HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարները պահանջում են հանել ՀԴՄ-ները

19_01-govԿառավարության շենքի դիմաց այսօր առավոտվանից հավաքվել են Երևանի տարբեր շուկաների և վաճառքի կետերի աշխատակիցներ` պահանջելու վերանայել «ՀԴՄ-ների կիրառման մասին» օրենքը:  Տոնավաճառների և վաճառքի կետերի աշխատակիցները պահանջում էին, որ վարչապետը դուրս գա, և իրենք հայտնեն իրենց մտահոգությունները անձամբ նրան: Հավաքվածները բարձրաձայնում էին իրենց հուզող հարցերը, բայց լսող դեռ չկար. -Մենք եկամտահարկ, տեղի փող, թոշակառուի ֆոնդ ենք մուծում, հիմա էլ ՀԴՄ: Մենք ՀԴՄ չենք ուզում: ՀԴՄ-ն սառում, փչանում է, ցրտից չի տպում, երկու օրը մեկ ով է սարքելու,-հարցնում Սուսաննա Հովհաննիսյանը: -Բոլորս եկել ենք, բոլոր շուկաներից կան, մենք բոլորս էլ մինչև վերջ կանգնելու ենք: -Թող մարդու իրավունքների պաշտպանը գա, թող գա տեսնի` ինչու է ժողովուրդը այստեղ հավաքված: -Մենք ուզում ենք, որ տեղի վարձերը էժանացնեն, ՀԴՄ-ները հանեն, հունվարից ոչ մի բան չենք վաճառել, ոնց ենք էդ գումարները տալու: Տիկին Աննան էլ դժգոհեց, որ ՀԴՄ-ներից զատ, դրված է նաև 20 տոկոս հարկ, բայց առևտուր չկա, իրենք որտեղից տան այդ գումարը: «Մեզ ասել էին 3 տոկոս, իսկ հիմա ասում են` 20 տոկոս: Ճգնաժամի պատճառով մեզնից են հանում իրենց փողերը»: -Մտել ենք հարկային դաշտ` համաձայն ենք, հաստատագրված գումարով աշխատում ենք, թող այդպես էլ աշխատենք, ՀԴՄ-ներ չենք ուզում, 90 հազար տուգանք է դրած, տուն է, երեխա է, ցուրտ է` փչացավ, ես որտեղից գտնեմ ու նորը դնեմ: -Մեզ արհամարհող խաբողները թող իջնեն ու պատասխանեն, այ նրանք, ովքեր գոռում էին «Առաջ, Հայաստան» թող իջնեն ու պատասխանեն մեր հարցերին: -Պահանջում ենք, որ ՀԴՄ-ները հանեն, մնա հաստատագրված հարկը, ժողովրդի վիճակը անտանելի է, առևտուր անողների 80 տոկոսը վարկերի տակ է: -Շուկաներին ձրի բաժանված են ՀԴՄ-ներ, բայց դեռ ոչ ոք չի կիրառել դրանք: -Մեր տատիկի շալի մեջ փաթաթած դրած է, մինուս երկու, երեք աստիճաններին չեն աշխատում, ինչու են բաժանել ժողովրդին,-իրար հերթ չտալով` բարձրաձայնում էին հավաքվածները: «Վարչապետ, վարչապետ…» վանկարկումները շարունակվում էին, իսկ վարչապետն այդպես էլ չկար: Հավաքվածները նկատեցին, որ շատ արագ կարմիր բերետավորներին կարողացան հասցնել կառավարության մոտ և օղակել շենքի մուտքը, իսկ կառավարությունից ոչ ոք չի ուզում դուրս գալ ու հետաքրքրվել իրենց հարցերով: Մինչև 14:00-ն վարչապետը տեղում չէր, իսկ կառավարությունում միայն Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալ. Ղազարյանն էր տեղում, նա էլ դուրս եկավ և երկու տարբեր շուկաների ներկայացուցիչների հետ վերադարձավ շենք: Գագիկը Ալ. Ղազարյանի հետ գնացել էր ներս, դուրս գալուց հետո պատմեց, որ վարչապետը տեղում չէ, իսկ Հարկայինի պետը փոխանցել է հավաքել 15 հոգու և գնալ իր մոտ: «Հարկայինը այնպիսի օրենքներ է գրել, որ դեմ է ժողովրդին: Մենք չենք գնում, դա մեզ ցրելու միջոց է»,-ասում է Գագիկը և դժգոհում` երբ «ՀԴՄ-ների կիրառման մասին» օրենքը գրում էին, ոչ ոք չգնաց գոնե մի օր տոնավաճառում տեսնելու, թե ինչպես են մարդիկ այնտեղ աշխատում և չքննարկեց այդ օրենքը հենց շուկաներում աշխատող մարդկանց հետ: «Թող վարչապետը գա, հասկանան, որ այդ փաթեթեը պետք է հետ տանել ԱԺ և նորից քննարկել այդ օրենքը»,-ասաց Գագիկը: Հոկտեմբերին Գագիկը նախագահին նամակ է գրել, թե ինչ է կատարվում տոնավաճառներում, բայց այդ գրածները ոչ ոք հաշվի չի առել: Սկզբից ասել են, որ մինչև 7 քմ տարածք ունեցողները պետք է մտնեն հարկային դաշտ, բայց այժմ մտնում են բոլորն անխտիր, եթե նույնիսկ մեկ քմ տարածք են զբաղեցնում: «Սա 1994-1995թթ-ների նույն կրիզիսն է, ոչ մի տարբերություն»,-համոզված է Գագիկը և պահանջում` մեկընդմիշտ վերացնել հաշվիչ դրամարկղային մեքենաները իրենց հետ կապված բոլոր թղթաբանություննեով. «Մենք չենք ուզում հարկայինի երես տեսնել, դա կաշառքի բուն է, մեկա` սենց թե նենց մենք չենք կարա խփենք իրենց տվյալներով, մի հատը պետք է խփենք, չորս հատը պետք է չխփենք, որ այդ թվերին հասնենք: Մենք մեր հացի փողի համար ենք պայքարում, թող հաստատագրված կոնկրետ թիվ լինի, մենք գնանք մուծենք, եթե չենք մուծի, թող գան հանեն կամ մեծ տոկոսներ դնեն: Իրենք մեզ խաբեցին, ասեցին, որ մուծեցիք թղթաբանություններ չեն լինի, ավելորդ գումարներ չեն լինի, բայց հիմա ամեն ինչ ճիշտ հակառակն է ստացվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter