HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են ձգձգում «7-ի գործի» քննությունը

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր  «7-ի գործի» դատավարությունը: Սակայն նիստը հետաձգվեց նույն պատճառաբանությամբ ինչպես և հունվարի 9-ին: Դատավորը հերթական անգամ սանկցիա կիրառեց` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստը խոչընդոտելու համար, դատարանի դահլիճից հեռացրերց մեղադրյալներին, իսկ դատավարությունը հետաձգեց մինչև հունվարի 16-ը: Հիշեցնենք, որ «Յոթի գործի» դատավարության շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը: Նիստը դեռ չսկսած` Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը կարևոր հայտարարություն ունի անելու, որը իշխանության օգտին է, «բայց եթե հիմա ձայնի իրավունք չտան, կարող է փոշմանել ու այլևս չասել ոչինչ»: Դատարանը թույլ չտվեց նրան որևէ հայտարարություն անել: Դատավորը սկսեց նախորդ կիրառած սանկցիայի պարզաբանումն անել, մեղադրյալներն էլ փաստեցին, որ իրենք բոլոր նիստերին էլ նույն կերպ են դիմավորել դատավորին, առավել ևս առաջին նիստում: Այնուհետև մեղադրյալներն ուզում էին հանդես գալ հայտարարություններով, բայց նրանց այդպես էլ թույլ չտրվեց ոչինչ ասել: Լրագրողներին հատկացված սենյակում չէր լսվում մեղադրյալների ձայները, երբ նրանք ինչ-որ բան էին ասում, բայց դատավորի և մեղադրող կողմի խոսքը լսվում էր հստակ:   Նիստից հետո մեղադրյալների պաշտպանների պատմածներից պարզ դարձավ, որ մեղադրյալները պահանջում էին սկսել դատական նիստի բուն քննությունը և այլևս չհետաձգել: Տուժողի իրավահաջորդ` Դավիթ Պետրոսյանի մայրը ձայնի իրավունք ստացավ և դատավորից խնդրեց ներառել իրենց շահերի ներկայացուցչին, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ այդ ամենը կարելի է քննել միայն դատավորի ինքնաբացարկի միջնորդություններից հետո, երբ բուն դատավարությունը սկսվի: «Օրենքում այս թերությունը նկատվեց, որ եթե տուժողը ևս ուզում է դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել իր ներկայացուցչի միջոցով, չի կարող դա անել»,-դատավարության ավարտից հետո լրագրողներին ասաց Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Գայանե Առուստամյանը: Այնուհետև Ալեքսանդր Արզումանյանը պահանջում էր նիստը դռնփակ անցկացնել, քանի որ «ամեն դեպքում դատավորի գործողությունները միտված են դրան, էլ ինչու անընդհատ հետաձգեն, եթե միևնույն է վերջում նիստը պետք է դռնփակ անցկացնեն»,-Ալ. Արզումանյանի խոսքից լսելի պատառներն այս բովանդակությունն ուներ: Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, որ ինքը երբեք մարդասպան չի եղել, և Երևանի կենտրոնում չէր կարող մարդ սպանել: Տուժողի իրավահաջորդներից Գոռ Քլոյանի հայրը արձագանքեց նրա հայտարարությանը, և ասաց, որ իրենք հավատում են Սասուն Միքայելյանի անմեղությանը: Այնուհետև դատավորը նշեց, որ նախորդ նիստի ընթացքում մեղադրյալներն իրենց հայտարարություններն արել են, այսօր հերթը տուժողներին է: Տուժող Մարտին Երեմյանը մոտեցավ բարձրախոսին և պահանջեց սկսել դատավարությունը. «Բազմաթիվ պրոբլեմային հարցեր կան` կենցաղային, աշխատանքային, հոգնել ենք արդեն»: Այս հայտարարությանը նաև արձագանքեցին մեղադրյալները և նույնը պահանջեցին: Խոսքի իրավունք տրվեց գլխավոր մեղադրող Կորյուն Փիլոյանին: Մեղադրողի հիմնավորմամբ, առաջին իսկ դատական նիստին պաշտպանական կողմի արհեստականորեն տարանջատված հիմքերով դատավորին ներկայացրած ինքանբացարկի բազմաթիվ միջնորդությունները, եւ նրանց մարտավարությունից հասկանալի դարձած հնարավոր բացարկները, իսկ հետագայում նաև ամբաստանյալների վարքագիծը վկայում են այն մասին, որ պաշտպանական կողմը որդեգրել է դատական քննության նախապատրաստական մասն արհեստականորեն ձգձգելու մարտավարություն, որով փորձ է արվում խուսափել գործի ըստ էության քննությունից և գործով ձեռք բերված ապացույցների հրապարակային հետազոտումից: «Փաստորեն, պաշտպանության կողմի մարտավաության տրամաբանությունը հետևյալն է` ամբաստանյալների նկատմամբ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումները, վերացնել խափանման միջոցները, այն էլ առանց դատաքննության, որ հրապարակային դատաքննություն տեղի չունենա, և հասարակությունը չկարողանա համոզվել, թե իրականում ինչ է կատարվել մարտի 1-ին Երևան քաղաքում»,-ասաց Կ.Փիլոյանը` մատնանշելով, որ «ամբաստանյալների վարքագիծը վկայում է դատական նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելու, արդարադատությունից խուսափելու մասին»: Կորյուն Փիլոյանը առաջարկեց «ամբաստանյալներին հեռացնել դատարանի դահլիճից, և քրեական գործը քննել նրանց բացակայությամբ: Գլխավոր մեղադրողի հայտարարությունը կրկին վրդովմունքի ալիք բարձրացրեց մեղադրյալների շրջանում, նրանք սկսեցին իրենց անհամաձայնությունը հայտնել, ձայները խառնվեցին, աղմուկը բարձրացավ,  և դատավորը կիրառեց հերթական սանկցիան ու հեռացավ:  «Դատարանի սանկցիայի կիրառման բոլոր որոշումները խախտում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, քանի որ մեր պաշտպանյալները գտնվում են ապօրինի անազատության մեջ, քանի որ ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան օրինական ուժի մեջ մտած փաստաթղթով: Սա քողարկված ազատազրկում է, մենք դրա դեմ բողոք կներկայացնենք վերադաս ատյաններ, ինչպես  նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-նիստից հետո պարզաբանեց Գ. Առուստամյանը: Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը Հետքին  տեղեկացրեց, որ ինքն արդեն 4 նիստ շարունակ ուզում է միջնորդություն ներկայացնել, հայտարարություններ անել,  սակայն հնարավորություն չի տրվում. «Պաշտպանական կողմին ընդհարապես ձայնի իրավունք չի տրվում: Պաշտպանական կողմը նախատեսել էր մի քանի հայտարարություններ ինչպես դատավարության ընթացակարգի, այնպես էլ լրագրողներին ու դատական նիստի լուսաբանման վերաբերյալ: Մեղադրող կողմին տրվեց այդ իրավունքը, իսկ պաշտպանական կողմին` ոչ»: Վարդուհի Էլբակյանն արձանագրեց, որ իրենց միջնորդություններով յուրաքանչյուր անգամ պաշտպանական կողմը լայն հասարակությանը ըմբռնելի է դարձնում, որ «այս ամենը կեղծիք է և ինչի հիման վրա է հարուցված, նրանք դա չեն ուզում, որպեսզի ձեզ համար լսելի լինի, լայն հասարակությունը հասկանա»: Փաստաբանի կարծիքով, եթե դատարանը որոշում է սանկցիա կիրառել, կարելի է և չանցնել ամենածայրահեղ պատժամիջոցներին, կարելի էր կիրառել զգուշացում, տուգանք, և սկսել դատաքննությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter