
Վարձավճարի պատճառով Գոհարը չի կարող շարունակել ուսումը
23-ամյա Գոհար Եղիազարյանն ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրա: Նա քննություններ է հանձնել Հանրային կառավարում մասնագիտության համար և հավաքել 18.5 միավոր: 1 միավորի պատճառով (անվճար անցողիկը եղել է 19.5) Գոհարն անցել է վճարովի համակարգ: Սակայն վարձավճարի գումարը մուծելու հնարավորություն չունենալու պատճառով պատրաստվում է հրաժարվել ուսումը շարունակելուց. ուսման տարեկան վարձը 600 հազար դրամ է:
Գոհարը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից է: Սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող 4 անձանցից բաղկացած ընտանիքում է ապրում: Հայրը և եղբայրը երկրորդ կարգի հաշմանդամ են` տեսողության խնդիր ունեն: Մայրը երրորդ կարգի հաշմանդամ է` սրտի խնդիր ունի: Իրենց հետ է բնակվում նաև հորաքույրը, ով առաջին կարգի հաշմանդամ է: Չնայած այս ամենին, Գոհարի ընտանիքում բոլորը բարձրագույն կրթություն ունեն. հայրը երկու մասնագիտություն ունի, ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը: 10 տարի գյուղի ավագանի է եղել: Մայրն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը` դեղագործ է: 8 տարի աշխատել է գյուղապետարանում` աշխատակազմի ղեկավար: Եղբայրն էլ ավարտել է ԵՊՄՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, դեռ չի աշխատում:
Գոհարն անվճար հիմունքներով սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Վերջին երկու տարվա ընթացքում Վարդենիսի դպրոցում դասավանդել է «Ֆիզիկա» առարկան: Այժմ ուզում է շարունակել ուսումը, որպեսզի կարողանա ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել. ընտանիքում միակ աշխատողը ինքն էր: Իսկ դպրոցում աշխատավարձը 50 հազար դրամ էլ չի կազմել:
Հիմա Գոհարն էլ է դուրս եկել դպրոցից` Երևանում ուսումը շարունակելու նպատակով: «Մեր դպրոցի պայմաններում ահավոր էր աշխատելը, վառարանը չէր վառվում, երեխեքը դասի չէին գալիս,- պատմում է Գոհարը:- Իրենց (քննական հանձնաժողովի անդամների-հեղ.) առաջին հարցն էր` բա խի՞ չեք ուզում գյուղի դպրոցում աշխատեք: Ուզում էի ասել` որ գաք մեր գյուղի դպրոցում երկու օր աշխատեք, կհասկանաք, նամանավանդ ձմռանը»:
Գոհարն ասում է, որ շատ կուզեր մարդու իրավունքների ոլորտում աշխատել: Կառավարման ակադեմիա ընդունվելու համար քննություններ է հանձնել «Սահմանադրություն» և «Սահմանադրական իրավունք» առարկաներից, մասնակցել նաև բանավորին: «Դիպլոմի միջին որակական գնահատականն են հաշվի առել, իսկ իմ դիպլոմի միջին որակականը բարձր է` 73 է, իսկ այնտեղ 54-ով անցել են անվճար,- պատմում է Գոհարը,- միակ բանն այն էր, որ ես անգլերենի գերազանց իմացություն չունեի: Ես իսպաներենի գերազանց իմացություն էի նշել, նրանք համարեցին, որ 21-րդ դարում անգլերենի թույլ իմացությունը շատ վատ է»:
Կառավարման ակադեմիայում Գոհարին ասել են, որ երկրորդ կիսամյակից վարձավճարը կարող է զեղչվել` որպես սոցիալապես անապահով ընտանիքի ուսանող, սակայն առաջին կիսամյակի համար մինչև սեպտեմբերի 6-ը պետք է վճարի 300 հազար դրամ:
Գոհարի ընտանիքն ապրում է նպաստով և հաշմանդամության թոշակով: Ընտանեկան բյուջեն չի գերազանցում 100 հազար դրամը: «Երբ գյուղից դուրս չես գալիս, չես ծախսում, եղած գյուղմթերքով կարողանում ես ինչ-որ կերպ ապրել, իսկ երբ ուսանող ես, ասենք, կիսամյակի այդ 300 հազարը մեզ համար ահռելի գումար է»,- ասում է Գոհարը:
Գոհարը դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Բանավոր նրան պատասխանել են, որ նոյեմբերին ուսանողի տոնի կապակցությամբ կրթաթոշակներ են հատկացվում, սակայն կընդգրկվի՞ Գոհարը կրթաթոշակ ստացողների ցուցակում, թե՞ ոչ, հայտնի չէ:
Գոհարը դիմել է նաև բջջային կապի օպերատորներին` «ՎիվաՍելլ»-ին և «Օրանժ»-ին, որտեղից ասել են` սպասեք:
«Հիմա որ ընդունվել եմ, մտածում եմ, որ եթե չստացվի վճարի հարցը կարգավորել, չեմ գնա: Ո՞նց կարող եմ ընտանիքիս ստիպել այդքան գումար տալ, ես էլ չեմ կարող աշխատել, բայց որ չգնամ, մի տեսակ չգիտեմ…ուզում եմ գնալ,- ասում է Գոհարը և շարունակում,- ասում են` խելացի մարդը, ինչպես որ ոսկին, ուր էլ լինի, փայլում է, բայց էստեղ մի տեսակ խնամի, ծանոթ, բարեկամ որ չունենաս, հա, կարող է դպրոցում աշխատես, բայց խտրականությունը կա»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել