
Աննա Կոնդո. արվեստի ճանապարհորդը
«Ժամանակ առ ժամանակ մտածում եմ նկարահանել ֆիլմ մեկի մասին, որով իսկապես հիանում եմ: Միաժամանակ, չեմ ուզում դրանով վնասել ինչ-որ մեկին», - ասում է ռեժիսոր Աննա Կոնդոն:
Ամերիկացի հայտնի նկարիչ Ջորջ Կոնդոյի կինը` Աննա Աշդյանը ծնվել է Հայաստանում: Վաղ հասակից նա տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ 1989 թ.-ից` ԱՄՆ` Նյու-Յորք:
2000 թ.-ից ի վեր Աննան նկարահանել է իր չորս կարճամետրաժ ֆիլմերը` «Ալքիմիա» (2002), «Կանդիդ» (2005), «Սխալ ուղի» (2008), «Հպարտ Իզան» (2008): Այնուհետև նա նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Merry Christmas» (2013): Այժմ Աննան պատրաստվում է իր հաջորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանմանը, որը ստեղծագործական մի նոր էջ է բացում նրա կյանքում: Իր նոր ֆիլմը Աննա Կոնդոն նախատեսել է նկարահանել Հայաստանում:
Իր կարիերան Աննան սկսել է որպես դերասանուհի: Այդ մասնագիտությունը նրան հետաքրքրել է, քանի որ դերասանը պատմություն պատմող է, մեկը, ով ցույց է տալիս մարդու զգացմունքները, վարքը ամենատարբեր իրավիճակներում: Սակայն ժամանակի ընթացքում դերասանուհին հասկացել է, որ հենց ֆիլմ ստեղծելով կարող է խորանալ մարդկային հարաբերությունների, ընկալումների ու ապրումների մեջ, որպես ռեժիսոր այդ ամենը ներկայացնել ներսից:
Մինչ այժմ նկարահանած ֆիլմերը, մասնավորապես կարճամետրաժները, կարծես թե եղել են ուսումնառության փուլ ռեժիսորի համար: Այդ ընթացքում նա ձևավորվել ու կոփվել է որպես ռեժիսոր: Այժմ եկել է ժամանակը մի նոր բան անելու իր ֆիլմաշխարհում: Աննայի խոսքերով` իր նոր ֆիլմի նկարահանման ժամանակ փորձելու է կիրառել այն բոլոր հմտություններն ու մեթոդները, որոնք ինքն է բացահայտել իր համար: Նա ունի մեծերի օրինակն իր առջև, բայց և կարողացել է ձևավորել սեփական աշխատաոճը թե ստեղծագործական, թե դերասանների հետ աշխատանքի հարցում: Այս գործընթացում այլևս չկան սահմաններ, կա միայն «գերազանցության հասնելու ցանկություն»: Նրա ցանկությունն է կատարելագործել իր հմտություններն ու ձեռք բերած մեթոդները` ստեղծելու ավելի լավ ֆիլմ:
Աննայի խոսքերով` երբեմն մտածում է ֆիլմ ստեղծել մի հայտնի մարդու մասին, որտեղ վերջինիս կներկայացնի հենց այնպիսին, ինչպիսին կա: Խնդիրն այն է, որ նմանատիպ կենսագրական ֆիլմերում հաճախ ներդնում են մեծ գումարներ, դարձնում այն տպավորիչ, փորձում ստեղծել հզոր ֆիլմ, բայց իրականում իրեն հետաքրքիր է ցույց տալ հերոսի մարդկային կողմը, «բացահայտել այդ պատմության տակ թաքնված փոշին», անել հնարավորը, որ կինոդիտողն իրեն իսկապես զգա այդ ժամանակաշրջանում:
Այն հարցին, թե արդյոք կա մի պատմություն, որը հուզել է նրան, բայց նա չի կարող դա վերածել ֆիլմի, Աննան պատասխանում է.
«Դոստոևսկի` «Ոճիր և պատիժ»: Այն շատ խճճված է, և ես չէի ցանկանա վնասել ինչ-որ մեկին` նկարահանելով նման բարդ ֆիլմ»:
Հայկական արմատներով ռեժիսորը Տիգրան և Արաքս Մանսուրյանների քրոջ` Սոնայի աղջիկն է: Տիգրան Մանսուրյանը Աննայի մասին խոսում է մեծ հպարտությամբ ու ոգևորվածությամբ: Նրա խոսքերով` Աննայի մեջ, ով իրենց երեխաների ավագն է, միշտ էլ տեսել է այն պոտենցիալն ու ուժը, որը նա դրսևորովել է իր արվեստի աշխարհում: Տ. Մանսուրյանի բնորոշմամբ` Աննան այն մեկն է, ով միշտ ճշմարտության որոնման ճանապարհին է, որին հասնելու համար ունի իր յուրովի մոտեցումներն ու ձևերը:
Աննայի խոսքերով` ճշմարտությունը գալիս է ժամանակի ընթացքում, և այն դրսևորովում է դերասանական խաղի ազնվության, դերասանների միջև համագործակցության մեջ:
«Միաժամանակ այդ ընթացքում հասկանում ես, որ այլևս չկա ոչ վախ, ոչ ուղեղային վերահսկողություն»:
Աննայի հետ խոսակցության ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ նա ժամանակի ընթացքում ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը, քանի որ սիրում է ոչ միայն ուղղակի ներկայացնել արդեն գրված պատմությունը, այլև անընդհատ բացահայտումներ անել, նորը փորձել, ուսումնասիրել, տեսնել, խորանալ մարդկային հարաբերությունների մեջ, փնտրածը գտնել, որպեսզի սկսի նորը փնտրել: Արվեստում չկան սահմաններ, և դա թույլ է տալիս նրան անընդհատ «ճանապարհորդել». դա նրա բացահայտումների ճանապարհորդություն է:
Այն հարցին, թե արդյոք եղել է, որ այդ բացահայտումների ընթացքում խճճվի, Աննան պատասխանում է` բազմաթիվ անգամներ: Սակայն այն, ինչը նրան օգնել է դուրս գալ նման իրավիճակներից, հետաքրքրասիրությունն է ու ամեն ժամանակ սովորելու պատրաստակամությունը:
«Իսկ ինպիսի՞ն է ձեր մոտեցումը կյանք և արվեստ, իրական կյանք և արվեստի աշխարհ հասկացողությունների վերաբերյալ» հարցին` պատասխանում է. «Երբ երեխաներս ավելի փոքր էին, ինձ մոտ ամեն ինչ ավելի բարդ էր, և ես պետք է դրանք տարանջատեի: Բազմաթիվ տարիներ շարունակ ես կարծում էի, որ արվեստը շատ ավելի կարևոր է, քան իրական կյանքը: Միայն վերջերս ես բացահայտեցի, որ իրականում մտածում եմ դրա ճիշտ հակառակը: Կյանքը շատ ավելի մեծ է, այն ավելին է քան արվեստը: Առանց կյանքի չկա արվեստ»:
Լուսանկարը տրամադրել է Աննա Կոնդոն
Մեկնաբանել