
Քաղաք, որը կունենա 8 առաջին դասարանցի
Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի դպրոցում առաջին դասարանցիների թիվն այս ուսումնական տարում կավելանա: Եթե անցյալ տարի 3 առաջին դասարանցի է եղել, ապա այս ուսումնական տարում 8-ը կլինի: Այս փաստը դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ռուզաննա Թադևոսյանը ուրախությամբ է հայտնում: Փոխարենը դպրոցի վիճակն է անմխիթար:
Միջնավանի դպրոցը 2011 թվականից վերանորոգվում է, սակայն այդպես էլ վերակառուցումն ավարտին չի հասնում: Դպրոցը տիպային է` դեռ խորհրդային ժամանակներից մնացած: Դպրոցի աշխատակազմի` պահակների և տնտեսական աշխատողների ջանքերով դռներ են դրվել, պատուհանները պոլիէթիլենով փակվել, որպեսզի 12 դասարանները կարողանան դաս անցկացնել:
Վերանորոգվել է տանիքի մի մասը, մյուս մասի համար թիթեղները բերվել են, պետք է այս տարի ավարտեն տանիքի աշխատանքները: Ներսի աշխատանքներն իրականացված չեն:
Դպրոցի վերանորոգումն իրականացվում է ԼՂՀ կառավարության հատկացրած միջոցներով:
«Փոխանցումներն ուշանում են, իրենք էլ աշխատանքները չեն կարողանում վերջացնել,- ասում է փոխտնօրեն Ռ. Թադևոսյանը,- ինչ տեսնում եք, լրիվ մեր ուժերով է` պատուհանները դրված, դռները, որ ինչ-որ ձևով կարողանանք մտնենք, դաս պարապենք: Երբ անձրև է գալիս, երկրորդ հարկում անձրևանոցով ենք դաս անում»:
![]() |
Նկարչության համար նախատեսված սենյակը, որի պատերի թերությունները ծածկում են լուսանկարներն ու երեխաների նկարները |
Փոխտնօրենն ասում է, որ այս տարվա հունվարից մինչ օրս ոչ մի աշխատանք չի կատարվել, բացառությամբ տանիքի: Թե մնացած աշխատանքները երբ են անելու, իրենք տեղյակ չեն:
Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը նույնպես չգիտի, թե երբ է ավարտվելու Միջնավանի դպրոցի շինարարությունը: «Դիմեք քաղաքաշինության նախարարություն»,- խորհուրդ տվեց նա: Մեր դիտարկմանը, թե խոսքն իր ղեկավարած վարչական տարածքում գործող դպրոցի մասին է, ավելացրեց. «Ես դիմել եմ, գումարների խնդիր է»: Քաշաթաղում վերանորոգվել է 8 դպրոց: Ըստ Սուրեն Խաչատրյանի՝ մնացյալ բոլոր դպրոցներն էլ հիմնականում վատ վիճակում են:
![]() |
![]() |
Վառարանի համար նախատեսված ելքը | Միջնավանի դպրոցականները |
Միջնավանի քաղաքապետ Մանուկ Մկրտչյանն ասում է, որ դպրոցը մեծ կառույց է, ֆինանսավորումը մի փոքր բարդ է, սակայն ժամանակի ընթացքում կավարտվի: Քաղաքապետ Մկրտչյանը համեմատության համար օրինակ է բերում՝ Մոսկվան էլ միանգամից չեն կառուցել, համբերատար պետք է լինել. այս տարի մեկ մասնաշենքը պետք է ամբողջությամբ կառուցեն: Հետագա տարիներին կկառուցվեն մյուս մասնաշենքերը: Մի մասում նախատեսված է տարածք մանկապարտեզի համար, մի մասում էլ` սպորտդահլիճ: «Մեր պետության բյուջեն այսօր եթե մեծ լիներ, մեր քույրիկներին, մեր երեխեքին չէինք ասի` հանգանակություն արեք, բերեք մեր երեխաներին նվեր տվեք: Առայժմ չունենք»,- ասում է քաղաքապետը:
![]() |
![]() |
Միջնավանի ամառային դահլիճը, որտեղ անց են կացնում միջոցառումները |
Քաշաթաղի շրջանը երեք քաղաքային համայնք ունի, որից մեկը Միջնավանն է: Ոչ թե բնակիչների թվով է Միջնավանը քաղաքային համայնք կոչվել, այլ պահպանել է իր նախկին կարգավիճակը:
Քաղաքապետ Մ. Մկրտչյանը հիշում է, որ 1995-ի օգոստոսի 8-ին Միջնավանում վերաբնակվել է 15 տղամարդ: Այսօր Միջնավանում 123 ընտանիք կա` շուրջ 500 մարդ: Միջնավանում արտագաղթն էլ է զգալի, բայց տեղացիները դա բնական են համարում, իսկ համեմատությունը Հայաստանի Հանրապետության հետ են անում. այնտեղից էլ են մարդիկ գնում:
«Հայաստանում ապրելը դժվար է, Միջնավանում ապրելն է՛լ ավելի դժվար է, բայց եկած կորիզը մնում է, ովքեր իրենց կյանքի լավագույն տարիները Միջնավանում են անցկացրել, տուն-տեղ ունեն, այլևս չեն գնալու»,- ասում է դպրոցի տնօրենի տեղակալը:
![]() |
Հեռվում իրանական լեռներն են` Արաքսով բաժանված հայ-իրանական սահմանը |
Միջնավանի քաղաքապետին հարցնում ենք արտագաղթի ծավալների մասին, պատասխանում է` «նորմալ է»: Թվերի մասին խոսելուց խուսափում է: Ընդհանրապես, Քաշաթաղում վիճակագրական թվերին հասկանալի պատճառներով «ըմբռնումով» են մոտենում:
«Մեզ մի խնդիր է խանգարում՝ բնակարանաշինությունը չենք կարողանում զարգացնել, որովհետև ֆինանսի հետ կապված բան է: Եթե զարգացնենք, բնակիչները շատ կլինեն»,- համոզված է քաղաքապետ Մկրտչյանը:
Այնուամենայնիվ, բնակիչների հետ զրույցները հստակեցնում են իրավիճակը. բազմազավակ ընտանիքներ են հեռացել Միջնավանից, այդ պատճառով այս տարիներին դպրոցի երեխաների թիվն էլ է կտրուկ նվազել:
55 աշակերտ է սովորում Միջնավանի դպրոցում: Ուսումնական գծով փոխտնօրենը հիշում է իր դասավանդման առաջին տարին` 1999-ը, երբ դպրոցում 150 աշակերտ է սովորել: Ռ. Թադևոսյանը նշում է, որ հոսքը շատ է. «Եթե այն ժամանակ Հայաստանում աշխատանք գտնելը դժվար էր, ապա հիմա ով հնարավորություն ունի այնտեղ ինչ-որ բան գտնելու, գնում է»,- ասում է նա:
Մեկնաբանել