Բանակում պետք է ծառայեն միայն առողջ տղաներ
«Մենք չենք ուզում, որ մեր բանակում լինեն հիվանդություններով տառապող երեխաներ, դա թուլացնում է մեր բանակը, դեպքերը շատ են, և մեր ամենամեծ պրոբլեմը հենց մեր հիվանդ զորակոչիկների հարցն է»,-այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Զինվորի մայր» Հկ-ի նախագահ Գրետա Մրիզոյանը: «Զորակոչի թիվը այսօր 1991-92թթ.-ի երեխաներ են, և հաշվի առնելով, թե ինչ կյանք են ապրել այս երեխաները, մենք համարյա մեծ թվով երեխաներ ունենք ողնաշարի հիվանդությամբ, որովհետև նրանք լույս չեն տեսել, նույն երեխաներն են այսօր բանակում»,-պարզաբանեց բանախոսը:
«Զինվորի մայր» կազմակերպության դերն էլ, ըստ նրա, փրկելն է այն բոլոր երեխաներին, ովքեր ի վիճակի չեն զորակոչվել:
Տիկին Միրզոյանը շեշտեց, որ բանակում այսօր կարգ ու կանոնը պատշաճ է, իսկ ամենամեծ նորությունն այն է, որ զինվորներն ունեն տաք ու շքեղ հագուստներ, նրանք այլևս չեն մրսում, սննդի պակաս չի զգացվում, իհարկե, որոշակի տարբերություններ կան զորամասերի միջև, բայց դա արդեն տվյալ զորամասի հրամանատարության խնդիրն է:
Ճիշտ է, Գ. Միրզոյանը չժխտեց նաև բանակում տեղի ունեցող ծավալի դեպքերի մասին, բայց դա կապեց զենքին չտիրապետելու և ծնողական ոչ ճիշտ դաստիարակության հետևանքների հետ:
Անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքի որոշ փոփոխություններին, Գ. Միրզոյանը նշեց, որ ինքը համաձայն չէ 18 տարեկանը լրանալուց անմիջապես հետո երիտասարդների զորակոչելու դրույթին, այլ կողմ է 20 տարեկանից նրանց զորակոչելու տարբերակին:
Մինչդեռ ակումբի մյուս բանախոսը` արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, շեշտելով իր զինվորական լինելը, ասաց, որ օպտիմալ տարիքը 18-ն է, իհարկե կարևորեց նաև տաղանդավոր երեխաներին չզորակոչելու պայմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել