
Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրենն ընդդեմ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի
«Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրեն Գոռ Մանուկյանի և Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի դատական վեճը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 3-6-ը Գոռ Մանուկյանի` Քարվաճառ գործուղման մեկնելը վարչակազմի ղեկավարը համարել է «ոչ հարգելի բացակայություն» և նրան ենթարկել կարգապահական տույժի` հայտարարելով խիստ նկատողություն` «կարգապահական խախտում թույլ տալու և աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»: (Գոռ Մանուկյանը դատարանում վիճարկում է վարչակազմի ղեկավարի այս հրամանը): Գոռ Մանուկյանն էլ պնդում է, որ իր` տնօրենի լիազորությունները և պարտականությունները կատարելու համար վարչակազմի ղեկավարից թույլտվություն ստանալու կարիք չկա, և չկա այդ պարտավորությունը սահմանող որևէ օրենսդրական ակտ:
ԼՂՀ առաջին ատրյանի դատարանում Գոռ Մանուկյանը վիճարկել էր վարչակազմի ղեկավարի խիստ նկատողությունը: Դատարանը մերժել էր հայցը ապացույցի բացակայության պատճառով, որից հետո Գոռ Մանուկյանը բողոքարկել էր այն: Գոռ Մանուկյանը դատարանից պահանջում է հնարավորության դեպքում նոր դատական ակտ կայացնել, այլապես ուղարկել ստորադաս դատարան` գործն ամբողջ ծավալով նոր քննության:
Երեկ վերադաս դատարանում քննվել էր Գոռ Մանուկյանի բողոքը: Դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Գագիկ Մայիլյանը «Հետքի» հետ զրուցում հայտնեց, որ դատական նիստի ընթացքում համապատասխան միջնորդություն և ապացույց են ներկայացրել, որի հնարավորությունից զրկված է եղել Գոռ Մանուկյանը առաջին ատյանի դատարանում, քանի որ փաստաբան չի ունեցել, իրավաբան չէր և չի կարողացել առաջին ատյանում իր շահերը պատշաճ պաշտպանել: Դատարանն ընդունել է փաստաբանի միջնորդությունը և ապացույցը` հրամանագրքում գործուղման վերաբերյալ Գոռ Մանուկյանի հրամանի արձանագրությունը, որի հիման վրա նա գնացել է գործուղման, և բացակայությունը անհարգելի չի եղել:
«Եթե նույնիսկ հարգելի չհամարվեր, դա հիմք չի հանդիսանում, որպեսզի վարչակազմի ղեկավարը տնօրենի գործունեության վերաբերյալ հսկողություն իրականացնի և տա նկատողություն»,- ասում է փաստաբան Մայիլյանը:
Ըստ նրա, պատասխանող կողմը այդ նկատողությունը հիմնավորում էր նրանով, որ «Սուրեն Խաչատրյանը թույլտվություն չի տվել»: «Եթե թույլ չտար, նշանակում է, որ Գոռ Մանուկյանի լիազորություններն ամբողջությամբ սահմանափակվել է, նա որպես տնօրեն գործելու որևէ իրավունք չէր ունենա: Եթե վարչակազմի ղեկավարը Գոռ Մանուկյանի հետ անձնական խնդիր ունենա, կարող է անընդհատ խնդիրներ ստեղծել նրա համար և նրա գործունեությունը խափանել»,- հիմնավորում է փաստաբանը:
Գագիկ Մայիլյանն ասում է, որ «Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրենի գործունեությունը կանոնակարգվում է «ՊՈԱԿ-ների մասին» օրենքով և դպրոցի կանոնադրությամբ: Այս պարագայում Գոռ Մանուկյանը ոչ կանոնակարգն է խախտել, ոչ էլ նրա գործողությունները հակասել են օրենքին:
Անդրադառնալով Գոռ Մանուկյանի զեկուցագրին, որում վերջինս թույլտվություն է խնդրել, փաստաբանի խոսքով, պատասխանող կողմը, ինչպես ներկայացրել է դատարանում, պրակտիկայում նման դեպք չի ունեցել, երբ զեկուցագիր գրվեր և թույլտվություն չտրամադրվեր: Եթե թույլտվության կարգ գոյություն ուներ, պատասխանող կողմը կարող էր ներկայացնել: Սակայն, ըստ փաստաբանի, նման կարգ չի եղել և չի ներկայացվել: Ավելին, չթույլատրելու մասին որոշում Գոռ Մանուկյանին չի ուղարկվել: «Ոչ մի իրավական նորմ նրանք չմատնանշեցին և դատարանին չներկայացրեցին»,- ասում է փաստաբանը:
Գագիկ Մայիլյանը կարծում է, որ դատարանը ամբողջ ծավալով կբեկանի առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը` ուղարկելով ստորադաս դատարան գործն ամբողջ ծավալով քննելու համար:
Դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ բացի այս վեճից, «Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրեն Գոռ Մանուկյանին այլ արարքներ են վերագրվում: ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Գործով քննությունը դեռ ընթանում է:
Մեկնաբանել