
Հրդեհը, անվադողերի սնանկացած գործարանը և աշխատավարձ չստացած աշխատողները
Առավոտյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» ՓԲԸ-ում (Անվադողերի գործարան): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների` գործարանի նկուղային հարկում` մոտ 1000 քմ տարածքում, այրվել է աղբ և թափոններ:
Հայաստանում գործող երբեմնի հսկա գործարանները հետզհետե շարքից դուրս են գալիս: Պատմությունները շատ նման են. գործարանը սեփականաշնորհվել է, մի քանի տարի աշխատել, հրդեհվել, սնանկացել ու փակվել: Անվադողերի գործարանում հրդեհները դարձել են հաճախակի, վերջին 3 տարում սա երրորդ դեպքն է:
Անվադողերի գործարանում («Դողագործ» ԲԲԸ) խորհրդային տարիներին աշխատել է 2700-3000 մարդ: Տարեկան 2 մլն 100 հազար դող է արտադրել, օրական` 7 հազար դող, որից 4000-ը` գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենաների համար: Օրական արտադրվել է 14 հազար անվադողի ներդիր (կամեր): Արտադրանքի միայն 5 տոկոսն էր մնում Հայաստանում, մնացած մասը սպառվում էր խորհրդային միության հանրապետություններում և սոցճամբարի երկրներում:
Հիմա գործարանը կարող է արտադրել սեյսմոբարձիկներ, բայց այդ պոտենցիալն էլ չի օգտագործվում: Գործարանը կանգնած է 2008-ից: Աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում: Նրանց մշտապես խոստանում են, որ շուտով կտան, բայց այդ շուտովը ձգձգվում է 2001 թվականից:
«Մարդ կա, որ չի ստացել մեկ տարվա աշխատավարձ, մարդ էլ կա` 12 տարվա: Ես, օրինակ, 1998-ից չեմ ստացել: Ասել են` կստանաք, բայց չենք ստացել»,- պատմում է գործարանի արհմիության նախագահ Հարություն Հարոյանը:
Հզորացման և աշխատեցնելու նպատակով 2001-ին ՀՀ արդյունաբերության նախարարությանը գործարանը մասնավորեցրել և օտարել է ամերիկյան «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քոմփնի» փակ բաժնետիրական ընկերությանը, որի բաժնետերը ամերիկյան «Թի Էս Ինվեսթմենթ Քորփորեյշն» ընկերությանն էր` ի դեմս սեփականատեր Սարգիս Խրիմյանի: Վերջինս պարտավորվել է ներդրումներ կատարել և հզորացնել գործարանը, սակայն այդպես էլ խոստացածը չի կատարել: 2007-ին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Աշխատակիցների խոսքով` Սարգիս Խրիմյանը փախել է Հայաստանից:
2008-ից սկսվել է ընկերության սնանկության գործընթացը, ինչի հետևանքով գործարանը հրապարակային աճուրդի է հանվել: 2011-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել այն 1 մլրդ 310 մլն դրամով` պարտավորվելով ողջ գումարը վճարել մինչև 2012թ.-ի հունիսի 1-ը: Մինչդեռ իր պարտավորությունը մասնակի կատարելով` ՊՆ-ն շուտով 8.5 մլրդ դրամով վաճառել է Անվադողերի գործարանը «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲԸ-ին, որի բաժնետերը, ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, Միքայել Բագրատի Ներսիսյանն է:
Սակայն գործարանի աշխատակիցները նշում են, որ այս ընկերության իրական տերը «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականատեր Վահե Յաղուբյանն է: «Մենք խորին համոզմունք ունենք, որ Վահե Յաղուբյանը արժանանալու է տխրահռչակ Սարգիս Խրիմյանի ճակատագրին, սակայն դրանով մեր օրենքով սահմանված իրավունքները և պահանջները չեն բավարարվելու»,- գրում են գործարանի աշխատակիցները նախարար Սեյրան Օհանյանին և զինդատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված իրենց նամակում, որը ստորագրել է ավելի քան 55 աշխատակից:
Աշխատակիցները նշել են, որ ոչ ՊՆ-ն, ոչ էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ընկերությունը ամբողջությամբ չեն կատարել իրենց պարտավորությունները, ինչի հետևանքով գործարանի աշխատակիցները չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը:
Գործարանի աշխատողները դիմել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնուհետև նոր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զինդատախազ Գևորգ Կոստանյանին: Աշխատակիցները խնդրել են, որպես գործարքի պատշաճ կողմ, կատարել իրենց պարտավորությունը 345 մլն դրամի չափով:
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պ.Շադյանը այս տարվա մայիսին պատասխանել է, որ ՊՆ-ն գույքը ձեռք է բերել «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քոմփնի» ընկերությունից, որի համար ՊՆ կողմից չվճարված մասը պետք է վճարի «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲԸ-ի փոխանցած գումարով: Ըստ գնորդի գրության` վճարումը պետք է կատարվի մինչև 2013-ի հունիսի 20-ը: ՊՆ-ն նշել է, որ գործարանի աշխատակիցները չվճարված աշխատավարձի հարցով պետք է դիմեն «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քոմփնի»-ին:
Առ այսօր իրավիճակը չի փոխվել. աշխատակիցները չգիտեն` ումից պահանջեն իրենց աշխատավարձը, նրանք որոշել են կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել:
Մեկնաբանել