
«Մարդը նման է օվկիանոսի, բայց ով իրեն չի ճանաչում ամբողջապես, կառչում է մի ալիքից»
Էշլի Դինզը (Ashley Deans) գիտակցության վրա հիմնված կրթության առաջատար մասնագետներից է աշխարհում: Վերջերս Հայաստան էր եկել դասախոսություն կարդալու նպատակով: Առաջին անգամ այտեղ է եկել 2007-ին՝ կրկին նույն նպատակով: Առաջին հայացքից նրա ուշադրությունն է գրավել Հայաստանի ճարտարապետությունը: Ասում է, որ հասարակության մեջ սթրես են առաջացնում ճարատարապետական սխալ կառույցները: «Շատ խնդիրներ առաջանում են նաև ճարտարապետության հետևանքով, և շատ տներում լինում են մեծ խնդիրներ, որովհետև այնտեղ լուսավորությունը բավարար չէ, թարմ օդ չկա»,- նկատում է նա: Օրինակ, նշում է, որ աշխարհում ընդունված է տները կառուցել այնպես, որ դրանք «դեմքով» նայեն դեպի արևելք: Այդ դեպքում, ըստ նրա, լույսն ավելի շատ է: «Արևելքից է, չէ՞, արևը ծագում: Իսկ արևի լույսն ամենամեծ ազդեցությունն է թողնում մարդու վրա: Երբ եկա Երևան, տեսա, որ հիմնականում տները կատուցվում են ոչ այդ մոտեցմամբ: Եզակի տներ են, որոնց, այսպես ասած, դեմքը դեպի Արևելք է: Շատ տները ցաքուցրիվ ուղղություններով են կառուցվել, իսկ դա բերում է սթրեսի առաջացման հասարակության մեջ»,- ասում է զրուցակիցս:
Դինզը խոսում է շատ հանգիստ: Պատմում է, որ գիտակցության վրա հիմնված կրթություն ստացել է 1973 թ.՝ ընկերոջ խորհրդով: Այդ ժամանակ Տորոնտոյում սովորում էր տիեզերական ֆիզիկա: Նրանից հետաքրքրվում եմ, թե ինչ է տալիս գիտակցության վրա հիմված կրթությունը մարդուն, հատկապես, որ մեր երկրում դա հայտնի չէ, իսկ ձևակերպումը նույնիսկ խորթ է հնչում մեզ համար: Ըստ Դինզի՝ վերջին 50 տարիներին 600-ից ավելի գիտական հետազոտություններ են կատարվել, որոնք ցույց են տվել, որ գիտակցության վրա հիմնված կրթությունը զարգացնում է կյանքի բոլոր ոլորտները՝ այդպիսով մարդը սկսում է գործել ներդաշնակ ձևով: Դա տրանսցենդենտալ մեդիտացիա է, որի ժամանակ մարդու միտքն անցնում է գիտակցության ամենախորը շերտերը: Այդ մեդիտացիայից հետո ուղեղն ավելի լավ է աշխատում, սթրեսը թոթափվում է, և մարդը պարզապես ավելի լավ է զգում իրեն: Մեդիտացիայի տեխնիկան էլ շատ պարզ է:
Այս մասին նշում է դոկտոր Դինզը: Նա 40 տարի է՝ աշխարհի շատ երկրներում զբաղվում է այդ կրթության ուսուցմամբ: Հատկապես համալսարաններում են կրթում, քանի որ ուսանողներն ավելի շատ սթրեսային հոգեվիճակներում են գտնվում:
«Ասում եք՝ 40 տարի է՝ այդ կրթությունն եք տալիս մարդկանց, և ի՞նչ եք կարծում՝ այսօրվա մարդն ինչի՞ կարիք ունի, ի՞նչ է երջանկությունը»,- դիմում եմ նրան: Էշլի Դինզը պատասխանում է անմիջապես. «Նրանք կարիք ունեն ճանաչել իրենք իրենց: Մարդիկ կարծում են, թե երջանկությունը գալիս է ֆիլմեր նայելուց կամ, ասենք, լավ միրգ ուտելուց, բայց այդպիսի «երջանկությունները» գալիս-գնում են: Մարդը կարիք ունի ամբողջական երջանկության, ներդաշնակության, իսկ տրանսցենդենտալ մեդիտացիան տալիս է նման փորձառություն»:
Դինզի ասածները վերացական են հնչում, և այդ մասին հայտնում եմ նրան: Նա չի զարմանում, ասում է, որ իրականում մարդը չգիտի, թե իր գիտակցության նուրբ, խորը շերտերում ինչեր են թաքնված: Դա նմանեցնում է մի տան, որի հիմքում թաքնված են մեծ հարստություն, ադամանդներ, մինչդեռ այդ տան ապրող մարդիկ չեն իմանում այդ մասին և շարունակում են ապրել աղքատության մեջ: Նա նշում է, որ մարդը նման է օվկիանոսի, բայց ով իրեն չի ճանաչում ամբողջապես, կառչում է մի ալիքից, կյանքն ավելի նեղ է թվում:
«Երբ այդ ալիքը լայնանում է, մարդը երջանկության զգացողություն է ունենում, երբ նեղանում է՝ հակառակը: Սա շատ վախենալու է»,- բացատրում է զրուցակիցս, հետո ավելացնում, որ մարդու իրական բնությունը մաքուր գիտակցության գալն է: «Դա հեշտ չէ»,- ընդհատում եմ նրան: «Ոչ, դա շատ հեշտ է, դա ամենահեշտն է: Դուք ընդամենը պետք է փորձեք: Դա կարող են անել բոլորը: Դաունի ախտանիշով երեխաներն են կարողանում անել, բոլորը կարող են անել: Երբ դու մտածում ես, դու կարող ես անցնել գիտակցության սահմանները, այն փորձառության, որ լռությունն ունի մտքի աղբյուր: Իսկ դա այն է, ինչ մենք ենք»,- ասում է նա:
Դոկտոր Դինզը հանգամանորեն պատմում է գիտակցության վրա հիմնված կրթության մասին, ասում է, որ 120 երկրներում այդ կրթությունն արդեն տարվում է, աշխարհի բնակչության 8 միլիոնը սովորել է դա: «Դա բոլորի համար է ՝ կախված չէ կրոնից, հավատամքից»,- շեշտում է Դինզը և ավելացնում, որ երբ հասարակության մեջ կա շատ սթրես, այն բերում է հանցագործության, բռնության: Դա կրճատելու համար պետք է լինեն մարդկանց շատ փոքր խմբեր, ովքեր միաժամանակ կզբաղվեն տրանսցենդենտալ մեդիտացիայով: Դա թոթափելու է հասարակության սթրեսը: Օրինակ, Հայաստանի դեպքում նա առաջարկում է 150 հոգուց բաղկացած խումբ ստեղծել, ովքեր միասին միաժամանակ կանեն նման մեդիտացիա: Ինչքան մեծ լինի խումբը, դրանից բխող էներգետիկան ավելի լայն օղակներ է ընդգրկելու:
Մեկնաբանել