
Ոստիկանությունը մասնավոր օբյեկտները կհանձնի մասնավոր պահնորդներին
Այսօր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկման էր դրվել «Ոստիկանական պահպանության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Օրինագծի նախաձեռնությունը պատկանում է կառավարությանը: Դրա նպատակը պետական պահպանության այդ տեսակի՝ ոստիկանական պահպանության ոլորտի կարգավորումն է: Փոխոստիկանապետից հարցրեցինք, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ նման փոփոխությունների: «Այս նախագծով, ըստ էության, ոստիկանության, կառավարության նախաձեռնությամբ փորձ է արվում կանոնակարգել ոլորտը, նախատեսել, թե ոստիկանության պահպանության ստորաբաժանումներն ինչ օբյեկտներ են պահպանելու, ինչ կարգով»,- պատասխանեց նա:
Այդ օրինագծի համաձայն՝ տարանջատվելու են պետական և մասնավոր պահնորդության ոլորտները, որտեղ, ինչպես նկատեցին հանձնաժողովի անդամները, լինելու է շահերի ակնհայտ բախում: Թերևս, սա քննարկման առանցքային հարցերից մեկն էր: Բանն այն է, որ ոստիկանությունը մի կողմից ինքն է իրականացնում պահնորդական և թիկնապահական ծառայություն, մյուս կողմից՝ հենց ինքն էլ լիցենզավորում է նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերություններին ու անձանց:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, թե օրինագծում ներկայացված է, որ մինչ 2018 թ. հունվարի 1-ը ոստիկանությունը շարունակելու է ֆիզիկական և իրավաբանական անձանց ծառայություններ մատուցել պայմանագրային հիմունքներով, նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկի հիման վրա ոստիկանության պահպանության ստորաբաժանումը մատուցելու է պահնորդական ծառայություն: Ապա հետաքրքրվեց Ա. Օսիկյանից, թե կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը սահմանելիս բացի 2004 թ. կառավարության որոշման մեջ առկա կառույցներից ինչ օբյեկտներ են ներառվելու ցանկի մեջ, որովհետև այն, ինչ ներառված է այդ ցանկի մեջ, այլևս արգելված է լինելու մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններին:
Փոխոստիկանապետը թվարկեց մի քանի օբյեկտների անուններ՝ Հրազդանի ջէկ, Երևանի ջէկ, ապա նշեց, որ ցանկը դեռ քննարկման փուլում է, կառավարությունը որոշման նախագիծը ներկայացնելու է նախարարություններին, որոնք կանեն նաև իրենց առաջարկությունները: «Հնարավոր է, որ ինչ-որ առաջարկի հիման վրա փոխվի ինչ-որ բան»,- ասաց Ա. Օսիկյանը:
Նկատենք, որ պարոն Օսիկյանի բերած օրինակները՝ Հրազդանի և Երևանի ջէկերն ընդգրկված են 2004 թ. կառավարության որոշման մեջ՝ կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում: Այդ ցանկում են նաև Որոտանի հէկերի կասկադը, օրվա կարգավորող ջրամբարներ, պոմպակայաններ, մաքրման կայաններ և այլն: Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ եթե օրինագիծ է բերվել ԱԺ, որի նպատակը ոստիկանական պահնորդական ծառայության կարգավորումն է, ապա ինչու նախապես չի քննարկվել կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը:
Հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ նախագիծն ունի և՛ բովանդակային, և՛ խմբագրական առումով աշխատանքային կարգով քննարկելու անհրաժեշտություն: «Արդյո՞ք չկա մտավախություն, որ եթե մենք՝ որպես պետություն, օրենք ենք ընդունել մասնավոր պահնորդական ծառայության մասին և փորձել ենք, այսպես ասած, այդ ոլորտը տալ մասնավորին, հետագայում չստեղծենք տպավորություն, որ այլ իրավակարգավորումներով խանգարենք այս ոլորտի կայացմանը»,- նշեց Է. Մարուքյանը:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և թիկնապահներ ու պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության ղեկավար Հովհաննես Պետրոսյանն էլ նկատեց, որ հաշվի առնելով ժամակահատավածը և օբյեկտների քանակը՝ իրատեսական ժամկետ չի տեսնում: Ըստ նրա՝ 2018 թ.-ից հետո 4500 մասնավոր օբյեկտ փուլային տարբերակով անցնելու է մասնավոր պահնորդներին. ներկայում դրանք պայմանագրային հիմունքներով պահպանվում են ոստիկանության կողմից: Ապա հետաքրքրվեց, թե որ օբյեկտների պահպանումն է հանձնվելու ոստիկանությանը, որովհետև հնարավոր է, որ, ասենք, տվյալ օբյեկտի պահպանությունը ստանձնել է մասնավոր ընկերություն, այդպիսով, կարող են ի հայտ գալ պայմանագրային խախտումներ: «Շատ ծանր և դժվարին պայմաններ են լինելու, որովհետև այստեղ հարցը վերաբերում է պայմանագրային պարտավորությունների կատարմանը»,- ասաց նա՝ առաջարկելով քննարկել պետականից մասնավորին անցնելու մեխանիզմը:
Հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին օրինագծին՝ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
Մեկնաբանել