճգնաժամից դուս գալու համար պետք է կրճատել նաև գործադիր իշխանության պահպանման ծախսերը, իջեցնել սպասարկման մեքենաների քանակը, որը բյուջեից խլում է մեծ գումարներ:
«Ժառանգությունն» առաջարկում է կառավարությանը մտցնել պրոգրեսիվ հարկման քաղաքականություն. գերշահույթներ ստացող տնտեսվարող սուբյեկտներ կամ ոլորտներ չպետք է լինեն ՀՀ-ում:
Գումարներ հայթայթելու երկրորդ ուղին ստվերը կրճատելն է և խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելը:
Երրորդ ուղին` պրոգրեսիվ հարկման գաղափարը մտցնելն է անշարժ սեփականության վրա: «Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես վերահսկիչ պալատը բազմաթիվ չինովնիկների խախտում է արձանագրում, բայց այդ չինովնիկները պատժից խուսափում են` ընդամենը վերականգնելով հասցված վնասը, իսկ եթե չեն հայտնաբերվում` բնականաբար յուրացվում են,-փաստեց Ա. Մարտիրոսյանը և շարունակեց,-մաքսային վարչության պետը, որ ընդամենը ստանում է 700-800 դոլարրի չափով աշխատավարձ, կարող է ունենալ բազմամիլիոնանոց դղյակներ, այնպիսի հարստություն, որն անցնում է միլիարդից, և դրա մասին տպագրում է «Ֆորբս» ամսագրում, որից հետո ամսագիրը փակվում է: Այդ ամսագի տվյալներով` նշված է նաև երկրորդ նախագահի անունը»:
«Քննչական մարմինները չեղած տեղը կարողացան ապացուցել, որ Մյասնիկ Մալխասյանի հարազատներին պատկանող բիզնեսը հենց Մ. Մալխասյանինն է, քննչական ծառայությունները շատ հանգիստ կարող են ապացուցել նաև մյուս չինովնիկների իրական ունեցածները: Այստեղ նաև խնդիր է առաջանում, թե արդյոք մեր իշխանությունները քաղաքական կամք կունենան, որպեսզի այդ գործառույթներն իրականացնեն, և տնտեսական դաշտը դարձնեն ազատ մրցակցության պայմաններում:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, պրոգրեսիվ հարկը պետք է սկսվի 1 մլն դոլար արժողության սեփականությունից և շքեղ մեքենաներից. «Բոլորովին անհրաժեշտ չէ Թամանյանի նախագծած փողոցներում տանկի մեծության «Համեր» մեքենաների մեծաթիվ քանակ»:
Ժառանգության փորձագետներն արդեն աշխատում են պրոգրեսիվ հարկման մասին օրենքի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել