Հայկական հեռուստատեսությունը «մեռել է, բայց չենք ասում, որ տրամադրությունը չընկնի»
Այսօր Կոնգրես հյուրանոցում հեռուստաեթերի թերություններից խոսեցին հայ մտավորականները, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Պարզվեց` բոլորն էլ դժգոհ են հայկական հեռուստաեթերից:
Նախաձեռնող «Փորձագետների միավորման» կազմակերպության համակարգող Նարեկ Մալյանը այս տարվա ամանորյա հաղորդումների որակը գնահատելով` ասաց, որ վերջին համբերության կաթիլն էլ սպառվեց: Դա էլ պատճառ դարձավ այս կլոր սեղան-քննարկման համար: Մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպությունը 407 նամակ է ստացել եթերի թերությունների մասին, որից 22-ը` Հայաստանի տարածքից: Պարզվել է, որ խնդիրը հասունացած է նաև սփյուռքի գաղթօջախներում: «Մեր նպատակն է` հասարակությանը վերադարձնել եթերի վերահսկողության լծակը և անվտանգ դարձնել տանը հեռուստացույց միացնելը»,-նշեց Նարեկ Մալյանը:
Ներկաները հավաքվել էին որոշելու հայկական ամենագռեհիկ հեռուստաարտադրանքը, գովազդը և հեռուստաընկերության «լեզուն» աղավաղող ալիքը, իհարկե` նախատեսելով համապատասխան մրցանակներ և անվանակարգեր: «Իսկ պատիժը ծանր է լինելու»,-խոստացան կազմակերպիչները: Կտեղեկացվեն խոշոր և ոչ խոշոր գովազդատուները, կսկսվի այդ հեռուստաընկերության դեմ քարոզարշավ և համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն:
Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը նույնպես մտահոգաբար ներկայացրեց իրեն հուզող հարցերը հատկապես նորաստեղծ հայկական սերիալների վերաբերյալ. «Հեռուստատեսությունը բոլորը նման են իրար, նոր մտահղացումներ չունեն, մենք ուզում ենք առաջ գնալ, հեռուստացույցը հետ է քաշում: Ամենից շատ մտահոգիչ է երիտասարդ սերնդի հարցը: Պատահաբար նկատեցի, որ նայում են «Վերվարածները»: Դա չարիք է: Ես իրավունք եմ վերապահում խոսելու այս մասին, քանի որ հեռուստատեսության առաջին օրվանից մասնակցել եմ ստեղծմանը, տարիներ շարունակ մեջն եմ եղել և գիտեմ ինչ է կատարվել»,-ասաց դերասանուհին և հավելեց, որ Սովետի ժամանակ գրաքննություն կար, բայց հեռուստատեսության աշխատակիցներից գոնե մեկը հետևում էր հաղորդումներին և շաբաթվա վերջին զեկուցում լեզվի մաքրության, ներկայացումների և եթերի մասին, հեռուստատեսության նախագահը իմանում էր ինչ է կատարվում, անում էր դիտողություններ, և շատ բան շտկվում էր: Վ. Վարդերեսյանը առաջարկեց կազմել մտավորականների ու մասնագետների մի խումբ, որոնք պաշտոնապես կհետևեն հեռուստատեսության հաղորդումներին և մանրամասն զեկուցեն այդ ամենի մասին: Տիկին Վարդերեսյանն առաջարկեց ամենավատ հեռուստաընկերության եթեր ունեցող մրցանակը տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը, իսկ «Հայրենիք» հեռուստաընկերությունը համարեց ամենամաքուրը: Չնայած նախատեսված է մեկ վատ կամ գռեհիկ հեռուստաընկերության մրցանակ, բայց, ըստ Վ. Վարդերեսյանի, պետք է տալ բոլորին, քանի որ բոլոր հեռուստաընկերությունների եթերներն էլ վատ են: Դերասանուհին կոչ արեց ամեն գնով ասել ճշմարտությունը և փրկել երկիրը:
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստատեսությունը պատկանում է հանրությանը, իսկ այն, ինչ կատարվում է հենց հանրային ալիքով, մտահոգիչ է: Ըստ բանախոսի` դա ազգային անվտանգության հարց է, քանի որ, ի վերջո, այն դիտում են երեխաները, այսինքն` ապագա սերունդը: Ռեժիսորն առաջարկեց այդ հեռուստատեսությանը կամ հաղորդմանը տալ «Լուռ հայ» անվանակարգ:
« «Հայլուրի» նման հաղորդումները հայ մարդուն ուզում են լուռ դարձնել: Պետք է պաշտպանել մեր հասարակությունը»,-ասաց Տ. Խզմալյանը: Ռեժիսորը ապշած էր վերջերս «Արմ-Նյուզ»-ի և «Դե Ֆակտո» ամսագրի հրապարակած անվանակարգերից: «Տարվա մարդը ոչ թե շախմատիստներն էին, ոչ թե մարտի մեկի զոհերը, այլ Հովիկ Աբրահամյանը: Իսկ մարդը, որին վարչապետն անվանել էր քրեական տարրի ներկայացուցիչ, արժանացավ տարվա մարզպետ անվանակարգին»:
Հովհաննես Չեքիջյանը անկեղծորեն խոստովանեց, որ չգիտի ում կարելի է տալ այդ անվանակարգը ու մրցանակը, քանի որ հայկական հեռուստատեսությունը «մեռել է, բայց չենք ասում, որ տրամադրությունը չընկնի»:
«Արմենիա», «Արմ-Նյուզ», «TV 5» հեռուստաընկերություններն առաջին թեկնածուներն էին: Հեռուստաեթերի վերաբերյալ քննարկումները շարունական են լինելու, իսկ մյուս շաբաթ մտավորականներից կազմված խումբը կանի առաջին նկատողությունները և կհանգի որոշակի եզրակացությունների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել