HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես հնչեց Առաջին զանգը Թբիլիսիի 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնում

Սեպտեմբերի 16-ին ողջ երկրի մասշտաբով դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին: Մի քանի օր առաջ տարածվեց տեղեկություն, որ 103-րդ դպրոցի շենքը վթարային վիճակում է: Այս փաստն այժմ ուսումնասիրում է նախարարության համապատասխան տեխնիկական հանձնաժողովը: Հնարավոր է, որ դպրոցն այլ շենք տեղափոխելու անհրաժեշտություն լինի: Մինչ հանձնաժողովը որոշում կկայացնի շենքի վթարային լինելու վերաբերյալ, դպրոցում հնչեց առաջին զանգը:

Այն «միջոցառումը», որն այսօր անցկացվեց 103-րդ հանրային դպրոցում, դժվար է կոչել «Առաջին զանգ»: Ի տարբերություն այլ դպրոցների, այստեղ ամենաքիչ էր տիրում «Առաջին զանգի» մթնոլորտ: Դպրոցի բակում հավաքված՝ անհասկանալիորեն շարք կանգնած երեխաներն ու նրանց ծնողները հավանաբար դպրոցի ղեկավարությունից սպասում էին գոնե ողջույնի խոսք, սակայն իզուր... Ժամը 09:00-ին դպրոցի մուտքի մոտ հայտնվեց տնօրենը: Նա 2-3 րոպեների ընթացքում ինչ-որ կարգադրություններ էր անում իր շուրջը հավաքված ուսուցիչներին: Բակում հավաքված մարդկանց աղմուկի ֆոնի վրա ղողանջեց զանգը և աշակերտները մտան դպրոց:

Հայալեզու առաջին դասարանի աշակերտների համար նախատեսված դասասենյակը ծածկեց «Առաջին զանգի» տպավորությունները: 8 ք.մ. մակերեսով նեղ սենյակ: Ծնողների մեկնաբանմամբ` «մեկուսարան»: Սենյակն այնքան փոքր է, որ նույնիսկ անհնար է պատից գրատախտակ կախել և այն (գրատախտակը) հենած է  միակ պատուհանին: Առաջին դասարանի դասղեկ Լուիզա Մուրադյանի խոսքերով, մեկ ամիս հետո առաջին դասարանցիները կտեղափոխվեն ավելի նորմալ դասասենյակ: Միևնույն ժամանակ Լուիզա Մուրադյանը համառորեն խնդրեց չբարձրաձայնել, թե առաջին դասարանցիները ինչ պայմաններում են ստիպված սովորել: Նրա խոսքով, այս տեղեկության բարձրաձայնումը չի խթանի հայալեզու կրթության ժողովրդականացմանը...

Դպրոցն ուսումնասիրելուց հետո համոզվեցինք, որ շենքում կան մի քանի ազատ դասասենյակներ, որտեղ հնարավոր էր տեղավորել առաջին դասարանցիներին, սակայն այդպես չեղավ: Հայ առաջին դասարանցիների մոտ դպրոցում անցկացրած առաջին և հաջորդ օրերը կտպավորվեն նեղ և մութ սենյակով:

2013թ. մայիսի դրությամբ 16 ծնող հայտնել էր ցանկություն իր երեխային տանել հայալեզու առաջին դասարան, սակայն այսօր դասասենյակ մտավ ընդամենը 10 երեխա: Մեր այն հարցին, թե ինչու՞ է 10 աշակերտ և ոչ թե 16 կամ ավել, դասղեկ Լուիզա Մուրադյանը չցանկացավ պատասխանել: Նույն հարցով դիմեցինք դպրոցի ուսմասվար  Հասմիկ Պապիկյանին.

«Ծնողների մի մասը վերջին րոպեին մտափոխվեց երեխաներին բերել մեր դպրոց: Մի քանիսը տեղափոխվեցին արտասահման: Ուզում եմ ասել, որ այն ծնողները, որոնց երեխաները այսօր սովորում են հայալեզու բաժնում, հավանաբար իրենց երեխաներին տեղափոխեն այլ դպրոց: Այսօր ենք զրուցել... Երկլեզու դասագրքերը բաժանվեցին դասարաններում և ծնողներն այս փաստի վերաբերյալ արտահայտեցին իրենց դժգոհությունը: Նրանք ասում են, որ չեն տիրապետում հայոց լեզվին և այս դասագրքերով չեն կարող օգնել իրենց երեխաներին: Պատրաստվում ենք դիմել նախարարությանը, որպեսզի փոխեն դասագրքերը վրացերեն դասագրքերով»,- հայտարարեց տիկին Հասմիկը:

«Երեխաները վրացերենի խնդիր չունեն և ազատ կարդում են, իհարկե գերադասում ենք աշխատել ոչ թե երկլեզու դասագրքերով, այլ վրացերենով»,- «Միություն»-ի հետ զրույցում ասում է հայալեզու բաժնի երրորդ դասարանի դասղեկ Դալի Մախարաձեն, որը բնականաբար չի տիրապետում հայոց լեզվին:

Ծնողների հետ զրույցում ոչ ոք չհաստատեց այն փաստը, որ դժգոհ են դասագրքերից, մանավանդ ոչ ոք չի ասել, որ գերադասում են վրացերեն դասագրքեր:

Դպրոցի ուսմասվար Հասմիս Պապիկյանի խոսքով, դպրոցը հայոց լեզվի և գրականության դասագրքեր չի ստացել, իսկ համակարգիչները, որոնք պետական ծրագրի շրջանակներում պետք է տրվի յուրաքանչյուր առաջին դասարանցու, արդեն ստացել են, բայց դեռ չենք բաժանել աշակերտներին: Հարկ է նշել, որ առաջին դասարանցիների համար նախատեսված համակարգիչներում բեռնված են միայն վրացերեն լեզվով ուսումնական ծրագրեր:

Նշենք, որ Կրթության  և գիտության նախարարությունը մինչ օրս քննարկում է 110-րդ դպրոցի դեօպտիմալացման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter