Գ. Ծառուկյանը չի մասնակցելու «Բջնիի» աճուրդին
Այսօր «Տեսակետ» ակումբը հյուընկալել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նորանշանակ խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նա հակիրճ ներկայացրեց իր նախկին գործունեությունը, պատմեց, որ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, այժմ էլ դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում:
Կուսակցության մամուլի գրասենյակը ստեղծվել է քաղաքականության, հասարակության մեջ հանրահայտ մարդկանց շփումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար: «Անվիճելի է այն փաստը, որ պրն Ծառուկյանը այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ամենահայտնի և վառ անհատականություններից մեկն է, որը բացի քաղաքական գործունեությունից զբաղվում է նաև բարեգործական, գործարար, սպորտի և այլ գործունեությամբ»,-նշեց խոսնակը:
Խ. Գալստյանը տեղեկացրերց, որ փետրվարի 12-ին նախատեսվում է «Բարգավաճ Հայաստանի» հերթական` 4-րդ համագումարը: Այս պահին կուսակցությունը զբաղված է տարածքային և համայնքային կազմակերպությունների տարեկան հաշվետվություններին ուղղված նախահամագումարային կոնֆերանսների կազմակերպմամբ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտ անցնելու, Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը ղեկավարելու և Գ. Ծառուկյանի վարչապետ դառնալու հավակնությունների մասին մամուլում հրապարակված տեղեկություններն ու ենթադրությունները հերքեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը: «Կուսակցությունը շարունակելու է կոալիցիոն կառավարությունում իր գործունեությունը»,-հստակեցրեց նա:
Խ. Գալստյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու «Բջնի» գործարանի աճուրդին. «Պրն Ծառուկյանը իր գործունեության մեջ երբևիցէ որևէ մեկի ունեցվածքի նկատմամբ հավակնություն չի ունեցել, պրն. Խաչատուր Սուքիասյանը եղել է իր գործընկերը, ուղղակի ինքն այստեղ խնդիրը տեսնում էր աշխատողների թերացման մեջ, կոնկրետ տնօրենների կամ հաշվապահների գործունեության մեջ, նրանք պետք է պատասխան տային այս գործում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել