
Բալլադներ
Նաիրա Հայրապետյան
Բրիտանացի երաժշտագետ և ռոք երաժշտության քննադատ Սայմըն Ֆրիթը «pօwer» (հզոր, ուժեղ) բալլադի մեկնաբանությունը տեսնում է սոուլ արտիստների չափազանց էմոցիոնալ կատարումների մեջ: Այս առումով նա հատկապես ընդգծում է Ռեյ Չարլզին, այնուհետև Էրիկ Բորդոնին, Թոմ Ջոնսին և Ջո Կոկերին, ում կատարումներում իրենց հզոր ազդեցությամբ ընդգծվում են ոչ միայն վոկալային առումով զգացմունքային ներդրումները, այլև առանձին երաժշտական մասեր` էլեկտրական կիթառի, հարվածային գործիքների սոլո կատարումների, իսկ երբեմն` երգչախմբային կառուցվածքով:
Մեկ այլ մասնագետի` Չարլզ Ահարոնի մեկնաբանությամբ «pօwer» բալլադներն ի հայտ են եկել վաղ 70-ականներին, երբ ռոք աստղերը փորձում էին իրենց երաժշտությամբ, ժամանակակից լեզվով ասած, մեսիջներ փոխանցել իրենց լսարանին: Ահարոնի պնդմամբ` բալլադների այս տեսակը հատկապես ամերիկյան երաժշտական դաշտ ներխուժեց 1976թ-ից սկսած, երբ FM-ային ռադիոկայանների շնորհիվ վերածնվեցին, նոր կյանք ստացան մինչ այդ ծնված և ինչ-որ առումով արդեն ապրած այնպիսի երգեր, ինչպիսիք էին Led Zeppelin-ի «Stairway to Heaven»-ը (1971թ.), Aerosmith-ի «Dream on»-ը (1973թ.), Lynyrd Skynyrd-ի «Free Bird»-ը (1974թ.), Carpenters-ի «Goodbye to Love»-ը (1972թ.) և այլն: «Power» բալլադի օրինակ կարող են համարվել նաև «Love Hurts» երգի Nazareth խմբի տարբերակը (1975թ.), ինչպես նաև` Kiss - «I Still Love You» (1982թ), Scorpions- «Still Loving You» (1984թ), Heart-«What About Love» (1985թ) և այլ երգեր:
Led Zeppelin -Stairway to Heaven
Բալլադների ամենահայտնի ու թերևս մեծ պահանջարկ վայելող տեսակն է բլյուզ-բալլադը: . Այս երաժշտական տերմինն օգտագործվում էր դեռևս 19-րդ դարի վերջից` բնութագրելու համար անգլո-ամերիկյան և աֆրո-ամերիկյան ոճերի միախառնումից ծնված նոր, բայց պոպուլյար երաժշտությունը: Առաջին բլյուզ-բալադները հենց այս շրջանում ծնվեցին:
20-րդ դարում այսպես էին բնորոշում նաև դանդաղ տեմպով ներկայացվող, հիմնականում պարզ, սենտիմենտալ նշանակությամբ երգ-պատումները` արտահայտված բլյուզի ոճով: Դրանց բնորոշ էին հիմնականում հերոսական կերպարներին նվիրված պատմություննե. նրանք սովորաբար ազնիվ, աշխատասեր, հայրենասեր մարդիկ էին, որոնցից շատերը իշխանության տեսանկյունից անգամ կարող էին հակահերոսներ համարվել` ինդուստրիալիզմի կլանիչ, հակաժողովրդական բարքերի, աղքատության դեմ դուրս եկած անհատներ, ովքեր, սակայն, սիրված էին ժողովրդի կողմից… Այս երգերը կատարվում էին և’ սևամորթ, և’ սպիտակամորթ երաժիշտների կողմից` հիմնականում ուղեկցվելով բանջոյի կամ կիթառի նվագակցությամբ` բլյուզի ֆորմատով: Ամենահայտնի բալլադները նվիրված են Ջոն Հենրիին, Քեյսի Ջոնսին, Վայրի Բիլ Ջոնսին, Սթեգըր Լիին և Ջոն Հարդիին:
Ջոն Հենրին, օրինակ, ֆիզիկական ուժի և տոկունության, ինչպես նաև մարդկային արժանապատվության, ռասայական ու, առհասարակ, համերաշխության խորհրդանիշն էր: 2-րդ աշխարհամարտի տարիներին նրա կերպարը ԱՄՆ-ի կառավարության կողմից մշտապես օգտագործվում էր քարոզչական նպատակներով: Նրա մասին հորինված երգերը կամ պատմությունները մասսայականացվում էին և կատարվում տարբեր երաժշտական ոճերով, ժանրերով` բլյուզ, ֆոլկ, ռոք… Հայտնի «Ջոն Հենրիի բալլադը» երգը կատարվել է բազմաթիվ նշանավոր և երիտասարդ երաժիշտների կողմից` Ջերրի Լի Լյուիս, Վան Մորիսոն, Ջոնի Քեշ, Բրյուս Սփրինգսթին, Ջո Բոնամասա, Փինք Անդերսոն և ուրիշներ:
Joe Bonamassa-The Ballad of John Henry
Մեկնաբանել