HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիների անձնագրերից ի՞նչ շահույթ ունի լեհական ընկերությունը

Այսօր ԱԺ-ում ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց կառավարության կողմից օրենսդարական փաթեթը «ՀՀ քաղաքացու անձնագրերի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ովքեր են իրականացնելու նոր անձնագրերի պատրաստման հետ կապված գործընթացները: «Մենք նոր անձնագրեր ենք նախատեսում, որոնց համար սահմանված է 25.000 դրամ տուրքը: Ըստ էության, սա հսկայական գումար է: Այստեղ ծագում է հետևյալ հարցը՝ ինչու՞ է այդքան բարձր այդ տուրքը, նաև ենթադրվում է, որ կան որոշակի ծախսեր, և հետաքրքիր է՝ ի վերջո ովքե՞ր են իրականացնելու այս նոր անձնագրերի պատրաստման հետ կապված գործընթացները, արդյո՞ք կան մասնավոր ընկերություններ»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

«25.000 դրամ պետական տուրքը միայն ճամփորդական փաստաթղթերի համար է, այսինքն՝ եթե քաղաքացին անձնագիրը ՀՀ տարածքում օգտագործելու համար անձը հաստատող փաստաթուղթ պետք է վերցնի, ապա պետք է վերցնի միայն նույնականացման քարտ, որը փոխարինում է ամբողջությամբ անձնագրին ու սոցիալական քարտին: Այսինքն՝ այդ երկուսի փոխարեն լինում է մի փաստաթուղթ, որ ավելի պաշտպանված է, օգտագործման համար պիտանելիության իմաստով զգայունությունն ավելի մեծ է, այսինքն՝ պիտանելիության ժամկետից շուտ չի կարող շարքից դուրս գալ: Այդ առումով քաղաքացիների համար, կարծում եմ, սա ավելի հարմար փաստաթուղթ է»,- պատասխանեց Ա. Օսիկյանը:

Նա համաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, որ տուրքը թանկ է, սակայն դա հիմնավորեց այն հանգամանքով, թե այդ կենսաչափական փաստաթուղթն ունի առավելություններ: «10 տարի ժամկետով տրվելու պարագայում օտարերկրյա պետություններում վավերականության կնիքն այլևս չի լինի: Այսինքն՝ եթե նախկինում յուրաքանչյուր ելքի համար կար 1000 դրամ, որ մարդը դժվարություններ էր ունենում, աշխատանքի կամ ժամանակի ծախս էր ունենում, այլևս դա չի լինելու, այսինքն՝ անձնագիրը միայն բավական է, որպեսզի օտարերկրյա պետություններում ազատ ճամփորդեն, բացի այդ՝ մենք հնարավորություն ենք տվել սոցիալապես անապահով շերտերին անվճար ստանալ նույնականացման քարտը և մինչև 16 տարեկանները, 16-18 տ արական սեռի քաղաքացիները անվճար կարող են ստանալ նաև հին նմուշի անձնագրերը, բացի այդ, հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով դիմողները նույնպես հնարավորություն կունենան ընտրություն կատարել հին ու նոր անձնագրերի միջև»,- մանրամասնում էր Օսիկյանը:

Ըստ նրա` 25.000 դրամն ամբողջությամբ գնալու է պետբյուջե: Իսկ մրցույթ կազմակերպելու կարիք չկա, քանի որ այն 3 տարի առաջ է անցկացվել, որը շահել է լեհական կազմակերպություն: «Շուրջ 1,5 տարի է` այս համակարգը ներդրված է, 4.000 քաղաքացիներ ստացել են կենսաչափական նմուշների անձնագրեր և 88.000  քաղաքացիներ՝ նույնականացման քարտ: Զուգահեռաբար օգտագործվում են թե´ հին նմուշի անձնագրերը, թե´ այս փաստաթղթերը, ավելին՝ ցանկացած քաղաքացի, որ տիրապետում է հին նմուշի անձնագրերի, այս օրենքի մասով պարտավոր չէ դրանք հանձնել, այսինքն՝ նա կարող է պահել դրանք մինչև ժամկետի ավարտը՝ կլինի դա 8 կամ 10 տարի, կարող է ազատորեն օգտագործել»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետը:

Ի պատասխան նրա` Փաշինյանը նշեց. «Անկեղծ ասած, էդ լեհական ընկերությունը… ով է վճարում նրանց, ի վերջո արտադրանք են տալիս, այն գալիս է Հայաստան, և նրանց ինչ-որ մեկը վճարում է, այսինքն՝ ինձ հետաքրքրում է էդ ընկերության շահույթի չափը և իրենք արդյո՞ք Հայաստանում գրանցված դուստր ձեռնարկություն կամ որևէ ձեռնարկություն ունեն հայաստանցի փայատերերով, այսինքն՝ ես ասացի, որ հարցը ձեզ հասկանալի կոնտեքստում է, և այս նրբությունները պարզաբանելը կարևոր է»:

«Համաձայն կառավարության կողմից  կնքված պայմանագրի՝ դեռևս 2011 թ. լեհական ընկերության հետ պայմանագիր է կնքվել և այն պարտավորվել է մատակարարել մոտ երեք հարյուր հազար անձնագիր առաջիկա հինգ տարվա կտրվածքով, և հինգ տարվա կտրվածքով ՀՀ-ն պարտավորվել է այդ գումարները մարել: 1 անձնագրի արժեքը մոտավորապես գալիս է 23.000 դրամ՝ լեհական կողմին վճարվելիք, նաև որոշակի գումարներ, պետությունն իր վրա է վերցրել փոխհատուցման կարգով՝ նպաստառուների և այլն: Նույնականացման քարտի արժեքը 3.000 դրամ է, քիչ ավելի, պետությունն ինչ-որ հավելյալ գումար այստեղ չի նախատեսում: Ունի գրանցված նաև դուստր ձեռնարկություն»,- պատասխանեց Օսիկյանը՝ սակայն այդպես էլ չպարզաբանելով հայաստանցի փայատերերին վերաբերող մասը:

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հնարավոր չէ, որ մի թղթի կտորի պատրաստումը 23000 դրամ արժենա: Սա շատ նման է ՀԴՄ-ների Հազար դոլարանոց ,,աֆյոռա,, կոչված գործողությանը: Արհամարհված, և ոստիկանական ,,աբլավներից,, ծեծ կերած քաղաքացիները շատ պետք է զարմանան, որ իրենց գենետիկ տվյալները մեր իշխանավորների կողմից այսքան բարձր են գնահատվում:
Ara
Ձեր նշած գինը մեկին մեկ բռնում է հոլանդական անձնագրի գնին: Բայն նախ՝ այն չի տպագրվում էժան աշատուժով Լեհաստանում և հետո, հոլանդացու եկամուտը չես համեմատի հայաստանցու չեկամուտի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter