HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի իշխանությունները երբեք չեն խոսել Մաքսային միություն մտնելու մտադրության մասին

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի հետ

- Որո՞նք են Հայաստանի եւ Ռուսաստանի այսօրվա գլխավոր հետաքրքրությունները միմյանց նկատմամբ, եւ որքանո՞վ են կախված ռուս-հայկական հարաբերությունները  մեր երկրի նկատմամբ համաշխարհային դերակատարների վարած քաղաքականությունից:

-Հայաստանին և Ռուսաստանին կապող ամենահիմնական ոլորտն անվտանգությունն է, հետո՝ տնտեսությունը: Ռուսաստանն արդեն վաղուց Հայաստանում տեղակայել է իր ռազմական բազան և վերջերս էլ երկարացրեց դրա տեղակայման պայմանագրի ժամկետը: Հայաստանն ու Ռուսաստանը միևնույն ռազմաքաղաքական դաշիքնի՝ ՀԱՊԿ-ի անդամ են։ Կարելի է ասել, որ ռուսների համար Հայաստանը հիմնական հենակետն է այս տարածաշրջանում: Հայաստանն էլ գրեթե միշտ (արդարացված կամ ոչ արդարացի) Ռուսաստանից ակնկալում է աջակցություն ղարաբաղյան հարցին վերաբերող բանակցային գործընթացներում, անվտանգության երաշխիքներ և տնտեսական ներդրումներ: Բացի այս հիմնական հետաքրքրություններից, Ռուսաստանում կա մեծ հայ համայնք, որը նույնպես իր չափով պայմանավորում է հարաբերությունների սերտությունը: Պետք է նշել նաև, որ Հայաստանի իշխանությունները, ունենալով լեգիտիմության լուրջ պակաս,  դիտարկում են պաշտոնական Մոսկվային որպես իրենց իշխանության պահպանման գարանտներից մեկը։ Տպավորություն կա, որ իշխանությունները վստահ են, որ ռուսները, բոլոր դեպքերում սատարելու են իրենց՝ շահագրգիռ լինելով պահպանելու Հայաստանի վրա իրենց ազդեցությունը:

Պետք է նշել, որ Հայաստան - Ռուսաստան հարաբերությունները մեծապես պայմանավորված են Արևմուտք – Ռուսաստան հարաբերություններով: Տեսեք, վերջին շրջանում, թեպետ ակնկալվում էր ռուս-ամերիկյան (արևմտյան) հարաբերությունների բարելավվում, բայց վերջում տեղի ունեցավ ճիշտ հակառակը:  Երեւի հիշում եք, երբ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին  ի նշան հարաբերությունների բարելավվման նվիրեց մի կոճակ, որի վրա սխալմամբ գրված էր «перегрузка» « «перезагрузка»-ի փոխարեն: Արդյունքում «перезагрузка»-ից որոշ ժամանակ անց իսկապես եղավ հարաբերությունների «перегрузка»՝ ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, Արեւմուտքի հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն վատթարացան եւ դրա հետևանքն ու անդրադարձը Հայաստանը զգում է այսօր: Ինչպե՞ս դա արտահայտվեց.  օրինակ, արևմուտքը 4 տարի ջանք, ժամանակ և գումար տրամադրեց, որպեսզի Հայաստանը Եվրամիության հետ կնքի ասոցացման համաձայնագիր: Սակայն, մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը, շատերի համոզմամբ Ռուսաստանի ճնշման տակ հայտարարեց, որ Հայաստանը որոշում է ընդունել մտնել Մաքսային միություն։ Պաշտոնական Երեւանը կատարեց այդ քայլը քաջ գիտակցելով, որ դրանով անհնարին է դառնալու խորը եւ համապարփակ առեւտրի գոտի մտնելը։ .Շատ հնարավոր է, որ սրանով  Ռուսաստանը ցանկացել է Արևմուտքին ցույց տալ, որ նա կարող է մեկ ակնթարթում ջուրը գցել նրա 4 տարվա ջանքերը:

- Ինչո՞ւ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամագրվելու եւ ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի հարցերը  Հայաստանի համար ավելի սուր բնույթ ունեն, քան Ադրբեջանի համար: 

- Որքան էլ պարզունակ թվա, բայց պատճառներից մեկն այն է, որ Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի բնական ռեսուրսների իմաստով աղքատ երկիր է և ձգտում է ներգրավել տնտեսական ներդրումներ դրսից, մինչդեռ Ադրբեջանն այդ իմաստով ավելի ինքնաբավ է և կարող է շատ չմտահոգվել տարբեր միություններով իրեն կաշկանդելու հարցում: Մյուս կողմից, Ադրբեջանն ավելի ավտորիտար է, քան Հայաստանը և այդ պատճառով Եվրամիությանը ինտեգրվելու համար Հայաստանը ավելի շատ նախադրյալներ ունի։ Ադրբեջանն էլ  շատ լավ հասկանում է, որ Եվրամիությունը իրեն չի սպասում։ Ալիևյան կոշտ ավտորիտար համակարգը ի վիճակի չէ ընդունել Եվրամիության կողմից առաջարկվող քաղաքական բարեփոխումների ծրագիրը:

 Ի դեպ, քանի բարձրացրել եք Հայաստանի  եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիայի հետ կապված  հարցը կցանկանայի որոշ դիտարկումներ ներկայացնել դրա վերաբերյալ,։

Ի սկզբանե, բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են եղել, որ ԵՄ-ի ազատ առևտրի գոտի մտնելու դեպքում Մաքսային միությանը միանալու տարբերակ չկա, քանի որ առեւտրի գոտին եւ մաքսային միությունը անհամատեղելի են: Բանն այն է, որ Մաքսային միություն մտնելու դեպքում մաքսային, առեւտրային քաղաքականություն վարելու հարցում երկիրը զրկվում է ինքնիշխանությունից, իսկ առնվազն այդ մասով ինքնիշխան լինելն անհրաժեշտ է ազատ առեւտրի գոտի մտնելու համար: Հայաստանում քաղաքական որոշում կայացնողները գիտեին սրա մասին եւ կարծես թե բոլորը հասկանում էին, որ այս կտրվածքով «Կամ-կամ» տարբերակը Եվրամիության քմահաճույքը չէ այլ՝տեխնիկական, իրավական տեսակետից անհրաժեշտություն: Պետք է նշել նաեւ, որ ԵՄ-ի հետ  Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար տարվող գործընթացը եղել է հրապարակային: Ճիշտ է, բովանդակային առումով շատ բան չի բացահայտվել, բայց, ընդհանուր առմամբ, ժամանակ առ ժամանակ հանրությունը տեղեկացվել է, թե ո՞ր փուլում են բանակցությունները և ի՞նչ հաջողություններ կան, ինչպես նաև եղել են հստակ նախանշված ժամկետներ:

 Հատուկ ցանկանում եմ նշել այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն էլ երբեք չեն հայտարարել Մաքսային միություն մտնելու մտադրության մասին, երբե՛ք: Նրանք միշտ ասել են, որ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու համար որևէ խնդիր և խոչընդոտ չեն տեսնում, իսկ Մաքսային միություն մտնելու մասին կարելի կլիներ մտածել միայն միության հետ սահման ունենալու դեպքում, այսինքն, այլ խոսքերով՝ դրա մասին մտածելն անիմաստ է:

Վերջին մեկ տարվա ընթացքում, կային խոսակցություններ Մաքսային միության հետ ինչ-որ կերպ համագործակցելու անհրաժեշտության մասին, ինչին, ի դեպ, որեւէ կերպ դեմ չեն եղել եւ հիմա էլ դեմ չեն մեր եվրոպացի գործընկներները: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ կողմերը փնտրում էին համագործակցության համար ընդունելի ձևաչափ: Սակայն պետք է նշել նաեւ, որ հանրությունը տեղեկացված չի եղել, թե Մաքսային միության հետ  համագործակցելու նպատակով ինչ տեսակի բանակցություններ են վարվում, ինչ արդյունքներ են ակնկալվում եւ այլն:  Ի դեպ,  մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից ժամեր առաջ իշխող «Հանրապետական» կուսակցության փոխնախագահը վստահ էր, որ Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ ոչ մի սենասացիա չի լինելու եւ կրկնում էր, որ Հայաստանը Մաքսային միության հետ սահման չունեցող երկիր է եւ որ, ընդհանրապես, նման միություն մտնել-չմտնելու վերաբերյալ որոշումը չի կարող մի օրում կայացվել: 

-Ինչպե՞ս են ընդունում Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանի հայկական համայնքը երկրի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Ի՞նչ տեղ ունի Ռուսաստանի հայկական համայնքը ներկայիս ռուս-հայկական հարաբերություններում: 

