
Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստությո՞ւն է
Ստեփան Գյոզալյան
Լռելը երբեք ուշ չէ, եթե գիտես, որ սուտ ես խոսում. Դյումա որդի
Դեժավյո՞ւ…
Ավարտվեցին ամառային արձակուրդները:
Կառավարությունը ԱԺ բերեց եկող տարվա բյուջեի նախագիծը:
Պարզվեց, որ գիտության խղճուկ ֆինանսավորումը համարյա չի փոխվելու…
Հա էլի, ամեն տարի աշնան կողմերը հնարավոր է, որ այս տողերը պատահած լինեն: Տխուր է… Միապաղաղ է… Զահլեքս գնաց…
Ախր վարչապետի՝ Գիտելիքի օրվա ուղերձը լավն էր է՜… Մինչ այդ ահագին ժամանակ գիտությունից, հենքից-բանից չէր խոսել, ու այդ ոլորտի մարդիկ ահագին ժամանակ ավելորդ անգամ չէին նյարդայնացել: Բայց ախր ուղերձը լավն էր է՜… Նույնիսկ կասկածներ առաջացան, որ ուղերձի օրը ջրբաժանի, նոր հանգրվանի օր է դառնալու: Բայց, փառք Աստծո, այդ անորոշ վիճակը երկար չտևեց (դե, լսել ենք, որ դառը ճշմարտությունը ավելի լավ է, քան անորոշությունը): Մի 10 օրից իմացանք, որ ըստ Հայաստանի պետբյուջեի 2014 թվականի նախնական տարբերակի՝ գիտության աջակցության և զարգացման նպատակով կհատկացվի 12 մլրդ 662 մլն դրամ....
Լավ էլ բառ են գրել՝ աջակցման: Գիտաշխատողների միջին տարիքը հաշվի առնելով՝ շատ ճշգրիտ բառ է: Ոնց որ՝ աջակցենք բիձեն փողոցն անցնի, ավտոյի տակ չընկնի, չմեռնի ևս մի տարի: Այս տարի 11.5 միլիարդ դրամ էին հատկացրել՝ ՀՆԱ-ի 0.26 տոկոսը: Մեղքս մեզ է գալիս, մեկ էլ կառավարությանը. ո՞նց են էս տեմպերով գնալով՝ 20 թվին գիտության ֆինանասավորումը հասցնելու «միջին եվրոպական չափանիշներին» (էջ10)։
Մեկը հարցնի՝ էդ ուղերձը պարտադի՞ր էր: Ստացվում է, որ մի քիչ սուտ էր ասում վարչապետը: Բա ո՞նց համատեղենք «Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը» ու գիտության ոլորտի աշխատողների 50-60 հազար աշխատավարձերը, որոնք երևի այդքան էլ մնան: Դե անցած տարի էլ, այս տարի էլ գիտության ֆինանսավորումն ավելացել էր մի քիչ, իսկ աշխատավարձերը՝ ոչ մի լումա: Ասում են՝ ինչ որ ծրագրերի վրա են ծախսվել այդ ավելացումները: 2014թ. էլ են ծրագրեր իրագործվելու, այն էլ՝ մեգածրագրեր: Այնպես որ, հույս չունենաք, հարգելի «ազգային հարստություններ»:
Բայց մի րոպե. կարո՞ղ է լրատվամիջոցներն են խաբում: Կարո՞ղ է ուղերձի ճիշտ տարբերակում այսպես է գրված. «Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը»: Բայց չէ, ախր վարչապետը դեռ հունիսին խոսք էր տվել՝ 2014թ. հունվարի 1-ից աշխատավարձերը կբարձրանան բոլոր ոլորտներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վա՞յ, բա էս ի՞նչ էր… Էս ի՞նչ է ասել այսօր. «Հուլիսի 1-ից նախատեսվում է 40 տոկոսով ավելացնել աշխատավարձները, իսկ հունվարի մեկից՝ թոշակները՝ 15 տոկոսով: Այսօր կառավարության արտահերթ նիստին հաղորդեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հունվարը հուլիս դարձա՞վ… Էլի է խաբե՞լ… Այս մարդը երբևէ ճիշտ բան ասու՞մ է, թե՞… Ասա սուս մնա էլի՛… Երբ խոսում ես, անհարմար բան է ստացվում… Ես էլ շառ էի անում խեղճ լրատվամիջոցներին… Չնայած, ճիշտ բաներ էլ ասում՝ երբ միայն ասելով կարելի է սահմանափակվել: Օրինակ՝ ուղերձը, տեսլականներով հարուստ ելույթները: Բայց ինչքան էլ հալվա ասես, բերանդ չի քաղցրանա: Ասելուց հետո գործել է պետք, ասածներն իրականացնել է պետք: Ա՛յ այստեղ վարչապետն ու իր կառավարությունը խիստ կաղում են: Որովհետեւ ստի ոտքը կարճ է…
Չնայած, մեկ-մեկ գործ անել էլ են ցույց տալիս: Խնդրեմ՝ Վարչապետի որոշումներ, 23 Սեպտեմբեր 2013, 845 – Ա, ըստ որի՝ պետական բյուջեի գիտության մասի նախագծի քննարկման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը: Բայց ինչ հանձնաժողով էլ լինի՝ չի կարող այդ 10% ավելացվող գումարն այնպես բաշխել, որ կառավարության վերաբերոմունքով ամրագրված՝ գիտնականի ու հավաքարարի կարեւորության գրեթե հավասարությունը խախտվի: Մանավանդ երիտասարդ գիտնականի՝ ստաժավորները կարող է հավաքարարից մի 5-10 հազար դրամ ավել ստանալիս լինեն, կարող է՝ ոչ:
Վա՞յ, բա է՞ս ինչ էր…
Ես էդ որոշմանը շաաա՜տ դեմ եմ. ի՞նչ ա, Աշտարակի փոխքաղաքապետը էդ հանձնաժողովի կազմում չի լինելու՞… Բա Երեւանի փոխքաղաքապետն ի՞նչ գործ ունի գիտության ֆինանսները քննարկող հանձնաժողովում: Արդար չի, չէ՞… Ինքը որպես քաղաքային ինտելիգենցիայի ներկայացուցի՞չ է ընտրված, թե՞ գիտության կողմերում կռվել է…
Չէ, հարգելի «ազգային հարստություն», «գիտելիք ունեցող մարդ», կառավարությունից ձեռք քաշի՝ գոյատեւելու համար գլխիդ ճարը դու՛ պիտի տեսնես: Եթե չես կարողացել գրանտ շահել ու չես ուզում գործից դուրս գալ, տաքսիստ ու կուպեց դառնալ կամ երկիրը լքել՝ պետք է ձեռքի հետ «լեւի» գործ անես: Բայց դե հո թափած չեն «լեւի» գործերը՝ պիտի ճարես… Որտեղի՞ց ճարել: Չխնդրե՞նք վարչապետին… Բա որ խաբի՞…
Հ.Գ. Հետգրության սիրտ չմնաց…
Մեկնաբանել