HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Ալվրցյան. «Վրացիները գլխատում են Ջավախքի ակտիվ մասսային»

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երկու օր առաջ վերադարձել է Ախալցխայից և այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին ասաց, որ մանրամասներին տեղում հնարավոր չէ ծանոթանալ, քանի որ տեղեկատվություն չի տարածվում: Շիրակ Թորոսյանը փաստեց, որ ճանաչում է  Գրիգոր Մինասյանին և  Սարգիս Հակոբջանյանին: Նրանք Ախալցխայում զբաղված էին կրթամշակութային և ազգային գործունեությամբ: Վերջիններս մեղադրվում են լրտեսության և գաղտնի զինված խմբավորումների հետ գործակցելու մեջ: Շիրակ Թորոսյանը հարցնում է, թե այդ դեպքում ում օգտին են նրանք լրտեսությամբ զբաղվել` Հայաստանի, Թուրքիայի, թե Ռուսաստանի, ինչ կասկածներով են ձերբակալվել, և ուր է այդ ռազմականացված կազմակերպությունը, դրա գտնվելու վայրը: «Այս մարդիկ ձերբակալվել են, որպեսզի գլխատվի Սամցխե-Ջավախքում կրթական, մշակութային, ազգային-հասարակական գործունեությունը, որպեսզի խորանա վախի, սարսափի ու անվստահության խնդիրը: Այսօր Վրաստանի իշխանությունները իրականացնում են բերիայական մեթոդներով քաղաքականություն»,-համոզված է Շիրակ Թորոսյանը: «Հայելի» ակումբի մյուս բանախոսը` ԵՊՀ հայագտիական ամբիոնի գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը, գտնում է, որ այս ամբողջը ճիշտ հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել վերջին տարիներին Սամցխե-Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների. «Քանի որ վրացական իշխանությունները անտեսում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ ստանձնած պարտավորությունները, և այդ ոտնահարումը պետք է արդարացնեն, նրանք որոշեցին ակտիվ մասսային գլխատել»: Հ.Ալվրցյանը հիշեցրեց նաև Ախալքալաքի ակտիվիստների` Վ. Չախալյանի, Գ. Շիրինյանի և այլոց նկատմամբ ոտնձգությունները և նշեց, որ «սա վրացիների կողմից լրջորեն մշակված քայլ է, քանի որ քաղաքական հարցը ուզում են քրեականացնել»: Իսկ հակահարվածը, ըստ բանախոսի, պետք է լինի այն ճիշտ ռազմավարական գիծը, որը որդեգրել են Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը` օրինականորեն դիմելով տարբեր ատյաններ: «Սա կեղծ, շինծու ու անհեթեթ մեղադրանք է»,-համոզված է հայագիտական ամբիոնի գիտաշխատողը: Շիրակ Թորոսյանը վերադառնալուց հետո փորձել է խնդիրը ներկայացնել իշխանական թևի ներկայացուցիչների շրջանում, սակայն արձագանքը ուշանում է. «Հայկական իշխանությունները պետք է ակտիվորեն արձագանքեն և միջամտեն այս խնդրի լուծմանը և ոչ միայն այս տղաների ձերբակալությունների հետ կապված, այլ Ջավախքի խնդիրների հետ կապված»: Շիրակ Թորոսյանի կարծիքով դեպքերին պետք է արձագանքեր և' ԱԳՆ-ը, և'Սփյուռքի նախարարությունը և' այլ մարմիններ: Սակայն դեռ որևէ արձագանք չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter