
«Ոչ ոք Ասոցացման համաձայնագրի տեքստը գաղտնի չի պահի»,- ասում է Շտեֆան Ֆյուլեի խոսնակը
«Հետքը» դիմել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` խնդրելով տրամադրել «Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի» ստորագրվելիք տեքստը: Նախարարությունը մեր գրությանը պատասխանել էր, որ «ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի հրապարակման ժամանակ առաջնորդվում է ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին օրենքով» սահմանված դրույթներով»:
Համաձայնագրի ստորագրելիք տեքստը ստանալու նպատակով դիմեցինք Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակին` խնդրելով տրամադրել այն, որպեսզի հայ հանրությունը, նախքան ստորագրվելը, ծանոթանա և տեղյակ լինի փաստաթղթին: Փիթեր Ստանոն (Peter Stano), պատասխանելով մեր նամակին, նշել է. «Խնդրում ենք նկատել, որ մենք նույնիսկ դեռևս չենք հրապարակել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, չնայած այն ավելի զարգացած փուլում է, քան Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն է: Երբ բանակցությունների տեքստը համաձայնեցված և ավարտված է, այն անցնում է իրավական սրբագրում` թարգմանության համար հստակեցնելու նպատակով, հանձնվում է նախնական և վերջնական ստորագրման»:
Այլ կերպ ասած, ինչպես նշել է խոսնակը, կան գործընթացներ, որոնք պետք է անցնել: Փիթեր Ստանոն հայտնել է, որ իրենք կհրապարակեն տեքստը այն ժամանակ, երբ բոլոր անհրաժեշտ գործընթացներն ավարտվեն և կներկայացնենք հանրությանը համաձայնագրի վերջնական տեքստը:
«Սա այն է, ինչ մենք անում ենք յուրաքանչյուր միջազգային պայմանագրի դեպքում: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ դա մեր շահերից է բխում, որ քաղաքացիները իմանան այս համաձայնագրի մասին, և ոչ ոք համաձայնագրի տեքստը գաղտնի չի պահի»,- նշել է Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն:
Մեկնաբանել