HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի տպագիր մեդիայի վախճանը և նոր մեդիայի վերածնունդը

Փետրվարի 1-ից դադարել է լույս տեսնել Ախալքալաքում գործող «Հարավային դարպաս» թերթը: Սամցխե-Ջավախքում սա միակ հայալեզու պարբերականն էր, որը լուսաբանում էր հասարակական, քաղաքական հարցեր, ինչպես նաև՝ ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրներ: Թերթը երկլեզու էր` վրացերեն և հայերեն: Փակվել է թերթի հայկական բաժինը, որը գործում էր Ախալքալաքում: Ախալցխայի վրացական խմբագրությունը շարունակում է աշխատել: Հայկական բաժնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թերթը փակվել է ֆինանսավորման բացակայության պատճառով:

Հայ պարբերական մամուլի անկումը Ջավախքում

Վերջին 5 տարիներին Վրաստանում գործող հայալեզու պարբերականները աստիճանաբար փակվեցին: Մինչդեռ 2009-ին Վրաստանի ամբողջ տարածքում լույս էր տեսնում հայալեզու 5 պարբերական. «Վրաստան» շաբաթաթերթը և «Նորաշեն» հանդեսը՝ Թբիլիսիում, «Ակունք» ամսաթերթը` Ախալքալաքում, «Արշալույս» ամսաթերթը` Նինոծմինդայում և «Հարավային դարպաս» («ՀԴ») շաբաթաթերթը` Ախալցխայում և Ախալքալաքում:  Այս ցուցակից մնացել է միայն «Վրաստան» թերթը, որը ֆինանսական աջակցություն է ստանում Հայաստանի և Վրաստանի կառավարություններից:  

«Հարավային դարպաս»-ը Ջավախքում տպագրվող վերջին հայալեզու պարբերականն էր: Այն Սամցխե-Ջավախք տարածաշրջանի միակ շաբաթաթերթն էր, որի միջոցով փորձ էր արվել հիմք դնել անկախ հասարակական-քաղաքական պարբերականի: 2003թ. IWPR (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ) կազմակերպության նախաձեռնությամբ, Եվրամիության և Ֆինլանդիայի կառավարության ֆինանսավորմամբ հիմնադրվեց «Հարավային դարպասը», որը իր տեսակով միակն էր, քանի որ նույն պարբերականը լույս է տեսնում և՛ հայերեն, և՛ վրացերեն: Ուներ 3000 տպաքանակ:  Այնուհետև թերթը ֆինանսավորում էր հոլանդական «Press Now» կազմակերպությունը, բայց խմբագրակազմը նպատակ էր դրել ավելացնել եկամուտը բաժանորդագրության շնորհիվ և անցնել ինքնաֆինանսավորման, ինչն այդպես էլ չստացվեց:  

Թերթի հիմնական նպատակը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումն ու տարածաշրջանի հայկական և վրացական հատվածների ինտեգրմանը նպաստելն էր։ Ըստ նախագծի` թերթը պետք է ունենար հավասար լիազորություններով օժտված 2 խմբագրություն։ Վրացական խմբագրությունը գործելու էր Ախալցխայում, հայկականը՝ Ախալքալաքում։ Սակայն հիմնական լիազորությունները կենտրոնացվեցին վրացական խմբագրությունում: Արդեն հասկանալի է, թե ինչու փակվեց հայկական, այլ ոչ թե վրացական խմբագրությունը:

2011-ին վերջնականապես դադարեց տպագրվել 2001-ից լույս տեսնող «Ակունք» ամսաթերթը, որը հրատարակում էր նույնանուն միությունը՝ Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի հովանու ներքո: Այս թերթի տպաքանակը պաշտոնապես 500 էր, սակայն երբեմն այն ավելի շատ էր տպագրվում: Վրաստանի արդարադատության նախարարությունն այդպես էլ չգրանցեց պարբերականը, որպեսզի այն գործեր օրինական դաշտում և ավելացներ տպաքանակը: «Ակունքը» պատրաստվում էր Ախալքալաքում, տպագրվում` Երևանի տպագրատներում և տարածվում անվճար:  

Նինոծմինդայում ոչ պարբերաբար, հաճախ տարին մեկ անգամ, հրատարակվում է «Արշալույս» թերթը: Այն լույս է տեսնում 1935թ.-ից, երբ ստեղծվեցին տեղական կյանքը լուսաբանող շրջանային պարբերականներ: «Արշալույս»-ը գործում է Նինոծմինդայի շրջանային վարչության հատկացրած ֆինանսական միջոցներով: 

Նոր մեդիայի անկումն ու վերածնունդը

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի զարգացմանը զուգընթաց Ջավախքում, թեկուզ ուշ, բայց մուտք գործեց նոր մեդիայի գաղափարը: Առաջին լրատվական գործակալությունը, որն ինտերնետի միջոցով սկսեց Ջավախքից լրատվություն հաղորդել, «Ա-ինֆո» (www.a-info.org) գործակալությունն էր: Այն 10-ամյա կյանք ունեցավ` մշտական դադարներով ու ընդմիջումներով: Գործակալությանը ֆինանսապես աջակցում էին տարբեր բարեգործներ, սակայն այդ աջակցությունը տարերային բնույթ էր կրում, եւ ժամանակ առ ժամանակ գործակալությունը կանգնում էր ֆինանսական խնդրի առջև:  

Երկար չտևեց նաև www.javakhq.info գործակալության գործունեությունը` 2007-2008թթ: Այն դադարեց գործել, երբ ձերբակալվեցին «Միասնական Ջավախքի» ակտիվիստները, բռնազավթվեց գործակալության գույքը: Այդ ժամանակ դադարեց գործել նաև Ջավախքի միակ ռադիոկայանը` «Երիտասարդական ռադիո»-ն, քանի որ թե՛ «Ջավախք-ինֆո»-ն, թե՛ ռադիոն նույն շենքում էին գործում:

Այս լրատվամիջոցների խմբագիրները մեզ հետ զրույցում որպես մեդիայի գոյատևման առաջնային գործոն նշում էին ֆինանսականը: Սակայն Ջավախքում մեդիայի գործունեության խոչընդոտներն ավելացան 2008-ին, երբ ուժային կառույցները տարբեր միջոցներով ճնշումներ էին գործադրում լրագրողների վրա. ահաբեկում էին լրագրողների հարազատներին, ճնշումներ գործադրում նրանց բարեկամների նկատմամբ, միայն թե այդ շրջանում ակտիվիստների ձերբակալությունները և Ջավախքում կատարվող իրադարձությունները չլուսաբանվեն կամ լուսաբանվեն իրենց տեսանկյունից:

Այնուամենայնիվ, այս ճգնաժամը հաղթահարեց «Հարավային դարպասը» և 2013-ին ունեցավ նաև երկլեզու կայքէջ: Լավ թե վատ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, այն Ջավախքից լրատվություն հաղորդող միակ պրոֆեսիոնալ լրատվամիջոցն էր:

Այս ամենը վկայում է այն մասին, որ հայալեզու տեղեկատվական դաշտն ամբողջությամբ վերահսկվում էր Ջավախքում, և դրա գոյությունը վրացական իշող համակարգին առանձնապես «ձեռնտու» չէ:

Այդ վերահսկողությունը ներկայումս սկսել է հաղթահարվել սոցիալական մեդիայի օգնությամբ: Ջավախքի ծայրամասային գյուղերից սոցիալական ցանցերում արդեն իսկ անձնական և համայնքային բնույթի իրադարձություններ, լուսանկարներ, երբեմն նույնիսկ տեսանյութեր են տեղադրվում: Ջավախքում ամենահայտնի «սոցիալական մեդիա»-ն դեռևս odnoklassniki.ru-ն է: Նկատվում են միտումներ «Ֆեյսբուքը» զանգվածային օգտագործման հարթակ դարձնելու ուղղությամբ: Ջավախքյան լրատվությունը «Ֆեյսբուքում» տարածվում է www.javakhkmedia.com պորտալի միջոցով: «Ֆեյսբուքում» Ջավախքին վերաբերող մի քանի խմբեր են գործում:  

Անցյալ տարվա վերջին վերականգնվեց նաև www.javakhq.info կայքը, սակայն դեռևս առանց աշխատակազմի և սեփական լրատվության:

«Հարավային դարպասի» խմբագիր Ռիմա Ղարիբյանը նշել է, որ թերթի 4-հոգանոց անձնակազմը համալրել է Ջավախքի գործազուրկների թիվը: Թերևս ժամանակն է միավորել ուժերը և ստեղծել ինտերնետային տեղեկատվական հզոր համակարգ Ջավախքում, որը ներառի լրատվության տարածման բոլոր բաղադրիչները` հեռուսատեսությունը, ռադիոն և թերթը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter