
Գագիկ Մինասյանի ընտանեկան բիզնեսը. պատգամավորը թաքցրե՞լ է եկամուտները
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը – 14
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ընտանեկան բիզնես ունի: Մինասյաններին է պատկանում «Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ն: Ընկերությունը ստեղծվել է 2004 թվականին: Հիմնադիրներն են Գագիկ Մինասյանը, որդին` Վահագն Մինասյանը, պատգամավորի եղբայրը` Սամվել Մինասյանը և վերջինիս որդին` Աշոտ Մինասյանը: Յուրաքանչյուրը «Բիթլիս-Մեն» ընկերությունում ունի 25 տոկոս բաժնեմաս:
«Մեր ընկերությունը ունի նաև հէկ, դրանից բացի՝ մենք զբաղվում ենք ինժեներական աշխատանքներով, դրանից բացի՝ լիքը ուրիշ բաներ ենք անում»,- այսպես բնութագրեց իրենց ընկերության գործունեության ոլորտը Գագիկ Մինասյանի եղբոր որդին` Աշոտ Մինասյանը:
«Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ն 2006-ին ստացել է փոքր հէկ կառուցելու լիցենզիա, և «Այգեզարդ» անունը կրող հէկն արդեն իսկ գործում է Արտաշատի ջրանցքի ջրահոսքի վրա: Հզորությունը 2 ՄգՎտ է:
Գագիկ Մինասյանը, սակայն, 2012 թվականին` պատգամավորի մանդատը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում չի նշել, որ «Բիթլիս-Մեն» ընկերությունից եկամուտ է ստացել: Այնինչ, երբ նա պատգամավորի թեկնածություն էր առաջադրել և հայտարարագիր լրացրել` ներկայացնելով 2011-ի մարտից մինչև 2012թ. մարտ ամիսն ունեցած եկամուտները, նշել էր նույն ընկերությունում իր ունեցած 25 տոկոս բաժնեմասի մասին:
«Քիչ շահութաբերության» և «օգտակարության» մասին
Աշոտ Մինասյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ երբ որոշել են բիզնես հիմնել, մտածել են նաև «բիզնեսից բացի՝ լրացուցիչ օգտակարության մասին» և եկել այն եզրակացության, որ շահույթ ունենալուց բացի պետք է ինչ-որ բան անեն, որը պետության համար օգտակար կլինի: «Բանից պարզվեց, որ հէկերի մեջ 2 ուղղություն գոյություն ունի՝ հիդրոկայաններ, որոնք ունեն բարձր սակագին և պատրաստվում են գետերի վրա, և հէկեր, որոնք ունեն ցածր սակագին եւ պատրաստվում են արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքների վրա, օրինակ՝ բաց ջրանցքների կամ խմելու ջրի և այլն: Մեր մոտեցումը հետևյալն էր. ինչքան էլ հէկը էկոլոգիական թողքն ապահովի, ակնհայտ է, որ ջրի մնացած մասը հոսելու է խողովակաշարով և այս կամ այն չափով վնասելու է էկոլոգիային, ուրիշ բան, որ էներգետիկ անվտանգությունն այնքան կարևոր է, որ այդքան վնասը էկոլոգիային թույլատրելի է,- ասում է Աշոտ Մինասյանը:- Կոնկրետ մեր ընտանիքի անդամները որոշեցին այն ճանապարհով գնալ, որն ավելի քիչ շահութաբեր է, բայց հաստատ շատ օգտակար պետությանը»:
Աշոտ Մինասյանը վստահ է, որ ջրանցքի վրա կառուցված իրենց հէկը չի վնասում բնությանը և որևէ ձևով շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի գործում: «Իրականում ունենում ենք ինչ-որ չափով դրական ազդեցություն, որովհետև ունենք մուտքային ջրավազան, որտեղ կա կեղտաորսիչ ցանց: Մեր խնդիրները լուծելու համար այն աղբը, որը ջրանցքով գալիս է, մենք մաքրում ենք, որպեսզի մեր տուրբինները չխցանվեն: Բայց, ոնց որ ասում է հայտնի այն խոսքը` ապրի էն մեղուն, որ իր մեղրի համար ծաղիկները փոշոտում է»,- ասում է Աշոտ Մինասյանը:
Մեկնաբանել