
Ակնթարթի «որսը»
Գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը խառնիխուռն սեղանից հանում է հայ լուսանկարիչների հանրագիտարանը, հետո բերում-դնում է լրագրային սեղանին ու խորը շունչ քաշում: Այս հանրագիտարանը նա կազմել է 2007 թ.: Իր հոր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի մտահղացումն էր: Նա հոգատար թերթում է հանրագիտարանի էջերը, հետո հատ-հատ պատմում հայտնիների մասին: Հանրագիտարանում 500-ից ավելի հայ լուսանկարիչներ են ընդգրկվել: Նյութերի մի մասը Անդրանիկ Քոչարից է ստացել, մյուս մասն էլ իր ջանքերով է հայթայթել: «Հայրիկիս սկսածն այսքան ծավալուն չէր: Նա սեղմ ընտրություն էր արել, գրքում կան մարդիկ, ովքեր երևելի արժեքներ չեն ստեղծել, բայց իրենց ամբողջ կյանքում զբաղվել են լուսանկարչությամբ»,- նշում է նա, քիչ դադարից հետո առանձնացնում Երևանի լուսանկարիչ Գեղամ Թարվերդյանին, ով համաշխարհային ցուցահանդեսից երկու մեդալ էր ստացել՝ 1909 թ. Ռոտերդամում և 1910 թ.-ին՝ Հռոմում: «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է, պատկերացնո՞ւմ եք էդ թվի Երևանը: Էս մարդն ինչ մակարդակի լուսանկարներ է ուղարկել, որ զարմացել են»,- շեշտում է լուսանկարիչը:
Վ. Քոչարն առհասարակ լուսանկարների մասին խոսում է ոգևորությամբ: Ասելիքն այնքան շատ է, որ հաճախ խճճվում ես, ինքն էլ երբեմն կորցնում է ասելիքի «թելը»: «Միջին Արևելքի և արաբական երկրների լուսանկարչական ընթացքը եղել է հայերի միջոցով: Եսայի Կարապետյան ենք ունեցել: Նա Երուսաղեմի հայ պատրիարքն էր, որը 17 տարի հայկական եկեղեցու մեջ լուսանկարչատուն է պահել, և՛ դասավանդել է, և՛ գիրք է գրել»,- պատմում է Վ. Քոչարը, հետո ասում, որ ինքը խնդրել է, որ Երուսաղեմում փնտրեն այդ գիրքը, նաև ֆոտոխցիկը, որովհետև իր տեղեկություններով դրանք պահպանվել են:
Հանրագիտարանում հատկապես մեծ տեղ է տրվել լուսանկարների կնիքներին: Դրանցից, ըստ լուսանկարչի, կարելի է ստանալ տեղեկատվություն լուսանկարի պատկանելիության մասին: Զրույցի ընթացքում վեր է կենում, բերում հենց այդ օրը ստացած մեծ ծրարով մի քանի սև-սպիտակ լուսանկարներ, որոնք արվել էին Ղարաբաղում մինչ Խորհրդային Միության ստեղծումը: Լուսանկարներից մեկում պատկերված է դեռահաս աղջկա հուղարկավորությունից տեսարան, Վ. Քոչարը մատնացույց է անում աղջկա հագին հարսանեկան զգեստը՝ նշելով, որ այդ ժամանակ ընդունված ծիսակարգ էր, որ մահացած աղջիկներին, ովքեր չէին ամուսնացել, հուղարկավորում էին հարսանեկան զգեստով: Լուսանկարիչը ցավում է, որ այդ լուսանկարների վրա կնիք չկա, և ինքը չի կարող ասել, թե ում են պատկանում լուսանկարները: Իսկ հանրագիտարանի համար դրանք խիստ կարևոր են, որովհետև մի կնիքից բացվում են ավելի լայն շերտեր:
![]() |
![]() |
Տեսողական հիշողության մասին տեղեկատվությունից բացի՝ լուսանկարը նաև ժամանակաշրջանի մասին է պատմում: Կան լուսանկարներ, որոնք գեղանկարչության են հասնում: «Այսօրվա լուսանկարչությունը ինֆորմացիայի տեղափոխում է, լուսանկարիչներ կան, որ «կիլոմետրերով» նկարում են». Վ. Քոչարն այս դիտարկումներն անում է հպանցիկ, կարծես, բոլորն էլ հասկանում են դա: «Լուսանկարը շատ բազմաժանր է, մարդ կա միայն թռչուն է նկարում, մարդ էլ կա միայն դիմանկար է անում»,- ասում է նա, հետո անմիջապես ավելացնում, որ չի սիրում համակարգչային միջամտությամբ արված լուսանկարները, որովհետև լուսանկարն առաջին հերթին պահ որսալն է: «Եթե կարողացար պահը որսաս, բռնես, շատ լավ է, դրանից ավել ի՞նչ է պետք»,- ասում է Վ. Քոչարը, ում այս խոսքերից հետո հյուրասենյակ է մտնում նրա թոռը՝ 4-ամյա Վահանը, լուսանկարչական ապարատը ձեռքին: Սկսում է լուսանկարել մեզ, իսկ պապիկն ուղղում է նրան՝ ասում է, որ նկարելիս չշարժի ապարատը: 4-ամյա Վահանը որոշել է լուսանկարիչ է դառնալ, իսկ պապը ժպտում է:
«Ո՞վ է լուսանկարիչը»,- հարցնում եմ Քոչարին: Մի քիչ երկար է մտածում, ասում է՝ բարդ հարց է: Հայացքը չկտրելով հանրագիտարանից՝ պատասխանում է. «Ո՞վ է լուսանկարիչը, ի՞նչ ա լուսանկարիչը, ես ի՞նչ գիտեմ, էդ գործն ա, որ դրվում ա սեղանին, տեսնում ես՝ ինչ ա, թե չէ սանտիմետրով չի, էլի, որ չափես, բոյը բռնեց, ասես, լուսանկարիչ դարձավ: Չէ, մանավանդ, որ լուսանկարչությունը բազմաժանր է»: Այս հարցին ավելացում արեց ավելի ուշ. «Էն մարդը, ով քթի ծակ ունի, տեսնում ա»:
Քոչարի միտքն անընդհատ զբաղված է: Ասում է՝ երկու մասի բաժանված մարդ է: Իր ստեղծած և հրատարակած հանրագիտարանի մասին շատ է խոսվել, բայց ինքը չի ցանկացել բավարարվել միայն հանրագիտարանի հայերեն տարբերակով: Մտքի նյարդն անընդհատ հիշեցնում է, որ աշխարհին պետք է տեղեկացնել հայ լուսանկարիչների մասին, նյարդը հանգիստ չի տալիս: Երևանի աղմուկից երբեմն կտրվում է, գնում է Օշական, որտեղ ոչ հեռախոս կա, ոչ ինտերնետ, ոչ հեռուստացույց: Այդ տիրույթը լրիվ իրենն է, որտեղ գեղանկարչությամբ է զբաղվում: Բայց նոր նախագծի նյարդը հասնում է նաև այդ տիրույթ, իրեն հանում-բերում Երևան, որպեսզի արագ ավարտի գործը:
«Ես ուզում եմ, որ աշխարհը ճանաչի հայ լուսանկարիչներին: Կարծում եմ, որ նույնիսկ այդպիսի անալոգ չկա, որ, ասենք, ֆրանսիացին նստել-հավաքել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչներին ու առանձին գրքով հրատարակել է»,- ասում է նա: Հանրագիտարանի անգլերեն տարբերակը լինելու է սկավառակի տեսքով: Սկավառակը վաճառվելու է երկու տարբերակով՝ ինտերնետով, որտեղ կարելի է վճարել և ստանալ այն, ինչպես նաև գրքին կցված: Իսկ գիրքը լինելու է նորություն՝ 134 էջից: Վ. Քոչարի ընտրած 6 լուսանկարիչների մասին է լինելու, որոնցից երեքը 19-րդ դարից են, 3-ը՝ 20-րդ դարից: 19-րդ դարից ընտրել է Աբդուլահյան եղբայրներին՝ Պոլսից, Անտուան խան Սևրյուգինին՝ Պարսկաստանից, և Գրիգոր Տեր-Ղևոնդյանին՝ Թիֆլիսից: 20-րդ դարից լուսանկարիչներից ընդգրկված են Անդրանիկ Քոչարը, Յուսուֆ Քարշը և Արա Գյուլերը:
Հանրագիտարանի անգլերեն տարբերակում լուսանկարիչների ցանկում ավելանալու է 200-ից ավելի լուսանկարիչ: Առայժմ ցանկը հստակեցված չէ: Զրուցակիցս ասում է, որ լուսանկարիչներից շատերի հետ լեզու գտնելը դժվար է: Վերջինս խնդրեց կարդալ իրեն ուղարկված լուսանկարիչներից մեկի աղջկա նամակը, ում արդեն 1 տարի խնդրում է երկու լուսանկար ուղարկել հոր աշխատանքներից: Աղջիկը նամակում գրում է, որ լուսանկարներն արտատպելու իրավունքը կարող է ստանալ իր նշած հանդեսից, հետո հետաքրքրվում, թե ով է հրատարակիչը, մի խոսքով՝ ենթատեքստում հասականալի է, որ աղջիկն ուղղակի չի ցանկանում, որ հոր երկու լուսանկարները տեղ գտնեն հանրագիտարանում, թեև տեղյակ է գրքի կոնցեպտուալ նշանակության մասին: Քոչարը սրտնեղում է այս տեքստից, ասում է, որ ինքն արդեն տևական ժամանակ բացատրում է աղջկան, թե ինչի համար է հրատարակել գիրքը: Օբամայի հայ լուսանկարչին՝ Սկաուտ Թուֆենկչյանին էլ է գրել՝ խնդրել, որ լուսանկարներ տրամադրի գրքի համար, բայց պատասխանել է, թե իր գործերը վաճառված են, գործ չունի: Չնայած դրան, փոքրամասշտաբ նկար է վերցրել ինտերնետից: Ոմանք նույնիսկ ուղիղ են խոսում Քոչարի հետ, հարցնում են գրքի շահույթի մասին: «Գրքից ոչ մի կոպեկ օգուտ չենք ստանում, հակառակը...»,- պարզաբանում է նա:
1000 տպաքանակ ունեցող հանրագիտարանը, սակայն, չի վաճառվում. 2007 թ.-ից մինչ օրս գրախանութներում է: Չնայած դրան՝ լուսանկարիչը համոզված է, որ հետո հասկանալու են իր արած աշխատանքի արժեքը:
«Ինչի՞ համար եք ուզում թարգմանել հանրագիտարանը»,- հարցնում եմ նրան: «Նրա համար, որ ինչ-որ մեկին դեռ պետք է գալու, այ ձեզ է պետք գալու, թոռանս է պետք գալու: Նրա համար, որ ինչ-որ մեկը դեռ կրթվելու է այս գրքով: Էս գրքից հազար տեղերում հղում են անում»,- պատասխանում է մտածկոտ՝ կարծես, սենյակի հեռվում փնտրելով ինչ-որ պատասխաններ: Հետո հայացքը դառնում է երազկոտ՝ դեպի լուսանկարչության ինստիտուտ-թանգարան ստեղծելու գաղափարը: Հայրը՝ Անդրանիկ Քոչարը, երազում էր թանգարան ստեղծելու մասին, բայց այդ ուղղությամբ հստակ քայլեր չեն արվում: «Երազում ենք, երազում: Ասում են՝ «մեչտած նե վրեդնո»: Ինչ-որ գործեր արվում են, գնում-գալիս ենք, դիմում ենք գրում, բայց դա բավարար չէ»,- տեղեկացնում է նա: Ասում է, որ հիմա էլ կարող է դատարկել իր տունը, մի լավ վերանորոգել ու պատերին լուսանկարներ կախել: Մինչդեռ թանգարանի իմաստը դա չէ: Թանգարանի նյութերի համար տարբեր երկրներում պետք է արխիվային աշխատանքների հետազոտությամբ զբաղվել, քրքրել, պարզել, իսկ դա մարդկային և ֆինանսկան ռեսուրսների հարց է:
Մեր զրույցից հետո մոտ մի ժամ դիտում էինք հանրագիտարանի միայն «Ա» տառի ցանկը:
«Ի՞նչն է պակասում էսօրվա լուսանկարչությանը»,- հարցնում եմ նրան: «Կրթությունը: Էսօր տեխնիկան ուրիշ է, «պլյոնկան» չի, գրում-ջնջում են, մեջը հիշողությունը կա, հուպ տուր, թող գնա, կիլոմետրերով նկարի»,- ժպտում է, հետո պատմում «կիլոմետրերով» նկարող լուսանկարիչների մասին ու նորից հանգնում է մի կետի՝ լուսանկարիչը պիտի որսա ակնթարթը: Պատմում է, որ նախորդ տարի մասնակցում էր մի միջոցառման, որի ընթացքում հետևում էր իրեն ծանոթ լուսանկարիչներից մեկի աշխատանքին: «Մի շրջանով բոլորին հատ-հատ նկարում էր: Չդիմացա, իջա, ասի՝ էս ի՞նչ ես անում, ֆոտոն էդպե՞ս են անում: Գիտե՞ք՝ ի՞նչ պատասխանեց: Ասաց, ափսոս, քարտի հիշողությունը լցվել ա, թե չէ երկրորդ «կռուգ էլ կֆռայի»,- ասում է ու բազմանշանակ ժպտում:
Մեկնաբանել