-Իմ կարծիքով, հայաստանյան հասարակությունում չկա մեկ դոմինանտ մոտեցում Հայաստանի  նկատմամբ վարվող Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ: Հայաստանում կա մի կայուն շերտ, որը բոլոր դեպքերում միայն ողջունում է Ռուսաստանի քաղաքանությունը: Շատերը համոզված են, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական պետություն է, եւ որ աշխարհում չկա այլ երկիր, որ այս չափ լավ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ:  Սակայն, պետք է նկատել, որ վերջին շրջանում,  հանրային դիսկուրսում կարծես թե մեծացել է Ռուսատանի քաղաքականության հանդեպ քննադատական մոտեցումների ծավալը: Ի դեպ, նույն մաքսային միություն մտնելու հետ կապված ակտիվ հանրության մի զգալի մասի արձագանքը վերջինիս լավ վկայությունն է: Ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնություն, որը դեմ է մաքսային միություն մտնելուն: Արդեն իրականացվել են մի շարք բողոքի ակցիաներ: Ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասը խիստ քննադատության է արժանացրել մաքսային միություն մտնելու իշխանությունների որոշումը եւ այդ քննադատության մեջ հստակ նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ճնշումների է ենթարկվել, որ Կրեմլը շահարկում է Հայաստանի անվտագության ապահովման հարցը, թաքնված կերպով շատնաժի է ենթարկում Հայաստանին: Ի դեպ վերջերս Պուտինի այցը Ադրբեջան, Բաքվին զենք վաճառելը նույնպես թեժացրեց հակակրեմլյան տրամադրությունները:

Ռուսական համայնքի վերաբերմունքի վերաբերյալ շատ քիչ բան կարող եմ ասել: Միայն այն, որ «Ռուսաստանի Հայերի Միության» նախագահ Արա Աբրահամյանը մշտապես աջակցում է Պուտինին ցանկացած հարցում, բայց հասկանալի է, որ այդ կառույցը չի կարող ներկայացուցչական համարվել: Իսկ քննադատական մոտեցումներ ունեցողները որպես կանոն կազմակերպված չեն և, սովորաբար, նրանց ձայնը չի լսվում:

-Ո՞ր բնագավառներն ունեն սկզբունքային նշանակություն Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵՄ-ի ներկայիս հարաբերություններում: Փոփոխվել են արդյոք այդ փոխադարձ հետաքրքրությունները վերջին շրջանում:  

-Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հետաքրքրությունների մասին արդեն խոսեցի: Իսկ Եվրամիությունը Հայաստանին հիմնականում գրավում է իր շուկայով, իր տնտեսական մեծ կարողություններով, բարձր ստանդարտներով, Հայաստանյան տնտեսությունում ներդրումներ անելու պոտենցիալով եւ այլն:Եվրամիությունը գրավիչ է  հայ քաղաքացիների համար կրթություն ստանալու, աշխատելու, բիզնեսի, ճամփորդության և այլ բազմաթիվ առումներով: Եվրամիությունն էլ իր հերթին հետաքրքրված է Հայաստանյան շուկայով: Սակայն, կարծում եմ ամենաառաջնային հետաքրքրությունը պայմանավորված է եվրոպական քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական տարածքը ընդլայնելու միտումով: Եվրոպացիները մտածելով սեփական անվտանգության եւ բարգավաճման մասին ձգտում են, որպեսզի իրենց հարեւան երկրները գտնվեն իրենց տնտեսական և քաղաքական տարածքում, ընդունեն եվրոպական չափանիշները, կանխատեսելի եւ հասկանալի լինեն իրենց համար: 

Սակայն, Արևմուտքը պետք է հասկանա, որ միայն տնտեսական խթանիչներով չի կարող դիմադրել Ռուսաստանին: Տեսեք, նույն մաքսային միության հետ կապված պատմությունը` դա արևմուտքի համար լուրջ ձախողում է: Եվրամիության դիվանագիտության մեջ կան լուրջ թերություններ. նրանք պետք է նախատեսեն նման սցենարներ եւ հարեւան  պետություններին առաջարկեն նոր “ռեսուրսներ”: Եթե Եվրամիությունը ցանկանում է, որ Հայաստանը ինգերգվի իրեն, ապա պետք է մտածի անվտանգության ոլորտում Հայաստանին որոշակի գրավիչ առաջարկներ անելու ուղղությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս հարցերին պատասխանել է նաև ադրբեջանցի մասնագետը: «Երկու Ռուսաստան Ադրբեջանի համար» հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter