Եվրոպական արժեքները տեղայնացնելու ծրագիր Հայաստանում
Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում հավաքվել էին ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի փորձագետները` քննարկելու Եվրամիության սևծովյան ավազանի երկրների Անդրսահմանային համագործակցության (CBC) ծրագիրը, որին մասնակցում է Հայաստանը: Ծրագրում ընդգրկված են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ամբողջությամբ եւ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և մի քանի այլ երկրների հարակից շրջանները: Ծրագիրն ընդգրկում է երեք առաջնային ոլորտ. տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով անդրսահմանային համագործակցության խթանում, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության համար միջոցների և կարողությունների բաշխում, Սևծովյան ավազանում միասնական մշակութային միջավայրի ձևավորման նպատակով աջակցություն մշակութային և կրթական ցանցերին:
«Ծրագիրը կոչված է Եվրոպական ինստիտուցիոնալ համակարգը առավեագույնս մոտեցնելու մեր ինստիտուցիոնալ համակարգին: Ավելի պարզ` եվրոպական արժեքները կարողանանք տեղայնացնել հայկական իրականության համար, և համակարգերը կարողանանք ամբողջությամբ ներդնել Հայաստանում»,-պարզաբանեց Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը:
Սևծովյան ավազանի երկրների Անդրսահմանային համագործակցության (CBC) ծրագիրը իրականացվելու է 6 տարվա ընթացքում: Սկսվել է դեռևս 2007-ին, կավարտվի 2013-ին: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագիրը մոտ 6 տարվա համար նախատեսում է 18 մլն եվրո և յուրաքանչյուր երկրից 10 տոկոս մասնակցություն այդ ծրագրում:
Համատեղ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են դիմել տեղական և տարածքային կառավարման մարմինները, զարգացման գործակալությունները, տեղական զարգացման ոլորտում ներգրավված ոչ պետական կազմակերպությունները, ձկնորսների և գյուղմթերք արտադրողների միությունները, գործարարության խթանման ոլորտում ներգրավված ՀԿ-ները, հետազոտական և բարձրագույն կրթական հաստատությունները, բնապահպանական գործակալությունները, մշակութային և սոցիալական ոլորտում ներգրավված ոչ պետական կազմակերպությունները, մշակութային և կրթական հաստատությունները և այլ կառույցներ: Նախարարության ծրագրերի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց բոլոր կազմակերպություններին ու կառույցներին աջակցելու գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել