HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու «գինը» Ստրասբուրգում

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է և օրերս հայկական պատվիրակության կազմում մեկնել էր Ստրասբուրգ:

-Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հերթական 14-րդ նիստին այդպես էլ համատեղ փաստաթուղթ, եզրափակիչ հայտարարություն չընդունվեց: Ինչո՞ւ:

-Որպեսզի հասկանանք, թե ինչու, պետք է վերլուծենք 2013 թ. Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումները: Մինչ սեպտեմբերի 3-ը Հայաստանը համարվում էր Արևելյան գործընկերության առաջամարտիկներից մեկը, և հանկարծ՝ 100 աստիճանով շրջադարձ, և միանգամից՝ անդամակցություն Մաքսային միությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ եվրոպական որոշում կայացողներն իրենց զգացին խաբված կամ, ինչու ոչ, «օգտագործված» կամ դավաճանված: Իրականում, երեք տարի անընդմեջ, ՀՀ-ի հետ բանակցություներին զուգընթաց, Եվրոպայում շատերն օգնում և օժանդակում էին մեր առաջնթացին, և պետք է խոստովանել, որ այն, ինչին հասավ ՀՀ բանակցային թիմը 3 տարիների ընթացքում, իրականում չեր ստացվի, եթե չլիներ նաև եվրոպացիների համագործակցային մոտեցումը և նվիրվածությունը գործին: Այս իրավիճակում հայաստանյան իշխանություների՝ սեպտեմբերի 3-ի որոշումը հասկանալի չէ և չի ընդունվել եվրոպացիների կողմից: Այս որոշումը համապատասխան վերբերմունք է ձևավորել՝ ղարաբաղյան հարցի շուրջ ճնշումներ և ոչ նպաստավոր դիրքորոշում, հավասարության նշան Ադրբեջանի հետ և Հայաստանին՝ որպես գործընկերոջ ընկալման կորուստ: Մենք հիմա Եվրոպայում ունենք վստահության ճգնաժամ, ավելին՝ մեր իշխանություներն ամեն կերպ խուսափում են ստորագրել եվրոպական կառույցների հետ որևէ փասթաթուղթ, որը կարող է «գրավել» Ռուսաստանի ուշադրությունը:

-Ի՞նչ տարաձայնություններ կային հայկական պատվիրակության անդամների միջև, ո՞ր կետերի շուրջ էին դրանք:

-Մինչև մեկնելը հայկական պատվիրակությունն ունեցել է մի քանի հանդիպումներ, և կային նաև համաձայնեցված տեսակետներ: Սակայն եվրոպական կողմը օգտագործեց նիստի ժամանակային սահմանափումը և հնարավորություն չընձեռեց ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող բաժնում կատարել անհրաժեշտ ու համապատասխան փոփոխություններ: Խնդիրը հետևյալն էր: Լավ գիտակցելով եվրոպական կողմի ցանկությունը՝ հավասարեցնել մեզ Ադրբեջանին և չստորագրել որևե փաստաթուղթ՝ մենք՝ պատվիրակության անդամներս, նույնպես չկարողացանք լեզու գտնել և միասնաբար այնպիսի ձևակերպումներ տալ, որոնք մի կողմից չէին հարվածի հայկական դիքորոշմանը, մյուս կողմից՝ կլինեին ընկալելի եվրոպացիների համար, և, ի վերջո, նրանք պարտադրված կլինենին ընդունել դրանք:

-Հայկական պատվիրակության ղեկավար` ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ հայտարարության մեջ եղել է Հայաստանի համար անընդունելի մի կետ, որը վերաբերում է ԼՂՀ հակամարտության առավել կոշտ ձևակերպումներին ԵՄ-ի կողմից: Կմանրամասնե՞ք` ո՞ր կետերն էին վիճահարույց:

-Ըստ իս, Եվրոպական պատվիրակության անդամները շատ էին ցանկանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինվի ԵՄ-ով: Նրանց կողմից առաջարկվող տեքստում մտահոգություն էր արտահայտվում, թե բոլորը դժգոհ են բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունից: Եվրոպական խորհրդարանականների կողմից առաջարկվող տեքստում հավասարության նշան էր դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ կար հնարավորություն՝ մշակելու համատեղ ընդունելի մի տեքստ, որը գուցե չէր կրկնի 2012 թվականի համատեղ ընդունվածը, սակայն չէր էլ վնասի հայկական դիրքորոշմանը ու շահերին, կլիներ մի քայլ առաջ եվրոպական ինստուտների հետ համագործակցության ճանապարհին՝ 2013 սեպտեմբերի 3-ի որոշումից հետո:   

-Ձեր կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ի՞նչ ազդեցություն թողեցին ԵՄ-ի անդամների վրա, և արդյո՞ք Մաքսային միության անդամկցելը պատճառ էր  ԵՄ-ի վերաբերմունքին: Ո՞րը կլինի ԵՄ-ի «պատիժը» Հայաստանի իշխանություններին:

-Այս հարցին վերևում արդեն անդրադարձել եմ և համարում եմ, որ իսկապես այսօր մենք հենց այդ ենք արձանագրում: Ցավոք սրտի, ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ն չեն կարողացել մեր եվրոպական գործընկերների համար ընկալելի և հավատ ներշնչող լեզվով ու հիմնավորումներով բացատրել Հայաստանի իշխանությունների՝ ՄՄ-ին անդամակցելու որոշման դրդապատճառները: Անգամ հայ հասարակությանն այն պատշաճ չի ներկայացվել: Այստեղ մենք մեծ աշխատանք ունենք անելու, հատկապես, եթե ցանկանում ենք, որ 2014 թ. մայիսից հետո Հայաստանը Եվրոպական խորհրդարանում ունենա գոնե մի քանի բարեկամ (2014-ի մայիսին տեղի են ունենալու եվրոպական խորհրդարանական ընտրությունները- հեղ.):

Լուսանկարը՝ Թ. Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ավելի քան հասկանալի է այն ինչ որ ասվում է: Սակայն առաջանում են որոշ հարցեր ու հասկանալի եզրահանգումներ: Օրինակ՝ պարզ գիտակցելով որ ՀՀ - ն միացավ ՄՄ-ին ստիպողաբար՝ անվտանգության եւ այլ ծանրակշիռ նկատառումներով, եվրոմիությունն սկսում է ճնշումներ բանեցնել նրա նկատմամբ: Դրանով իսկ անթաքույց ի ցույց է դրվում իր իսկ արժեհամակարգի էժան էությունը (մեր ուզածով չեղավ - ուրեմն ստացեք!) Ինչով են լավ այս դեպքում ժպտադեմ երեսպաշտները կոշտ ու մռայլ մուժիկներից? Նրանք գոնե գլխանց ասում են - այ եթե մեր ուզածը չարեցիք այս ու այն վատ բաներն սպասեք! Իսկ եթե փոքր ինչ հեռատեսություն ցուցաբերենք նաեւ ու ինքներս մեզ հարց տանք - ինչու՜ են այդ եվրոքեռիները այսպես այրվում-տապակվում մեզ համար, ապա պատասխանը կարելի է հեշտությամբ գտնել: Այս ամենն իրականում արվում է ռսներին վերջնական քանդելու համար, որի մեջ այլեւս կասկած չկա բացարձակ որեւե ապուշի համար, (այլ ոչ թե ինչ որ երրորդ կարգի տխմարների լավություն անելու նպատակով!) Լավ, իսկ եթե հաջողվի ռսներին տշել Հայաստանից, ապա հաջորդ տրամաբանական քայլն ինչը պիտի լինի ձեր կարծիքով? Այդ էլ դժվար չէ կռահել, փոքր ինչ ուղեղ օգտագործելով: Հաշվի առնելով Հայերի դարերով ստեղծված մտայնությունը՝ (ռսներին փրկարար տեսնելը) բացառված չէ որ կնդունվի ամենապարզագույն տրամաբանական որոշումը - դրանց բույնն այնպես հիմնավոր քարուքանդ անել, որ հավերժ բացառվի ռսի ոտքը նորից այնտեղ դնելու հնարավորությունը! ԱՍՏՎԱԾ ԽԵԼՔ ՏԱ ՏԿԱՐԱՄԻՏՆԵՐԻՍ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter