HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները Երիտասարդական կենտրոնից տարել են «Խոնարհ հերոսներ» սկավառակը

Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի և «Շարլ Ազնավուր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությունից անցել է 6 օր, սակայն դեռևս հայտնի չեն նրանց առաջադրված մեղադրանքների հիմքերը: Գ.Մինասյանը և Ս. Հակոբջանյանը մեղադրվում են Վրաստանի Քրեական Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով` անօրինական զինված խմբավորման ստեղծում կամ ղեկավարում  և 314-րդ հոդվածի 1-ին մասով` լրտեսություն: Հարուցած քրեական գործը քննում է Վրաստանի ՆԳՆ-ի հակահետախուզության վարչությունը: Հունվարի 27-ին «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ հայագիտական ամբիոնի գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանն ու ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը լրագրողներին ասացին, որ այդ մեղադրանքները անհիմն են: Մամուլում շրջանառում է ևս մեկ տեսակետ, որ եթե լրտեսության մեղադրանքով ձերբակալվում է ազգությամբ հայը, ուրեմն վրացական իշխանությունները նկատի են ունեցել լրտեսություն Հայաստանի օգտին: Ոմանք էլ պնդում են, որ Գրիգոր Մինասյանի ձերբակալության պատճառը նրա ՀՅԴ կուսակցության  անդամ լինելն է: «Հայելի» ակումբի բանախոսներին տրված հարցին, թե ինչ կապ ունի Գրիգոր Մինասյանը Հայաստանի հետ, վերջիններս պատասխանեց, որ կապը այն է, ինչ բոլոր ջավախքցիներն ունեն: ՀՅԴ բյուրոյից փորձեցինք ճշտել, թե արդյոք Գ. Մինասյանը Դաշնակցության անդամ էր, բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը հերքեց այդ տեղեկատվությունը: «Ոչ, նա դաշնակցական չի եղել, այլ եղել է ՀՕՄ-ի երտասարդական գրասենյակի պատասխանատուն»: ՀՅԴ-ն դեռ որևէ քայլ չի ձեռնարկել այս հարցի առիթով, քանի որ, ըստ Ա. Շահբազյանի, դեռ պետք է հասկանալ իրավիճակը, հասկանալ, թե ինչ հիմքի վրա են այդ մեղադրանքները, հետո քայլեր ձեռնարկել. «Սա հորինված բան է, խուճապի մեջ գտնվող նախագահի գործողություններ»,-հավելեց նա: ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Հետքին ասաց, որ այս դեպքերը գլոբալ քաղաքականության արդյունք են. «Կուսակցական պատկանելությունը տվյալ դեպքում ես չեմ կարևորում, եթե Գրիգոր Մինասյանն ասում է, որ դաշնակցական է, ուրեմն դաշնակցական է, ես նման բան իրենից չեմ լսել: Դաշնակցական լինելը մեղադրանք համարելը և կալանավորելը, անտրամաբանական է, ինչու այլ երկրներում դաշնակցականներին չեն կալանավորում, Չախալյաններն էլ հո կուսակցակա՞ն չէին,-հարցին հարցով արձագանքեց պատգամավորը և շարունակեց,-խնդիրն այն է, որ ազգային, մշակութային գործունեությամբ զբաղվող մարդկանց տեռորի են ենթարկում Վրաստանում, չի կարելի կուսակցական պատկանելությունը դրա պատճառ դարձնել»: Ախալցխայի երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2006թ.-ի սեպտեմբերին Հայ օգնության միության կողմից` Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի (ՋՕԾՀ) գործունեության շրջանակներում: «Երիտասարդական կենտրոնը կարծես անապատում օազիս լիներ»,-ասում է ՀՕՄ-ի ՋՕԾՀ-ի անդամ Աննա Մնացականյանը: 2001թ.-ին ՀՕՄ-ը պաշտոնապես մուտք է գործել Ջավախք, և Վրացական իշխանությունների հետ բացահայտ խնդիրներ չեն եղել: Աննա Մնացականյանը վստահեցրեց, որ այսօր էլ որևէ բացահայտ խնդիր չկա, բայց անշուշտ դժվարություններ եղել են: «Վերապահում միշտ եղել է, մեր կազմակերպությանը այնտեղ որևէ գրանտ չէր տրամադրվում: Ազգապահպան գործոնը կազմակերպության կարևորագույն գործոններից է, որը բնականաբար վրացական իշխանություններին շատ հաճելի չպիտի լինի, որովհետև այնտեղ պետական քաղաքականությամբ ճիշտ հակառակն է տարվում, հայոց լեզուն դպրոցներում չի դասավանդվում, վրացերենը պահանջվում է, եթե որևէ պաշտոնի ես հավակնում, պետք է ազգանուն փոխես և այլն»,-ասում է Ա.Մնացականյանը: Վերջինիս խոսքերով, այդ երիտասարդական կենտրոնները Ախալքալաքում և Ախալցխայում բովանդակային ծրագրեր են, որոնք հիմք են ծառայում երիտասարդներին հավաքվելու ու զրուցելու, գործում են նաև տարբեր խմբակներ` պարի, օտար լեզվի, համակարգչային և այլն: Կենտրոնները մեծ հետաքրքրություն են առաջացրել տեղի երեխաների և երիտասարդների շրջանում, հաճախում են նույնիսկ վրացի երեխաներ: Ախալցխայի կենտրոնը գործել է ավելի ակտիվ, խմբակները մասնակցել են տարբեր մրցույթների և մրցանակներ շահել: Քանի որ հաջողությունը ակնհայտ էր, իրենք շատացրել են խմբակները. ՀՕՄ-ը նախատեսել էր մեկ խմբակ, մեկի փոխարեն բացվել են երեքը: Նույնիսկ արդեն հերթ է գոյացել, 50-ի փոխարեն 150 երիտասարդ է հաճախում: Գրիգոր Մինասյանին Կենտրոնի տնօրեն նշանակել է ՀՕՄ-ը: «ՀՕՄ-ը համարվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության քույր կառույց, միայն այդքանով է առնչվում կուսակցության հետ, բայց ունի իր գործունեության շրջանակները հասարակական բարեգործական բնագավառում»,-նշեց Աննա Մնացականյանը և տեղեկացրեց, որ այսօր էլ կենտրոնը շարունակում է գործել` չնայած տնօրենի ձերբակալությանը: «Գրիգորը լավ թիմ էր ձևավորել, լավ աշխատակազմ կա այնտեղ, վստահ եմ, որ նրանք կարողանում են շարունակել աշխատանքըլ»,-ավելացրեց Ա.Մնացականյանը: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ծրագրերի ղեկավար  Կարինե Թադևոսյանը նույնպես հաստատեց, որ կենտրոնը այս պահին աշխատում է և չի փակվել: ՀՕՄ-ի տեղեկություններով, Կենտրոնի խուզարկությունից հետո տարել են «Խոնարհ հերոսներ» սկավառակը, որը պատմում է արցախյան հերոսամարտի մասին, տարել են նաև այլ սկավառակներ և գրքեր: ՀՕՄ-ի կողմից Գրիգոր Մինասյանին փաստաբան չի տրամադրվել, բայց Աննա Մնացականյանը ենթադրում է, որ ինչ-որ բան պետք է արված լինի: Ա.Մնացականյանն ասում է, որ իրենք իհարկե զբաղվում են Գրիգորի հարցով, բայց «խնդիրը դուրս է եկել ՀՕՄ-ի շրջանակներից, քանի որ գրգիռներն էլ պետական մակարդակով են եղել, հիմա մեր իշխանությունները համապատասխան արձագանք են տալիս: Ես չեմ կարծում, որ այդ տղաները մեծ զանցանք էին գործել դա ընդամենը եղել է մշակութային կենտրոն»,-ասում է Աննա Մնացականյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter