
Վրաստանի ԿԳՆ-ն կքննարկի Մետրոմշենի թաղամասի հայկական դպրոցի վերականգնման հարցը
«Կա լիակատար երաշխիք, որ ընթացիկ տարում պետության կողմից ոչ մի պարտավորություն չի մնա անկատար»
(Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլի, 2013թ. օգոստոսի 1)
Կես տարի է անցել այն պահից, ինչ «Վրաստանի հայ համայնք»-ը Մետրոմշենի թաղամասի հայկական դպրոցի վերականգնման պահանջով դիմել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը:
«2004-2012թթ. Թբիլիսիում հերթով փակվում էին հայկական դպրոցները, իսկ ամբողջ երկրի մասշտաբով հայկական դպրոցները բախվում էին բազմաթիվ խնդիրների հետ: Ստեղծված իրավիճակը առաջացնում է Վրաստանի հայ համայնքի վրդովմունքը և զայրույթը, քանզի հայկական դպրոցը մեր ազգային ինքնության պահպանման կարևոր երաշխիքներից մեկն է: Այս գործընթացը` հայկական դպրոցների փակումը, տեղի էր ունենում իշխանության նախաձեռնությամբ և իրականացվում էր տարբեր ճանապարհներով` վերակառուցման և ուսուցիչներին դպրոցից հեռացնելու կամ կրթական հաստատության փակման միջոցով:
Հուսով ենք, որ դուք` նոր իշխանությունդ, կհրաժարվեք նախորդ իշխանության խտրական գործողություններից և կքննարկեք ոչ վրացական դպրոցների փակման խնդիրը, ինչպես այս մասին նշված է «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում և համապատասխանում է քաղաքակիրթ իշխանությանը, որտեղ պաշտպանված են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները», - ասված է «Վրաստանի հայ համայնք»-ի դիմումում՝ ուղարկված Կրթության նախարար Գիորգի Մարգվելաշվիլուն, 2012թ. դեկտեմբերի 3-ի ամսաթվով:
Ուղարկված նամակին զուգահեռ (2012թ. դեկտեմբերի 5) նախարարությանն են դիմել նաև Մետրոմշենիի հայկական դպրոցից հեռացված ուսուցիչները (103-րդ հանրային դպրոցի հայկական բաժին). «Խնդրում ենք բավարարեք մեր պահանջը. քննարկեք մեզ դպրոցից հեռացնելու գործը: Չեղյալ համարեք հեռացման անօրինական հրամանները և վերականգնեք մեզ աշխատանքի: Հուսով ենք, որ նոր իշխանությունը անտարբեր չի մնա նախորդ իշխանության կողմից խտրականության զոհ դարձած մարդկանց նկատմամբ և կվերականգնի օրինականությունն ու արդարությունը: Դիմումը ստորագրել է հայկական դպրոցից հեռացված 5 ուսուցչուհի:
Վերոնշյալ դիմումից հետո Վրաստանի կրթության և գիտության նախարարի ու «Վրաստանի հայ համայնք»-ի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մի քանի հանդիպում: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչները «համոզում էին» նախարարությանը, որ Մետրոմշենի թաղամասի հայկական դպրոցի վերականգնումն ու դեօպտիմալացումը կարևոր է: Ջանքերը կարծես արդյունավետ եղան: Նախարարությունը համայնքին խոստացավ վերականգնել և դեօպտիմալացնել Մետրոմշենիի հայկական դպրոցը, նաև այս հարցը քննարկել համապատասխան հանձնաժողովում:
Այս խոստումից հետո անցել է մի քանի ամիս, սակայն դպրոցը դեռ չի վերականգնվել: Ավելին, շենքը, որտեղ նախկինում գործում էր 110-րդ հանրային դպրոցը, հանձնվել է փախստականներին և տեղահանման հարցերով նախարարության հաշվեկշռին: Հուլիսին դպրոցում սկսվեցին նորոգման աշխատանքներ, որը հավանաբար կավարտվի սեպտեմբերի վերջին: Նախկին հայկական դպրոցի շենքում ծրագրվում է բնակեցնել 60 ընտանիք:
«Նախարարությունում ստեղծվել է դեօպտիմալացման հանձնաժողով, որն ուսումնասիրում է օպտիմալացված դպրոցների դեօպտիմալացման նպատակահարմարությունը: Այս հանձնաժողովում հայտարարությունների թիվը 200-ից ավելի է: Նախարարությունը յուրաքանչյուր այսպիսի նամակ ուսումնասիրում է շատ զգուշորեն, որն, իհարկե, պահանջում է ժամանակ: Որքանով ես տեղեկացված եմ, այս դպրոցի հետ կապված առաջընթաց կա: Քննվել են մի շարք հարցեր, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանզի դեռ պետք է ճշտվեն որոշ մանրամասներ, որի հիման վրա հետագայում կընդունվի վերջնական որոշում. Վերականգնվելո՞ւ է, թե՞ ոչ դպրոցը: Ցանկացած պատասխանի դեպքում նախարարությունը փաստարկներով կհիմնավորի իր որոշումը»,- «Միություն»-ի հետ զրույցում օգոստոսի 2-ին հայտարարել է կրթության նախարարության վարչության ղեկավար Լևան Քեբուրիան:
«Հաջորդ շաբաթ նշանակված է հանձնաժողովի նիստ, որտեղ նախարարությունը կընդունի վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ»,- նախարարի նորանշանակ տեղակալ Լիա Գիգուրիի մեկնաբանությունը փոխանցում է նրա օգնականը:
Հերթական «հաջորդ շաբաթը» համընկնում է օգոստոսի 5-11 ժամանակաշրջանի հետ: Կարժանանա՞ն, թե՞ ոչ Մետրոմշենիում բնակվող հայերը դպրոցի վերականգնմանը:
Լուսանկարում` ԿԳ նախարար Թամար Սանիկիձեն, լուսանկարը` ՎՀ ԿԳՆ կայքից
Մեկնաբանել