
«Չենք կարող շարունակել սովետական ջայլամային քաղաքականությունը»
Թեև պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, բայց արդեն հայտնի է, որ գրողների միության նորընտիր նախագահ Էդուարդ Միլիտոնյանը կստանա գրականության գծով պետական մրցանակ: Իսկ մրցանակի գումարային չափը 5 մլն դրամ է: Մրցույթից հետո ԳՄ-ից դուրս գալու մասին դիմումներ գրեցին գրականագետներ Հասմիկ Հակոբյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը, ովքեր ընդգրկվել էին մրցույթի հանձնաժողովի կազմում: Հասմիկի ասելով՝ հանձնաժողովի անդամներին ընտրում է մշակույթի նախարարությունը՝ ըստ գիտական հոդվածների տվյալների: «Հետաքրքիր է, որ այս հանձնաժողովներում անունները շատ կրկնվում են: Կան մարդիկ, ովքեր անընդհատ տարբեր հանձնաժողովներում են՝ մի տարի մրցանակ են տալիս, մյուս տարի ստանում են: Թեպետ իրենք նշում էին, որ իրենք մրցանակը ստացել էին, և առավելագույնն ազնիվ կլինեն, բայց մյուս կողմից՝ եթե մրցանակ ես ստացել, ուրեմն, այդ հանձնաժողովից դուրս ինչ-որ մեկին պարտական ես եղել, ինչը հետագայում պետք է փոխհատուցես»,- ասում է Հասմիկը՝ ավելացնելով, որ ինքը լավ կամ վատ բան չի ասում այդ մարդկանց մասին:
-Երբ խոսք է գնում այդ մարդկանց անաչառության մասին, համոզված եմ, որ այդ մարդիկ ինչ-որ մեկի թելադրանքով չեն տվել այդ մրցանակը, բայց մարդկանց մոտ կա ներքին շղթայաբար եկող իներցիա, որ ինքը տալիս է մրցանակն այն մարդուն, ում տարիներ շարունակ ճանաչել է և, կարծես, պարտական է դրանում: Այսինքն՝ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկն ասի, որ մրցանակը տվեք այսինչին:
-Դա ենթադրո՞ւմ է, թե որքան էլ հանճարեղ լինի տվյալ գրական գործը, միևնույնն է՝ մրցանակը ստանալու է նա, ում անունն ավելի ծանոթ է:
-Մրցանակները մի տեսակ իներցիայով են տրվում՝ հեղինակների հաջորդականությամբ: Եթե ընդունենք, որ այսօր մրցանակ ստացել է Էդուարդ Միլիտոնյանը, մի քանի տարի հետո գուցե ստանա Գուրգեն Խանջյանը, 30 տարի հետո՝ տարիքային շեմին հասնելու համար Հրաչ Սարիբեկյանը, 40 տարի պետք է սպասի մեկ ավելի երիտասարդ բանաստեղծ: Վաղ թե ուշ, կարծես, բոլորը ստանալու են այդ մրցանակը:
-Ժամանակագրությո՞ւնն է էականը:
-Այս դեպքում հեղինակի տարիքը մեծ նշանակություն ունի: Գիրքը հաճախ տալիս են ոչ թե գեղարվեստական արժեքի, այլ գրականության մեջ արած վաստակի համար: Սա գուցե փոքր-ինչ մեղմացուցիչ հանգամանք է, բայց դա կոտրում է գրական ընթացքը գեղարվեստական գրականություն ստեղծելու համար: Այսինքն՝ հնարավոր է, որ մարդը գրել է լավ վեպ և այլևս այդպիսի վեպ չի գրելու հետագայում, դա ենթադրո՞ւմ է, որ մենք իրեն գրական մրցանակ պետք է չտանք, այլ պետք է սպասենք 30-40 տարի, որ նա ծերանա: Եթե մարդը 30-40 տարեկանում է ստեղծել այդ լավ գրականությունը, ինչո՞ւ դա չնկատենք և այսօր չարժևորենք դա:
