Շտապօգնության կանչերի թիվը տարեցտարի ավելանում է
Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, շտապօգնության կանչերի թիվը հասլ է 4397-ի: Ընդհանուր կանչերի թվից հոսպիտալացվել են 481-ը: Ամանորի նախօրեին` դեկտեմբերի 31-ին, գրանցվել է 540 կանչ, իսկ 2009թ.-ի հունվարի 1-ին` 554: Հունվարի 3-ին և 6-ին կանչերի թիվն ամենաշատն է` 572 և 573, 63 հոգի հոսպիտալացվել է միայն հունվարի 2-ին և 7-ին: Մնացած բոլոր օրերին կանչերի թիվը տատանվում է 550-ից մինչև 570, շտապօգնությանը առավել սակավ դիմել են հուվարի 4-ին` 507 կանչ:
Շտապօգնության հիվանդանոցի գլխավոր տնօրեն Արտյոմ Հենրիկի Պետրոսյանի հավաստմամբ՝ այս տարի ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Չեն եղել նույնիսկ ամանորյա հրավառություններից հրկիզման դեպքեր: 103 օպերատիվ ծառայության պետ Արտյոմ Ռազմիկի Պետրոսյանն էլ Հետքի հետ զրույցում նշեց, որ նույնիսկ խմիչքներից թունավորման դեպքեր չեն գրացվել: «Միայն առաջին երկու օրը գրանցվել է խմիչքի չարաշահման երկու դեպք, այն էլ դա կապված է եղել խմիչքների հետ տարբեր տիպի և տեսակի սննդի օգտագործման հետ»: Տոնական օրերին տրավմաների միջին թիվը կազմել է 10-15 դեպք: Արտյոմ Պետրոսյանը փաստում է, որ անցած տարվա համեմատ առաջին յոթ օրերին 415 կանչ ավել են ստացել, իսկ օրվա կտրվածքով` մոտ 50-60 կանչ: 103 օպերատիվ ծառայության պետը հաստատեց, որ 5 տարի առաջ կանչերն ավելի քիչ էին` օրական առավելագույնը 400 կանչ, անցած տարվա տոնական օրերին կանչերի թիվը հասել է նույնիսկ 600-ի, իսկ այս տարի կանչերի թիվը 10-15 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարում: «Կանչերի թվի ավելացումը կախված է իրենց առողջության նկատմամբ մեր ազգաբնակչության վերաբերմունքից, այսինքն` նրանք սկսել են ավելի շատ անհանգստանալ իրենց առողջության մասին: Ավելին` աճել է շտապօգնության հանդեպ վստահությունը, մի պատճառն էլ այն է, որ տոնական օրերին նրանք չեն ցանկանում հոսպիտալացվել կամ հիվանդանոցներում անցկացնել ու դիմում են շտապօգնությանը»,-հիմնավորեց 103 օպերատիվ ծառայության պետը:
Շտապօգնության մեքենաները աշխատել են ոչ թե հերթափոխով, այլ սպասարկել են ուժեղացված կարգով`ողջ օրվա կտրվածքով: Եթե ոչ տոնական օրերին երկու հերթափոխով աշխատել է 10 բրիգադ, ապա տոնական օրերին ուժեղացված կարգով աշխատել է մինչև իսկ շտապօգնության 38 մեքենա: 103 օպերատիվ ծառայության պետն ասում է, որ շտապօգնության մեքենաները կանչերին ուշացումով են հասել միայն այն դեպքերում, երբ ճանապարհների անհասանելիության խնդիրներ են եղել կամ ձյան, կամ բնակարանի գտնվելու վայրի դժվարանցանելիության պատճառով: Օրվա կտրվածքով մոտ 10-15 կանչերի չեն հասցրել հասնել ժամանակին:
Մեկնաբանել