
Իշխանության հեռուստատեսություն
Արա Շիրինյան
Վերջին հինգ տարում Հայկական հեռուստատեսությունը վերջնականապես այլասերվեց: Կորցնելով իր հասարակական նշանակությունը` հեռուստատեսությունը որպես զանգվածային լրատվության միջոց վերածվեց իշխանությանը եւ օլիգարխներին սպասարկող մասնավոր-պետական հոլդինգի:
Այսպես Հայաստանում ստեղծվեց հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններից բաղկացած իշխանության հեռուստատեսություն: «Անկախ» հեռուստաընկերություններ կոչվող «օբյեկտները» սեփականաշնորհվեցին օլիգարխների կողմից գրեթե կամավոր-ստիպողական հիմունքներով, եւ հիմա նրանք փորձում են ինքնահատուցել ծախսերը աննախադեպ առեւտրա-գովազդային գործունեությամբ: Ինչպե՞ս է դա անդրադառնում հասարակության վրա` դեռ կխոսենք:
Հեռարձակման իրավունքը տալիս է իշխանությունը` ի դեմս Ազգային Հանձնաժողովի, որը թեեւ կատարում է իր հիմնական պարտականությունը, այն է` «Ա1+» հեռուստաընկերությանը լիցենզիա չտրամադրելը, սակայն չի կարողանում դա հիմնավորել: Միակ եւ անհաջող փորձն արվեց մի արտահայտությամբ` «թույլիկ»: Այս հիմնավորումը, սակայն, դուր չեկավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը դրա համար տուգանեց Հայաստանի հանրապետությանը 30 հազար եվրոյի չափով:
Ընդ որում` գումարը վերցվեց պետական բյուջեից, այսինքն` հարկատուներից, ովքեր եւ տուժել էին` զրկվելով «Ա1+»-ը դիտելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ պետական պաշտոնյաները պետք է զարգացնեն խոսելու, նամակ գրելու եւ հիմնավորելու իրենց կարողությունը, որպեսզի Հայաստանը զերծ մնա պատժամիջոցներից: Ավելորդ չէ նաեւ կարդացածը հասկանալու կարողությունը: ՀՀ կառավարությունը ոչ մի կերպ չի ըմբռնել Եվրոպական դատարանի որոշման այն պարբերությունը, որտեղ գրված է «Ա1+»-ին եթեր վերադարձնելու մասին:
Ուստի, hնարավոր են նոր պատժամիջոցներ: Մրցույթ հայտարարելու փոխարեն կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2010 թվականն ընդհանրապես չտրամադրել հաճախականություններ, քանի դեռ չի թվայնացվել ամբողջ հեռուստահամակարգը: Պարզ է, որ այստեղ կարող էր հնչել ցանկացած ուրիշ պատճառաբանություն, ասենք` «ծառերը կանգնած են մահանում»:
Նորությունների պարետային ժամ
Հայաստանում գրեթե բոլոր հեռուստաալիքները վերահսկվում են իշխանության կողմից: Այդ իսկ պատճառով հեռուստատեսային լուրերում այլեւս չես գտնի օգտակար տեղեկատվություն: Բոլոր «նորություններով» լուսաբանվում են նույն «իրադարձությունները», որոնք արտացոլում են ամեն ինչ, բացի իրականությունից:
Սակայն պետք չէ զարմանալ, որովհետեւ Հայաստանում լուրերը ստեղծվում եւ տարածվում են ուրիշ նպատակով: Հեռուստալրատվության դերը ռեժիմի վերահսկողությունն է, ուժի ցուցադրումը, ամենօրյա հիշեցումը, որ «մեր դեմ խաղ չկա»: Այսպես հեռուստաեթերը դարձավ իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը: Հայ հասարակությունը դիտում է լուրերը, որպեսզի գնահատի նոր բեմադրված ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է նախագահը եւ կառավարությունը կամ առանձին վերցրած խորհրդարանական մեծամասնությունը հոգում ժողովրդի բարեկեցության մասին: Իշխանության տեխնոլոգները համոզված են, որ եթե չլինեն լուրերը, ժողովուրդը չի իմանա, որ լավ է ապրում:
Հետո՞ ինչ, որ իրականությունը չի արտացոլում տնտեսական աճը, դրամի ամրապնդումը, երկրում տիրող կարգուկանոնը, փոխարենը դա արտացոլում են լուրերը: Գործնականում հեռուստաալիքների առջեւ դրված է իշխանության «դրական իմիջ» ստեղծելու խնդիրը: Սակայն ոչ մի ուրիշ կառույց չի կարող վարկաբեկել իշխանությանը այնպես, ինչպես հեռուստատեսությունը, որը վերահսկվում է նույն իշխանության կողմից: Սպառելով վստահության բոլոր պաշարները` իշխանության հեռուստատեսությունը դիմեց վերջին հնարքին` զվարճացնել ժողովրդին այն աստիճան, որ մարդիկ դադարեն հասկանալ, թե ինչ երկրում են ապրում:
Հատուկ նշանակության ժամանց
2006 թվականի հունվարից AGB Nielsen Media Research ընկերության շնորհիվ հայկական հեռուստաալիքները հնարավորություն ստացան ամեն օր հետեւել հաղորդումների վարկանիշներին: Պարզվեց` որքան ավելի ցածր է հաղորդման բովանդակային մակարդակը, այնքան շատ հեռուստադիտող է այն հավաքում: Հետեւաբար, այլեւս կարեւոր չէ, թե ինչ ես ցուցադրում, կարեւորը` որ այն դիտի մեծամասնությունը:
Այդ օրվանից հայ հեռուստադիտողը վայելում է լատինաամերիկյան սերիալների բույրը` չկասկածելով, որ դա առաջացնում է հեռուստատեսային կախվածություն: Այսօր արդեն մեր հասարակությունը բոլոր հայկական ալիքներով միասին վերցրած ամեն օր դիտում է 30 սերիալ: Շատերի համար սերիալի հերոսների կյանքով ապրելը դարձել է ապրելու միակ հնարավորությունը:
Վարկանիշների համաձայն` սերիալներից բացի հեռուստադիտողը նախընտրում է դիտել հումոր եւ զվարճալի հաղորդումներ: Եւ ահա հեռուստաէկրաններ խուժեց կատակասեր երիտասարդների նոր տեսակ, որը պատրաստ է ծաղրել ամեն ինչ, միայն թե հետո չծեծեն: Զվարճալի հաղորդումների մեծ մասը աչքի է ընկնում գռեհիկ բովանդակությամբ, անցնում է բարոյականության եւ էթիկայի սահմանները: Մի՞թե այդքան անհրաժեշտ է, որ հեռուստադիտողը հռհռա էկրանի առաջ: Շատերի կարծիքով` ժողովրդի պահանջը դա է: Իրականում այդ պահանջարկը ստեղծում եւ սնուցում է հեռուստատեսությունը: Այն հումորը, որն այսօր շրջանառության մեջ են դրել հեռուստաալիքները, կարող է պատշաճ եւ տեղին հնչել ակումբի պատերից ներս, ընկերական շրջապատում, բայց ոչ եթերում: Անեկդոտը սուբկուլտուրա է, որն ունի տարածման սահմաններ (ի դեպ, հին հունարենով նշանակում է «չհրապարակված»):
Կարճ ասած` եթե անեկդոտը ներկայացվում է հեռուստատեսությամբ, դա արդեն հեռուստատեսություն չէ: Գրեթե բոլոր հայկական ալիքները ժամանցային են եւ դաժան մրցակցություն են ծավալել վարկանիշների համար: Առաջին տեղում Հանրային հեռուստատեսությունն է, որն ունի խիստ ընդգծված կոմերցիոն ուղղվածություն: Այստեղ շատ է գովազդը, սնանկացնող նախագծերը, սարքովի շոուները: Հետո գալիս են «Շանթն» ու «Արմենիան»: Վերջինս չի ընդունում AGB Nielsen-ի վարկանիշները եւ չափումներ է պատվիրում մեկ այլ կազմակերպության, որի տվյալներով առաջին տեղում, բնականաբար, «Արմենիան» է: Նեոկապիտալիստական այս մրցակցությունը առնվազն ցինիզմ է մի երկրում, ուր բնակչության զգալի մասն ապրում է աղքատության շեմին: Ռեյտինգներով առաջնորդվող հեռուստաալիքները անխուսափելիորեն իջնում են իշոտնուկի մակարդակին:
Ցավոք, սա ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային կոմերցիոն հեռուստատեսության ընդհանուր միտումն է: Հանրային հեռուստատեսության ղեկավարները արդարանում են, թե` հարկատուների փողերը ծախսող հեռուստաընկերությունը պարտավոր է բավարարել մեծամասնության ճաշակը: Սակայն քաղաքակիրթ երկրներում հանրային հեռուստաընկերույթունները այլ խնդիրներ ունեն: Նրանց դերն ու նշանակությունը արտացոլված է ԵԽԽՎ «Հանրային հեռարձակման» մասին փաստաթղթերում: Հանրային հեռարձակման նպատակը ոչ թե մեծամասնության ճաշակը բավարարելն է, այլ ունիվերսալ բովանդակություն ապահովելը:
Սա նշանակում է բարձրացնել զանգվածային հաղորդումների որակը եւ մատչելի դարձնել համամարդկային արժեքները բոլորի համար: Աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ հանրային հեռուստատեսությունն ունի ամենաբարձր ռեյտինգը: Այդպիսին է, թերեւս, միայն BBC-ն, որը չափանիշ է ամբողջ աշխարհի համար: Սակայն Հայաստանում ժամանցային եթերը ավելի քան համապատասխանում է իշխանության հեռուստատեսության նպատակներին, որն է` շեղել հեռուստադիտողին իրական խնդիրներից, պարտադրել անհոգ ապրելակերպ, ստեղծել իրականության ընկալման կարծրատիպեր` կյանքը դարձնելով դատարկ ժամանց:
«Սերիալական» արտադրության զենք
Հայկական հեռուստաալիքների վերջին ճիչը տեղական արտադրության սերիալներն են: 2008 թվականին եթեր դուրս եկան շուրջ 10 այդպիսի սերիալներ, որոնք պատկերում են մեր իրականությունը: Ի՞նչ են իրենցից ներկայացնում հայկական սերիալները: Ինչպես եւ սպասվում էր` «գողական ռազբորկա», որն արդեն դարձել է հետխորհրդային կինոյի պաշտոնական ժանր: Եւ ահա, ամեն օր ցուցադրվում է մի տհաճ պատմություն նույնքան տհաճ մանրամասներով, որտեղ դժվար է կռահել, թե ով է դրական հերոսը` բոլորը հանցագործ են: Քաղաքը գողերի որջ է: Ոստիկանները` խեղճուկրակ հիմարներ:
Պաշտոնյաները` կաշառակերներ: Մտավորականները` հարիֆներ: Երեխաները` ստոր արարածներ: Հեղինակների հիվանդ երեւակայությամբ ստեղծվել է դրամա, որի ամբողջ բովանդակությունը նողկալի հանցագործություններն են, շանտաժը, դավաճանությունը, ծեծ ու ջարդը, սպանությունը, կենդանի մարդու թաղումը: Եւ այս բոլորը` անպատիժ: Չկա պետություն, չկա օրենք, չկա հասարակություն եւ բարոյականություն:
Ու՞մ մտքով է անցել սա եթեր տալ հեռուստատեսությամբ մի քանի ամիս շարունակ: Որեւէ մեկը կարո՞ղ է հաշվել սրա վնասները: Բնավ, չեմ ուզում մեղադրել դերասաններին, ռեժիսորներին. նրանք իրենց գործն են անում, հավանաբար նույնիսկ ավելի լավ, քան կարելի էր սպասել` ստեղծելով կյանքից վերցրած, ծանոթ խառնվածքով հավաստի կերպարներ: Սակայն որեւէ հասարակական արժեք նրանց այս աշխատանքը չունի:
Բացի գարշելի տեսարաններից, սերիալը լցոնել են նաեւ թաքնված գովազդով (product placement)` ավտոսրահների, էլիտար խանութների, ռեստորանների, հյուրանոցների, սպորտդպրոցների, ժամանցի սրահների եւ բազմաթիվ սպառողական ապրանքների, որոնց հոլովակները երբեք չեն իջնում հեռուստաէկրաններից:
Հենց այդ գովազդային հոլովակների տեքստերն էլ գրեթե առանց փոփոխության (copy/paste-ով) տեղափոխվել են հերոսների դիալոգների մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ այս ապրանքներն ու ծառայությունները ոչ թե մարդկանց համար են, այլ մարդասպանների: Կարելի է ենթադրել, որ սերիալների փաստացի ֆինանսավորողը հայկական բիզնես-էլիտան է, իսկ սերիալում ցուցադրվող հանցագործությունները` դրվագներ նրանց կյանքից: Որեւէ մեկին այս երկրում մտահոգու՞մ է, որ նման սերիալները հասարակության մեջ առաջացնում են ապագայի նկատմամբ վախի եւ անորոշության զգացում, երիտասարդ սերնդին թելադրում վարքագծի մոդելներ: Մեր հասարակության զգալի մասը չունի ձեւավորված արժեքային համակարգ եւ ընդօրինակում է այս վարքագիծը: Մարդիկ արագ յուրացնում են սերիալների բովանդակությունից բխող միակ ասելիքը, որ այս կյանքում գոյատեւում են միայն հանցագործները եւ սուպերհերոսները: Եթե ձեզ մի բան պակասում է այս կյանքում` խլեք ուրիշից, մեկը դուր չի գալիս` գլուխը ջարդեք, սպանեք: Մեր իրականությունն էլ տալիս է դրա բազմաթիվ օրինակները. ինչպե՞ս չհավատալ: Պատահական չէ ասված` որքան ավելի զվարճալի է դառնում հեռուստատեսությունը, այնքան ավելի վտանգավոր է դառնում փողոց դուրս գալը: Կոմերցիոն, ժամանցային հեռուստատեսությունը որեւէ պատասխանատվություն չի կրում հասարակության առջեւ: Նրա միակ խնդիրը հեռուստադիտողին ցնցելն է եւ գումար աշխատելը: Այս ամենի համար վճարում է հասարակությունը` ռիսկի ենթարկվելով իրապես հայտնվել այն սարսափելի երկրում, որի պատկերն արդեն ուրվագծել են հեռուստաալիքները:
Այժմ «Որբերի» մասին: Հանրային հեռուստատեսության ինքնահրճվանքը այս սերիալով բացատրվում է հերոսների ապրած ժամանակաշրջանով` «անցյալ դարի 90-ականների մութ ու ցուրտ տարիներ»: Իսկ այնտեղ, որտեղ կա քաղաքական դեմագոգիա` գեղարվեստական արժանիքների մասին խոսելն ավելորդ է: Այնուամենայնիվ, ո՞րնէ սերիալի հիմնական գաղափարը:
Հեղինակները, իրենց խոստովանությամբ, հավատում են, որ շատ ծնողներ, սերիալից խղճահարված, հետ կվերցնեն իրենց երեխաներին մանկատներից: Թվում է, թե ի՞նչ վատ բան կա այստեղ: Մի կողմ դնենք, որ այս մտայնությամբ, լքված երեխաների համար մարդկային պայմաններ ապահովելու անկարող պետության մեղքը բարդվում է ծնողների վրա իբրեւ հասարակության արատ: Խնդիրն այլ է:
Մանկատանը մեծացած երեխաների հիմնական պրոբլեմը հենց խղճահարությունն է, որից չեն կարողանում ազատվել ամբողջ կյանքում: Խղճահարություն առաջացնելով մանկատան երեխաների հանդեպ` սերիալը մարդկանց մոտ ձեւավորում է կարծրատիպեր, որոնք դժվարացնում են նրանց հետագա ներգրավումը հասարակության մեջ: Եթե Հ1-ը երբեւէ վավերագրական (ոչ հորինված) ֆիլմ նկարած լիներ այս թեմայով` գուցե եւ իմանար: Մանկատնից դուրս եկած ցանկացած պատանի նույնը կասի:
Եթերային ռեժիմի հսկողություն
Տարբեր առիթներով հեռուստադիտողներն արտահայտել են իրենց դժգոհությունը հայկական հեռուստաալիքների վերաբերյալ: Լրագրողները, քննադատները, ուսուցիչները եւ մտավորականությունը բազմիցս զգուշացրել են, որ հեռուստաէկրաններից հորդող գողական ժարգոնն ու մտածելակերպը բացասաբար են անդրադառնում դեռահասների վարքագծի վրա:
Նույնիսկ ՆԳ նախարարությունը ստիպված եղավ դժգոհություն հայտնել սերիալներում պատկերված ոստիկանների կերպարների առնչությամբ: Մամուլն արդեն գրել է, որ հարցումների համաձայն` դպրոցականների մեծ մասն ուզում է դառնալ «գող» եւ «մլիցա», իսկ որպես բարի գործ` «ասֆալտապատել» եւ «կառուցել էլիտար շենք»: Խորհրդարանական լսումների ժամանակ հեռուստաընկերությունների տնօրենները բացահայտ հայտարարեցին, որ սերիալները ընդամենն արտացոլում են կյանքը, ինչպես որ կա: Իսկ չնորմավորված լեզուն օգտագործվում է ոչ միայն գողական սերիալներում, այլեւ խորհրդարանում: Կարճ ասած` մի ձեզ նայեք:
Ոչ ոք չհամարձակվեց առաջարկել հարցի կարգավորման մեխանիզմներ, որովհետեւ բոլորը հասկանում են, որ չի կարելի կարգավորել այն, ինչ արդեն կարգավորվում է վերեւից: Իշխանությունն արդեն կատարել է գործարքը` հանձնելով հեռուստադիտողին մասնավոր ալիքների հոշոտմանը` տոտալ քաղաքական վերահսկողության դիմաց:
Ինչպե՞ս է հնարավոր, որ հասարակության մեծ մասի դժգոհության պարագայում անգամ հեռուստատեսությունը շարունակի այսկերպ գործել: Պատճառը այս իշխանության մենթալիտետն է: Երկիրը գաղութի ռեժիմով եւ գողական օրենքներով վերահսկող իշխանությունը չէր կարող ուրիշ հեռուստատեսություն ունենալ: Ոգչ իշխանությունը, ոգչ օլիգարխները շահագրգռված չեն քաղաքացիական հասարակության ձեւավորմամբ` դրա մեջ տեսնելով վտանգ իրենց գոյությանը:
Տեղեկացված, հեռուստակախվածությունից ազատ, ինքնուրույն մտածող քաղաքացիները կպաշտպանեն իրենց իրավունքները, թույլ չեն տա իշխանությունների կամայականություններ, արտադրողների անբարեխղճություն եւ առավել եւս չեն հանդուրժի այսպիսի հեռուստատեսություն եւ այսպիսի իշխանություն:
Մեկնաբանել