Աշխարհում առհասարակ մրցանակներ տրվում են գեղարվեստական երկերի շուրջ հետաքրքրություն ստեղծելու համար, մինչդեռ մեզ մոտ հակառակն է արվում՝ անընդհատ թաքցնում ենք մրցանակին ներկայացված գրքերը: Այդ գրքերը միշտ մնում են ստվերի տակ: Այնինչն պետք է լինեն հանրային քննարկումներ, հասկանալ, թե հասարակությունն ինչպես է գնահատում տվյալ գրականությունը, տեսակետներ ստեղծել: Մեզ մոտ, չգիտես ինչու, կոծկվում է այդ ամենը, սիրում ենք թաքցնել, որ հանկարծ չիմանանք, թե ինչ գրքեր են ներկայացված:
-Հասմիկ, մասնագիտորեն կդիտարկե՞ք պետական մրցանակի ներկայացված գրքերը:
-Պետական մրցանակի ներկայացվել էին 48 գրքեր, որոնցից 30-ը գրականությունից դուրս էին, ինչ-որ մարդիկ բանաստեղծությունների ժողովածու էին գրել, նույնիսկ ձեռագիր վիճակով էին ներկայացրել: Պարույր Հայրիկյանն էր մի ժողովածու ներկայացրել: Այդ 48 գործերից ընտրեցինք գեղարվեստական, քիչ թե շատ գրական արժեք ունեցող 12 գործեր: Granish.org կայքում հրապարակել էինք այն 12 գրքերը, որոնք անցել էին առաջին փուլը: Հետաքրքրությունը դեռևս քիչ էր այդ գրականության նկատմամբ:
Այդ գրքերը կարելի է բաժանել մի քանի խմբի:
Վահագն Մուղնեցյանը ներկայացրել էր «Զոհանվեր» բանաստեղծությունների ժողովածուն: Նրա և Սասուն Գրիգորյանի ներկայացրած ժողովածուները շատ թույլ էին, դասական պատկերներով, ավանդներով ստեղծված, որոնք այսօրվա գրական ընթացքը չեն մեկնաբանում:
Կային նաև օրվա հոգսերով մտահոգվող արձակագիրների ժողովածուներ՝ Գոհար Նիկողոսյանի, Դավիթ Մկր-Սարգսյանի: Դրանք որոշ չափով սոցիալական անդրադարձումներ էին՝ պատմվածքների, Դավիթի դեպքում՝ էսսեյատիպ հուշագրություններ՝ վեպի տեսքով: Գրքեր կան, որոնք ընթերցելու համար հաճելի են, բայց ամբողջական տարրերով, ժամանակազգացողությամբ, ամրությամբ, էքզիստենցիալ, գոյապաշտական փոխանցումներով գուցե չեն բավարարում այդ սահմանը:
Բակուր Կարապետյանի՝ «Շուշեցու հիշատարակարանը» և Էդիկ Խաչիկյանի «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» պատմական անդրադարձումներով գրքերն էին: Է. Խաչիկյանի գիրքը Եղեռնի անդրադարձով վեպ էր: Դրանք գրագետ գրված գրքեր էին, բայց այդտեղ՝ որպես գեղարվեստական բարձր արժեք, որ մեր գրականությունը մեկ քայլ առաջ կտաներ, չկար:
Հետաքրքրիր բանատեղծությունների ժողովածուներ էին ներկայացրել Շանթ Մկրտչյանը և Արևշատ Ավագյանը, թեպետ Արևշատ Ավագյանի բանաստեղծություններն էլ նախկինից կտրվող էին և ավելի շատ արտահայտվել էր նրա մանրանկարչությունը, քան կոնկրետ բանաստեղծությունները: Արևշատ Ավագյանն էլ գրում է ավելի շատ օրվա հոգսերով ազդված բանաստեղծություններ, բայց որպես բանաստեղծության տեսակ, փորձում է լինել միայն օրվա տարեգրող, իսկ բանաստեղծությունն ամբողջացնելը չի ստացվում:
Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր, տերևներ» ֆանտաստիկ պատմավեպը հետաքրքիր էր այն առումով, որ պատմությունն ուսումնասիրված էր, պատմական տարբեր դարաշրջաններ էին համադրված, պատմիչների ստեղծագործություններն ուսումնասիրած, որը նաև մեր օրերի անդրադարձն էր: Գիրքը հետաքրքիր էր, բայց ուներ չափազանց ձգձգվածություն: Հերոսուհին հաճախ ավելի շատ պարտավորություններ էր վերցնում իր վրա՝ ինքն իրեն վեր դասելով բոլորից, պատմական ճառեր ասելով: Կարծում եմ՝ վեպը լուրջ խմբագրման կարիք ունի այն իմաստով, որ ավելի ամփոփ պետք է ներկայացվի: Կային երկար ներկայացված հատվածներ, օրինակ, դպորցի հատվածները, և կարծես, մի քանի խնդիր էր վերցրել, հաճախ հրապուրվելով ինչ-որ թեմայով, այն ավելի էր զարգացրել:
«Ամենատառապած» (կատակով եմ ասում) գիրքը Էդվարդ Միլիտոնյանի «Է» ժողովածուն է, որը քննարկման առիթ դարձավ բոլորի համար: Առհասարակ իր պոեզիան ժամանակակից գրականության տեսակ է, բազմատարր է, կազմված է ժամանակակից պատկերաստեղծման մետաֆրային պատկերներով, պատմականի ու նոր ժամանակի իրոնիկ խաղարկումներով, որոնք հումորային մեծ շերտեր ունեն: Ինձ ավելի շատ դուր են գալիս Միլիտոնյանի՝ վաղ լույս տեսած ժողովածուները, քան՝ «Է»-ն: «Է»-ում, կարծես, գաղափարական և ժամանակային առանցքի քիչ թե շատ բացակայություն կա: Գրքում կան թույլ բանաստեղծություններ, որոնք ժողովածուն ոչ թե լրացնում, այլ, կարծես, առավել թուլացնում են:
Մյուս երկու գրքերի նկատմամբ՝ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» և Հրաչ Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», հասարակության մեջ ակնհայտորեն վերաբերմունքը կար: Դրանք առանձանում են և՛ գեղարվեստական արժեքով, և՛ ժամանակակից գրականության չափանիշներով: Դրանք գրականությունը մեկ քայլ առաջ տանող գրքեր են, որոնք ոչ սովորական անդրադարձներ են հասարակական կյանքին:
Գուրգեն Խանջյանի գիրքն ամենահաջողված գրքերից մեկն էր: Այստեղ հաղթահարված են հերոսների տարաբնույթ էությունների՝ նույն հարթությունում ներկայացնելու խնդիրը, կա միևնույն հերոսի այլընտրանքային տարբերակը: Խանջյանը վերադառնում է ընտանիքի ստեղծման ակունքներին, որ մարդու համար կարևորն ընտանիքի գաղափարն է: Խանջյանի գրականությունն առհասարակ ընտանեկան գրականություն չէ, բայց այդ վեպում նա ստեղծում է այն, որ կարևորը ընտանիքի գաղափարն է մարդու համար: Իհարկե, որոշ թերություններ կարող եմ նշել այդ գրքում, օրինակ, հարակից հերոսներ կան, որոնք, կարծես, թույլ են, հպանցիկ են հայտնվում:
Ինչ վերաբերում է Հրաչ Սարիբկեյանի գրքին, բոլորը գիտեն, որ այդ գրքի սիրահարը չեմ: Սակայն որպես գրականագետ չեմ կարող չասել, որ ներկայացված գրքերից սա ամենամբողջականն էր՝ գեղարվեստական մանրամասն մշակված, առանձին հերոսներով, մանրաքանդակային կոկիկությամբ: Միգուցե այս չափազանց մշակվածությունն էր, որ ինձ դուր չէր գալիս այդ վեպում՝ որպես գրականագետ: Հերոսներն այնքան կոկիկ էին, որ ինքդ մտածելու, ինչ-որ բան ավելացնելու այդ հերոսների բնույթին, տեղ չէր մնում: Գուցե նաև դա էր նյարդայնացնում, բայց այն հաջողված վեպ է: Այստեղ հղումներ կան համաշխարհային գրականությանը, Աստվածաշնչին:
-Իսկ Ձեր կարծիքով՝ ներկայացված գրքերից ո՞րն էր արժանի պետական մրցանակի:
-Պետական մրցանակի միանշանակ արժանի էին Գուրգեն Խանջյանի և Հրաչ Սարիբեկյանի գրքերը: Այդ մրցակցությանը կարող էին մասնակցել Շանթ Մկրտյանի, Ալիս Հովհաննիսյանի և Էդիկ Միլիտոնյանի գրքերը: Այսինքն՝ այս գրքերի մեջ կարող էր կատարվել ընտրություն: Ես ուրախ կլինեի, որ մրցակցություն լիներ, տարաձայնություններ լինեին: Մինչդեռ քննարկումներ առհասարակ չէին եղել հանձնաժողովում: Մի տեսակ թաքցնելու միտում էի նկատում: Առհասարակ արվեստի բնագավառում չեմ պատկերացնում, թե ինչ է փակ, գաղտնի քվեարկությունը, որովհետև բացի հանձնաժողովի անդամ լինելուց, դու նաև մասնագետ ես և քո գրականագիտությամբ, քո խոսքով պարտավոր ես կանգնել այն գրքի թիկունքին, որին դու մրցանակ ես տվել: Երբ մենք չենք խոսում այդ գրքերի մասին, որևէ տեղ հանդես չենք գալիս այդ գրքերը արժևորելու հարցում, կարծես, թերանում ենք մեր գործը կատարելուց: Կարծես, ոչ մեկին պետք չէ այդ մասնագիտությունը: Ի՞նչ է նշանակում՝ արվեստը թաքուն գնահատող մարդիկ:
-Ի՞նչ եք կարծում, Միլիտոնյանի գիրքն արժանի՞ էր այդ մրցանակին
-Ես ինքս ձայն չէի տա այս գրքին՝ անկախ ամեն ինչից: Միլիտոնյանի այդ գիրքը հերթական ժողովածուն էր իր կյանքի տարեգրության մեջ, բայց ոչ իր լավագույն գիրքը, որն արժանի էր այդ մրցանակը ստանալուն: Նշեմ, որ նախորդ պետական մրցանակը ստացել էր Հովհաննես Գրիգորյանը: Նա աներկբայորեն պետք է ստանար այդ մրցանակը, բայց նույնիսկ Հովհ. Գրիգորյանին տարիներով չեն տվել այդ մրցանակը:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Միլիտոնյանը ստացավ այդ մրցանակը:
-Միայն Էդիկ Միլիտոնյան գրողի անվան համար և նաև, որ նա գրողների միության նախագահն էր, թեպետ կարող էր նախագահ չլինել, բայց ստանար այդ մրցանակը:
Շատ հեշտ է մրցանակներ տալ ավանդական հեղինակներին, որոնք արդեն վաստակ ունեն: Գեղարվեստական արժեքներով առաջնորդվելու դեպքում շատ հաճախ պետք է նեղացնել վաստակաշատներին, անհրաժեշտ է, որ հանձնաժողովի անդամը կտրուկ քայլեր կատարի, որը, կարծես, փոքր-ինչ ավելի մեծ համարձակություն է պահանջում:
Մենք սպասում էինք, որ գրողների միությունն ընտրություններից հետո որպես կառույց կփոխվեր, և Միլիտոնյանն այլ քաղաքականություն կվարեր: Իհարկե, ես հակված չեմ այն մտքին, որ ԳՄ-ում ստեղծված մթնոլորտը միայն Է. Միլիտոնյանն է ստեղծել: Ոչ, նա միայն վերջերս է եկել: Այդ ամենը տարիների հոգնածության հետևանք է: Հենց այս մրցանակաբաշխությունն էլ, մնացած դեպքերն էլ ցույց են տալիս, որ ԳՄ-ն ժամանակակից գրականության տարածմամբ զբաղվում է այնքանով, ինչքանով դա պետք է ցույց տալ ինչ-որ հաշվետվություններում, այն ջանասիրությամբ ու ջանեռանդությամբ չէ հանդես գալիս, որով պետք է հանդես գա:
Մեր ընկերները շատ հաճախ ինձ և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին մեղադրում են ԳՄ-ի նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք ունենալու համար: Կտրվածքով նայելիս հասկանում եմ, որ հաճախ աչք ենք փակել ամեն ինչի վրա: ԳՄ-ի արած մի փոքր բանը փորձել ենք ներկայացնել շահեկան ֆոնի ներքո, բայց, ի վերջո, հոգնել ենք փնտրել այդ փոքր բաները ինչ-որ տեղ, որտեղ չկան, կարծես մեր երևակայությամբ ենք հորինում դրանք՝ հասարակության աչքին ավելի լավը ներկայացնելու համար: Մեզ ճանաչող բոլոր ընկերները կարող են փաստել, որ մենք որևէ մեկի պատվերը երբեք չենք կատարել: Միլիտոնյանը որոշ տեղերում ասել է, թե ինչ-որ մարդիկ պատվեր են կատարում: Բայց ովքե՞ր են այդ մարդիկ: Թող անուններ նշի: Մեր պատվիրատուն ժամանակակից գրականությունն է ու դրա մասին մտահոգությունները:
-Ամեն դեպքում, ինչո՞ւ դուրս եկաք գրողների միությունից:
Գրողների միությունից մեր դուրս գալը հուսահատ քայլ էր, և ուզում էինք սթափության կոչ անել: Չեմ կարող ասել, թե հանձնաժողովի անդամներն ինչպես էին քվեարկել: Դա թող մնա իրենց խղճին: Մեր վերաբերմունքը ԳՄ-ի նկատմամբ էր, մեր հիասթափությունն այդ քվեարկությունից, որ հերթական անգամ մրցանակաբաշխության ժամանակ շահում է մարդու անունը և ոչ ստեղծագործությունը, և թող մեր անունն այսուհետ չկապվի այս միության հետ: Դուրս գալով, կարծես, փորձեցինք սահման դնել ԳՄ-ի և ժամանակակից գրականության միջև՝ ինչ-որ կերպ պաշտպանելով նրան:
Կարծես, միություն ունենք, հանձնաժողովուներ ունենք, որոնք իրենք իրենց համար որոշումներ են կայացնում, փակվում են իրենց սենյակներում, իսկ թե հասարակությունն ինչ է խոսում այդ մասին, կարծես, չի հետաքրքրում նրանց: Բայց այսօր ունենք նոր ձևավորվող քաղաքացիական հասարակություն, որի հետ պետք է հաշվի նստել: Այսինքն՝ մենք այլևս չենք կարող շարունակել տարիներ շարունակ տարվող սովետական ջայլամային քաղաքականությունը:
Գրողների միությունն այնքան է ծանրաբեռնվել վաստակաշատ գրողներով, որոնք իրենց խոսքն ասել և վերջացրել են, որոնք տպագրման, մրցանակներ ստանալու խնդիրներ են դնում, իսկ ժամանակակից հեղինակներին այդ պրոցեսի մեջ ընդգրկելու համար պարզապես տեղ չի մնում: Եվ ստացվում է, որ 30-40 տարի մենք լսում ենք նույն վաստակաշատ մարդկանց անունները և չունենք ժամանակակից գրողներ: Եթե այսպես շարունակվի, 30-40 տարի հետո ստեղծվելու է հսկայական վակուում, բայց հույս ունեմ, որ, ԳՄ-ից դուրս գրական գործունեություն ծավալելով, փորձում ենք մեղմել ստեղծված իրավիճակը՝ ժամանակակից գրողներիմ մեծ տեղ հատկացնելով ու գրականությունը ներկայացնելով՝ առաջ տանելով ժամանակակից գրականությունը:
Լուս.՝ granish.org-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել