HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը թաքցնո՞ւմ է շինանյութ ստացող վերաբնակների ցուցակը

2013թ. փետրվարի վերջին Արցախի Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպությունը տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին: Կազմակերպությունը խնդրել է տրամադրել Քաշաթաղի շրջանի բնակիչներին պետական ծրագրերի շրջանակում բնակելի տների վերանորոգման համար շինանյութերի տրամադրման ցուցակը, ինչպես նաև այն բնակիչների ցուցակը, ում նույն ծրագրով արդեն իսկ շինանյութ է տրամադրվել:

Հարցումն ուղարկվել է բնակիչների շրջանում հատկացվող շինանյութի վերաբերյալ ստացված բողոքների հիման վրա: Օրենքով սահմանված ժամկետներն անցել են, վարչակազմի ղեկավարը կազմակերպության հարցմանը չի պատասխանել:

«Քաշաթաղցիներ» ՀԿ-ն դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել վարչակազմին պատասխանել կազմակերպության հարցմանը: Վարչակազմի ներկայացուցիչը` վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտյուշ Մխիթարյանը դատարանում նշել է, որ անձի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը և տարածումը, համաձայն ԼՂՀ Սահմանադրության, արգելվում է:

«ԼՂՀ կառավարության գաղտնի որոշմամբ, Քաշաթաղի շրջանի բոլոր բնակավայրերն ընդգրկված են վերաբնակեցվող բնակավայրերի ցանկում: Հավաքման նպատակը հայտնի չի եղել, իսկ հավաքման նպատակը կարող է լինել շատ լուրջ նպատակ. կարող է լինել իսրայելական, եվրոպական, հակահայկական կառույցների պատվեր: Հարցման նպատակը հստակ չի եղել, դրա համար պատասխան չի ներկայացվել: Մեր երկրում պատերազմը դեռևս ավարտված չէ, գործում է «Ռազմական դրության մասին» օրենք (նման օրենք ԼՂՀ-ում չկա, կա «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք,- հեղ.), իսկ շրջվարչակազմի համար ամենագերակա խնդիրը երկրի շահն է: Կա նախադեպ, այդ շինանյութի հետ կապված հարցը բարձրացված է եղել նաև սոցիալական կայքերի միջոցով, և համապատասխան վստահություն չենք ունեցել, դրա համար չենք տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Եվ եթե վստահ չլինենք, կրկին չենք տրամադրի»,- նշել է Ա.Մխիթարյանը:

Ժիրայր Հակոբյան

Քաջիկ Հակոբյան Տիգրան Կյուրեղյան Կարինե Մովսեսյան Գոռ Եսայան

«Քաշաթաղցիներ» ՀԿ-ի խորհրդի անդամները

Դատարանի հարցին, թե պատասխանող կողմը որևէ կասկած ունի գրանցված կազմակերպության ոչ հայամետ լինելուն, «ոչ» է պատասխանել. «Կասկածներ չունի, բայց վստահ էլ չի»:

Թե կառավարության որ գաղտնի որոշման վրա են հիմնվել` տեղեկությունը չտրամադրելով, Ա. Մխիթարյանը չի հստակեցրել. պատճառաբանել է, որ նույնիսկ դատարանում չի կարող հրապարակել այդ գաղտի որոշումը:

ԼՂՀ առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Քաշաթաղցիներ» ՀԿ-ի` պարտավորեցնելով վարչակազմի ղեկավարին պատասխանել հարցմանը: Վարչակազմի ղեկավարը դատարանի վճռից հետո էլ չի պատասխանել: «Քաշաթաղ» ՀԿ-ն քրեական հանցագործության մասին հաղորդումով դիմել է ԼՂՀ դատախազություն:

Հուլիսի 31-ին վարչակազմի ղեկավարը պատասխան գրություն է ուղարկել` թվարկելով այն համայքները, որոնց բնակիչներին շինանյութ է տրամադրվել որպես պետական աջակցություն: «Քանի որ շինանյութերը մեծամասամբ բաշխվել են համայնքների ղեկավարների կողմից, որոշ դեպքերում` անմիջականորեն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից, ուստի ավելի ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ համայնքների ղեկավարներից»,- պատասխանել է վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

«Մենք խնդրել ենք բնակիչների ցուցակը, մեզ տրամադրել են բնակավայրերի ցուցակը, սա եթե տգիտություն չէ, ապա կոնկրետ փախուստ է հարցին պատասխանելուց: Իսկ ինչու է մարդը փախչում կոնկրետ հարցին պատասխանելուց: Ես ենթադրում եմ, որ ԼՂՀ կառավարության կողմից հատկացված շինանյութերը բաշխվել են ոչ արդար ձևով, օգտագործվել են ոչ նպատակային, դրա համար էլ մարդիկ խուսափում են մեզ պատասխան տալուց,- ասում է ՀԿ-ի տնօրեն Համբարձում Արզանյանը:

Կազմակերպությունն երկրորդ հարցումն է ուղարկել վարչակազմի ղեկավարին` նշելով, որ ոչ թե բնակավայրեն են անհրաժեշտ, այլ շինանյութ ստացած բնակիչների ցանկը: Դեռևս պատասխան չեն ստացել: Սուրեն Խաչատրյանը մեզ հետ հարցազրույցում նշեց, որ չեն էլ պատրաստվում պատասխանել կազմակերպության հարցմանը:

«Ես ինչ իմանամ` էդ հարցում անողը վերցնում է ինչի համար: Մեր մոտ նախադեպ է եղել, որ բաներ կան, որ ես չեմ ասում, ու այդ մարդիկ սաղ օրը ակտիվ են համակարգչում, ինձ էդպես են ներկայացնում, որը պետք չէ ներկայացնել համակարգչում: Ես ինչ իմանամ` վաղը ցուցակը տրամադրեմ, վերցնեն…»,- այսպես արձագանքեց Ս. Խաչատրյանը:

Մեր հարցին, թե արդյոք այդ ցուցակը գաղտնի է, որ վարչակազմը չի տրամադրում, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, գաղտնի չէ: Դե ասում եմ` համայնքներից թող ճշտեն իրենք: Որ համայնքը հետաքրքրում է, թող գնան դժվա՞ր է` ամեն համայնքում 10-15 րոպե հարցնեն, որովհետև սաղին չենք հատկացնում, նայեն որ համայնքում քանի հատ են»: 

Վարչակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե եթե «Հետքի» կողմից նման հարցում ստանա, կրկին չե՞ն տրամադրելու տեղեկությունները: Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, ոնց չենք տալու, հիմա նստենք 2008 թվից պիտի սկսենք ցուցակները հանենք, կարող է դրանց մի մասը չի էլ պաշտպանվել: Էս է խնդիրը: 2010 թվից կարող ենք տալ,- ասաց ու քիչ անց ավելացրեց,-դուք էլ դիմեք, էլի գրելու եմ, որ համայնքներից վերցրեք»: 

Տեղեկատվություն ստանալու մեկ այլ հարցում ՀԿ-ն ուղարկել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի տնօրենին: Խնդրել են տրամադրել հիմնադրամի կանոնադրությունը և հայտնել, թե մամուլի որ միջոցով է հրապարկվել հիմնադրամի հաշվետվությունը: Այս հիմնադրամը նույնպես իրականացնում է շինանյութերի տրամադրում և օգնում քաղաքացիներին: Հիմնադրամի տնօրեն Արտյուշ Մխիթարյանը, ով Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալն է, բանավոր հրաժարվել է հարցմանը պատասխանելուց: 

Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» ՀԿ-ն երկրորդ հարցման պատասխանի համար դիմել է ԼՂՀ արդարադատության նախարարություն: Այստեղից պատասխանել են, որ համապատասխան անձինք զգուշացվել են: Արդյունք, սակայն, այստեղից էլ չկա:

Վարչակազմի ղեկավարին ուղարկված երկրորդ գրության՝ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, կազմակերպությունը պատասխան չի ստացել: Պատրաստվում է կրկին դիմել ԼՂՀ դատախազություն: 

Առաջին լուսանկարում` ձախից` վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը և կազմակերպության տնօրեն Համբարձում Արզանյանը:

Մեկնաբանություններ (3)

Գոռ Եսայան
Մակարդակը ցածր է, թե մի բան գրեմ, խոսեք ըստ էության և առանց ֆեյքերի, իսկապես արդեն զզվանքս չեմ կարողանում թաքցնել այդ ֆեյքերից, միշտ սրտխառնոց եմ ունեցել վախկոտ տեսակից:
Nver Shahnazaryan
Բանից անտեղյակ մարդն անգամ միայն հոդվածը կարդալով կհասկանա, որ ՛՛զդես շտոտը նե տօ՛՛: Չեմ ուզում այս պահին բացահայտումներ անեմ, պարզապես սկզբի համար խորհուրդ կտամ Հետք-ի լրագրողները հետաքննություն սկսեն: Ամենից առաջ դիմեք Քաշաթաղի վերաբնակեցման վարչության պետին վերաբնակվելու համար ու այդպես խորացեք, կտեսնեք, թե ինչեր են ջրի երես դուրս գալու:
Narek
Մերան շրջանային թերթը այն աշխարհահռչակ թերթն է, որը կարդում են, ավելի ճիշտ դրված է շրջանի ղեկավար կազմի աշխատասեղանին, իսկ աշխատողներն էլ մի տաս հատով տանում են տուն, որ վրան կանաչի չորացնեն: Առանց ետին մտքերի....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter